«Սա ծաղր է Հայաստանի դատաիրավական համակարգի նկատմամբ, և ես չգիտեմ, թե սրա ճարտարապետն ու դիրիժորն ո՛վ է». Նորայր Նորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է փաստաբան Նորայր Նորիկյանը

– Պարզվում է՝ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը նույնպես արդեն արտերկրում է: Իհարկե, փաստաբանն ասում է, որ բուժման նպատակով է մեկնել, կվերադառնա, բայց սա արդեն որերորդ նման դեպքն է: Ձեր կարծիքով՝ ո՞ր օղակն է թերանում իր աշխատանքում կամ որ օղակն է համագործակցում նախկինների հետ, որ հնարավոր է լինում լքել Հայաստանը:

– Այստեղ խնդիրն արդեն դուրս է գալիս անձնային մակարդակում քննարկելու հարթությունից, որովհետև, եթե կհիշեք՝ Վահագն Հարությունյանն էր ասում, որ բուժման նպատակով է մեկնում, Գևորգ Կոստանյանը, Սամվել Մայրապետյանը, գեներալ Մանվել Գրիգորյանի մասին են ասում, որ թույլ չեն տալիս դուրս գալ Հայաստանից բուժման նպատակով: 

Ռոբերտ Քոչարյանի հանգամանքը, Գագիկ Խաչատրյանը: Այսինքն՝ հայտնի մեղադրյալները, որոնք ունեն դատավարական կարգավիճակ, որոնց մի մասը դրսում է, մի մասը՝ ներսում, ըստ էության, առողջական վիճակի բարդության կամ բուժման պատրվակով փորձ է արվում այսպիսի հանգրվանի հասցնել Հայաստանում իրականացվող օրինականության վերականգնման գործընթացը: 

Իսկապես, այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ: Կարծում եմ՝ արդեն ժամանակն է ոչ թե այդ մարդկանց բուժմամբ զբաղվել, այլ դատաիրավական համակարգը բուժել: 

Ինձ համար ակնհայտ է, որ սա ոչ թե բացառություն կամ օրինաչափություն է, սա կանխամտածված դավադրություն է Հայաստանի արժանապատվության, ինքնասիրության, պետականության դեմ: 

Ակնհայտ է, որ այսպիսի միջոցներով, այսպիսի բարձիթողի վիճակով հնարավորություն ստեղծել, որ հայտնի ու անհայտ բոլոր այն անձինք, որոնց նկատմամբ պետք է իրականացվեր օրինական, բազմակողմանի, օբյեկտիվ քննություն, և պարզվեր նրանց մեղավորության կամ անմեղության հարցը, այդ ամենը փաստորեն դառնում է գրոշի արժեք չունեցող մի գործընթաց, քանի որ այդ մարդիկ հեշտությամբ դուրս են գալիս ՀՀ տարածքից:

Ի դեպ, այդ մարդկանց թվին ավելացնեմ նաև հայտնի Լիսկային, որը նույնպես, ըստ մամուլի հրապարակումների՝ գտնվում է բուժման մեջ, ծայրահեղ ծանր վիճակում, լավանալուց հետո նա էլ է պատրաստվում վերադառնալ Հայաստան: 

Սա ծաղր է Հայաստանի դատաիրավական համակարգի նկատմամբ, և ես չգիտեմ, թե սրա ճարտարապետն ու դիրիժորն ո՛վ է: 

Ես կարծում եմ, որ պետք է գլուխներ թռնեն, անկեղծ եմ ասում, ժամանակն է, որ մարդիկ պատասխան տան այսպիսի փնթի ձեռագրի ու գործունեության համար: Կամ վերջացրե՛ք այս կրկեսը և ասեք՝ որևէ մեկին պատասխանատվության չենք ենթարկելու, հույսներդ կտրե՛ք, մենք պարզապես էդ մարդկանց ձեռքը կրակն ենք ընկել, ստեղծում ենք նպաստավոր պայմաններ, որ նրանք երկրից գնան, իրենք էլ պրծնեն, մենք էլ պրծնենք այս գլխացավանքից: 

Կամ եթե իսկապես խնդիր եք դրել Հայաստանում օրինականությունը վերականգնել, որի խոստումը տվել եք ժողովրդին, բարի եղեք կատարել այդ խոստումը, որովհետև, գոնե իմ պատկերացմամբ՝ սա Հայաստանի արժանապատվության խնդիր է: 

Երբ մեղադրյալը, դատավարական կարգավիճակ ունեցող անձը, քրեական հետապնդման ենթարկվող սուբյեկտը ոչ միայն խուսափում է քննությունից, այլև հրապարակավ, տարբեր մեդիաներով մատ է թափ տալիս Հայաստանի Հանրապետության, դատաիրավական համակարգի ներկայացուցիչների վրա, եթե սա արժանապատվության խնդիր չէ, ապա ի՞նչ է: 

Ես ենթադրում եմ, որ, այնուամենայնիվ, ողջամտություն պետք է լինի, ողջամիտ պատասխաններ պետք է տրվեն այս ամենին: Կամ ասեք՝ որևէ նպատակ չկա որևէ մեկին պատասխանատվության ենթարկելու, ուղղակի պատուհաններ են ստեղծվում, որ այս մարդիկ հեռանան, կամ էլ բարի եղեք նորմալ գործընթաց իրականացնել:

– Իշխանությունները, ըստ էության, հրաժարվեցին համատարած վեթինգից՝ նշելով, որ դրա համար Սահմանադրությունը պետք է փոխվի, բայց դատաիրավական բարեփոխումների ճանապարհով են գնում: Այդ բարեփոխումների փաթեթը որքանո՞վ աղերս ունի իրական փոփոխությունների հետ, և դուք ինչպե՞ս եք գնահատում վեթինգի հետաձգումը կամ հրաժարումը:

– Եթե անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը՝ փոխե՛ք, ձեր ձեռքն ո՞վ է բռնել: Ինձ համար այդ պատճառաբանությունը հասկանալի չէ: ՀՀ Սահմանադրությունն ունի երեք հոդված, որոնք փոփոխման ենթակա չեն, մնացած բոլոր հոդվածները և գլուխները, այդ թվում՝ 7-րդ գլուխը, որով կարգավորվում են դատական իշխանության հետ կապված հարաբերությունները, ենթակա են փոփոխության: Մի մասը ենթակա է փոփոխության հանրաքվեի միջոցով: Բարի լինեիք ձեր առաջնահերթությունը համարել դատաիրավական բարեփոխումները և իրականացնեիք դրանք:

 Դուք եք հայտարարել, չէ՞, որ եկել է դատաիրավական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը: Տառացիորեն մեկ տարի առաջ այս օրը Կառավարության նիստում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը բառացիորեն հայտարարեց հետևյալը՝ եկել է դատաիրավական համակարգում վիրահատական միջամտության ժամանակը, և հրապարակեց 5 կետ, որոնք առաջնահերթ էին:

Այդ կետերից ես կհրապարակեմ երկուսը: Նախ՝ որ վեթինգի պետք է ենթարկվեն Հայաստանի բոլոր դատավորները, նկատի էր առնվում, որ պետք է պարզվեին նրանց կապերը քաղաքականության հետ, նրանց նյութական միջոցները, պատկերացումները արդարության գործընթացի վերաբերյալ:

Երկրորդ՝ պետք է պատասխանատվության ենթարկվեն այն բոլոր դատավորները, որոնք հրապարակել էին այնպիսի վճիռներ, որոնք Եվրոպական դատարանը ճանաչել էր մարդու իրավունքների խախտումներով: Այդ դատավորները պետք է հեռացվեին, հեռանային կամ հրաժարական ներկայացնեին: 

Հիմա, մեկ տարի ոչինչ չանելուց հետո կառավարությունը հրաժարվում է իր հռչակած սկզբունքներից և ասում՝ գիտեք ինչ, մենք չենք կարող իրականացնել այդ գործընթացները, քանի որ սահմանադրական արգելք կա: Եղբա՛յր, շատ լավ, բա փոխեիք, մինչև հիմա ի՞նչ էիք անում: Խոսքը դրա մասին է:

Սա ինձ բերեց մի համոզման, որ չկա հայեցակարգային պատկերացում, ռազմավարական մտածողություն դատաիրավական համակարգի բարեփոխումների վերաբերյալ: Այն ռեսուրսը, որ այսօր առկա է, և նաև կյանքը ապացուցեց, որ այսօրվա գործող դատաիրավական համակարգը ուղղակի պատրաստ չէ արդյունավետորեն պայքարել և իրականացնել կոռուպցիայի դեմ պայքար արդարադատության իրականացման ոլորտում: Հետևաբար այս քաղաքական ուղուց շեղվելը առավել ևս ճգնաժամ է ստեղծելու դատաիրավական համակարգում:

– Գուցե բավարար չափով նոր կադրեր չկան գործող դատավորներին փոխարինելու համար:

– Ամենավիրավորականը դա է, և ես ուղղակի հորդորում եմ, որ հանկարծ այդպիսի անպատասխանատու հայտարարություններ չարվեն, թե մենք չունենք կադրային բանկ, թե մենք չունենք համապատասխան որակավորում ունեցող պրոֆեսիոնալ մասնագետներ, որոնք կարող են համալրել համապատասխան պաշտոնները: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ մեր երկրում կան բազմաթիվ չգնահատված, չնկատված, ուշադրությունից դուրս թողնված, խնամի-ծանոթ-բարեկամ չունեցող, հովանավոր չունեցող մարդիկ, որոնց ուղղակի պետք է գտնել, ֆիլտրել և բերել ու նշանակել պատասխանատու աշխատանքի: Ես կարծում եմ՝ ընդհանրապես վիրավորական է, որ մեր երկրի հանրային կյանքում քննարկվի, որ Հայաստանը կադրային ռեսուրս չունի որևէ ոլորտում որևէ փոփոխություն իրականացնելու համար: Այսինքն՝ դուք ուզում եք ասել, որ դատական համակարգի այս խոշոր շնաձկներին այլընտրանք չկա, հա՞: Չի կարելի վիրավորել, ի սեր Աստծո: 

– Այսինքն իշխանություններն այդ փոփոխություններն անելու ցանկություն ու կամք չունե՞ն: Ի՞նչն է պատճառը, որ այդ գործընթացը ձգձգվում է:

– Ես չեմ կարող ասել, թե ինչ չկա, ես փաստն եմ արձանագրում, որ ունենք այն, ինչ ունենք: Գուցե պատկերացումների, գուցե իրողությունների մեջ են փոփոխություններ կատարվել: Բայց ինձ համար մի բան ակնհայտ է, որ եղած ռեսուրսը բավարար չի լինելու արդար դատական համակարգ կայացնելու համար: Կապրենք՝ կտեսնենք, թե ինչ գործընթացներ տեղի կունենան: 

Մանե Հարությունյան

MediaLab.am