Եվրամիությունը ցուցաբերեց Հայաստանի հետ համագործակցության բարձրագույն պատրաստակամության աստիճան. Անդրիաս Ղուկասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը 

– Պարո՛ն Ղուկասյան, Եվրախորհրդարանի լիագումար նիստին ներկայացված ԵՄ-ի և Հայաստանի միջև կապերի սերտեցման, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության վերաբերյալ բանաձևն ընդունվեց 504 կողմ, 4 դեմ, 32 ձեռնպահ քվեով։ Ինչպե՞ս եք գնահատում այս իրադարձությունը, արդարացվա՞ծ է հանրության ոգևորությունը այս բանաձևի ընդունման վերաբերյալ։

– Այո՛, այդ ոգևորությունն արդարացված եմ համարում, որովհետև Եվրամիությունը 27 պետությունների միություն է, ու այդ բանաձևում արտահայտված է այդ պետությունների իշխող ուժերի ու ընդդիմության կոնսենսուսով կարծիքը Հայաստանի, հայ-ադրբեջանական հակամարտության, Արցախի հարցի վերաբերյալ։ 

Այն ամենը, ինչ այնտեղ շարադրված է, համընկնում է հայ ժողովրդի շահերին, ու մեր ժողովրդի համար կարևոր է այն, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցելու Հայաստանի անդամակցությանը Եվրամիությանը։ Սա վերջին 30 տարիներին Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ հիմնարար փոփոխություն է։ 

– Հաշվի առնելով այն, որ բազմաթիվ բանաձևեր, որոնք ընդունվել են այս կառույցի կողմից, սակայն շոշափելի արդյունքը մենք չենք տեսել, որքանո՞վ եք հավանական համարում, որ տեսնելու ենք կոնկրետ բանաձևի արդյունքը։

– Գնդակը գտնվում է Հայաստանի դաշտում, Հայաստանը պետք է արձագանքի կոնկրետ հնարավորությանը ու պատասխանի՝ մտադի՞ր է դիմել Եվրամիության անդամակցության համար, թե՞ ոչ։ Սրանից են կախված լինելու հետագա քաղաքական զարգացումները։ Դա շատ կոնկրետ իրադրություն է, մեր ժողովրդի համար կոնկրետ նշանակություն ունի, որովհետև մի շարք բարդ հարցեր, որոնք Հայաստանը տարիներ շարունակ ի վիճակի չի եղել լուծել, ստանալու են իրենց լուծումները: 

Օրինակ՝ հայ-թուրքական սահմանի բացումը Թուրքիայի համար դառնալու է պարտադրանք, եթե Հայաստանը դառնա Եվրամիության անդամ, առանց Հայաստանի կողմից որևէ զիջման, որովհետև Թուրքիան իրավունք չունի փակ պահել Եվրամիության հետ իր սահմանը։ Այսինքն՝ Թուրքիան կանգնելու է ընտրության առջև, հասկանալի է, որ դա լուրջ մարտահրավեր է լինելու Էրդողանի ու Թուրքիայի նացիոնալիստական ուժերի համար, իսկ մեզ համար դա 30 տարվա չլուծվող հարցի շատ բարենպաստ լուծում կարող է դառնալ։ 

Ես ընդամենը մեկ օրինակ բերեցի, հայ-ադրբեջանական հարաբերություններում ևս էական փոփոխություն է։ Արդեն իսկ այս բանաձևը վկայում է, որ հայերի վերադարձն Արցախ Եվրամիության տեսանկյունից ռազմավարական նշանակության հարց է, նա պատրաստ է իր ամբողջ ուժով աջակցել ու ապահովել Ղարաբաղի հայերի արժանապատիվ վերադառնալու ու բոլոր իրավունքներից օգտվելու հնարավորություն՝ միջազգային ներկայության պայմաններում։ Կարևոր է, որ Արցախն ու Հայաստանն այդ հարցում ունեն 27 պետությունների աջակցություն։ 

Նաև կարևոր է, որ Եվրամիությունը հասկանում է, որ Հայաստանը պետք է ընդունի հիմնարար որոշումներ, ինչպիսին են անվտանգության համակարգի փոփոխություն, այսինքն՝ Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական հարաբերությունների ավարտ: 

Իհարկե շատ մեծ նշանակություն ունեն նաև տնտեսական մարտահրավերները, որովհետև տնտեսական մոդելի փոփոխությունը ևս շատ խնդիրներ է առաջացնելու, իսկ Եվրամիությունը այդ հարցում ևս պատրաստ է լիովին աջակցելու Հայաստանին։ 

– Իսկ անդամ դառնալու գործընթացը երկա՞ր ժամանակ է պահանջելու, եթե, իհարկե, Հայաստանը տա իր համաձայնությունը, պարո՛ն Ղուկասյան։

– Դա առաջին հերթին կախված է Հայաստանում իշխող ուժից ու առհասարակ, քաղաքական համակարգից, թե որքանո՛վ ենք մենք պատրաստ ջանասիրաբար բարեփոխումներ իրականացնել մեր երկրում, որպեսզի հասնենք այն անհրաժեշտ չափանիշներին, որոնք պետք են Եվրամիության անդամ դառնալու համար։ 

Եվրամիության թեկնածուի կարգավիճակը նշանակում է այդ բոլոր բարեփոխումների իրականացման ճանապարհային քարտեզի բանակցությունների սկիզբ, այսինքն՝ որքա՛ն ժամանակում ի՛նչ օրենսդրական փոփոխություններ պետք է արվեն, ու դա շատ կոնկրետ գործընթաց է, որն էապես կախված է երկրի քաղաքական համակարգից։

Իմ գնահատմամբ՝ այսօրվա իշխանությունը, խորհրդարանական ուժերը այս առաքելությունն իրականացնելու բավարար ներուժ չունեն։ Խորհրդարանական ընդդիմություն ընդհանրապես մեր պետության համար այդ տեսլականը չունի, իսկ իշխող ուժը փորձում է Ռուսաստանի ու Եվրամիության հետ հավասարաչափ խաղալ երկու ուղղությունների վրա: 

Այստեղ բազմաթիվ հարցեր կան անձամբ Նիկոլ Փաշինյանին, որքանո՞վ է ինքն անկեղծ եղել, երբ է Եվրամիության խորհրդարանում հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է այնքան համագործակցել Եվրամիության հետ, ինչքան Եվրամիությունն է պատրաստ։ 

Եվրամիությունը ցուցաբերեց Հայաստանի հետ համագործակցության բարձրագույն պատրաստակամության աստիճան, հիմա գնդակը, ինչպես ասացի, գտնվում է անձամբ Նիկոլ Փաշինյանի տիրույթում, ու նա շուտափույթ պետք է արձագանքի այդ ուղերձին և շատ հստակ ձևակերպի Հայաստանի տեսլականն այս հարցի շուրջ։

– Իսկ ի՞նչ պատասխան կտա Փաշինյանը՝ ըստ ձեզ։

– Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը մերժելու է այդ առաջարկը, որովհետև կաշկանդված է Ռուսաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարության հետ որոշակի պայմանավորվածություններով, որոնց նպատակն է հենց Եվրամիության քաղաքականությանը հակառակ քաղաքականություն վարել ու թույլ չտալ, որ Եվրամիությունը տարածաշրջան մտնի: Թեև Նիկոլ Փաշինյանը ամեն կերպ քողարկում է իր քաղաքականության այդ մասը, բայց իր կատարած քայլերը մատնում են նրա իրական մտադրությունները։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am