Րաֆֆի Հովհաննիսյանի բաց թողած շանսի, Արևմուտքի և Ռուսաստանի նախընտրության և այլնի մասին. վերլուծաբաններ

Րաֆֆի Հովհաննիսյանի բաց թողած շանսի, Արևմուտքի և  Ռուսաստանի նախընտրության և  այլնի մասին. վերլուծաբաններ
Րաֆֆի Հովհաննիսյանի բաց թողած շանսի, Արևմուտքի և Ռուսաստանի նախընտրության և այլնի մասին. վերլուծաբաններ

«Օբաման շնորհավորեց Սերժ Սարգսյանին, որովհետև մեծ հաշվով, Արևմուտքը ճանաչեց Հայաստանի նախագահական ընտրությունների լեգիտիմությունը: Ընդդիմությունը չկարողացավ կոնսոլիդացված հանդես գալ և չկարողացավ փաստարկված իրավական բազա ունենալ Սահմանադրական դատարան ներկայացնելու համար, որը կվիճարկեր ընտրությունների արդյունքները»,- այս համոզմանն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
Վերլուծաբանը «Մեդիալաբին» ասում է, որ ՍԴ դիմելու Րաֆֆի Հովհաննիսյանի քայլը ուշացած է:

«Հիշենք, որ 2008 թվականին ԱՄՆ-ի նախագահը չշնորհավորեց Սերժ Սարգսյանին, որովհետև այն ժամանակ ընդդիմությունը կարողացավ շուտ փաստարկված դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան: Հիշում ենք, թե ինչ կատարվեց: Այս անգամ Րաֆֆի Հովհաննիսյանը, կարծում եմ, պետք է շտապեր և մինչև փետրվարի 25-ը դիմեր, բայց նրա թիմը չէր կարողացել ապահովել այնպիսի իրավական բազա, որը հիմք կհանդիսանար Սահմանադրական դատարանում հաղթելու համար»,-կարծում է Երվանդ Բոզոյանը և ավելացնում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը բաց թողեց այդ շանսը:

Ուշագրավ է, որ ինչպես իր նախորդ, այնպես էլ այսօրվա հանրահավաքում Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ Արևմուտքի գնահատականներին: Այսօր Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ չի ընդունում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործառույթները, որ «համանախագահները, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, ՌԴ-ն իրենց աշխարհաքաղաքական նեղ շահերից ելնելով` կատարեցին հակաժողովրդավարական, ապօրինի ճանաչումներ ոչ լեգիտիմ և ոչ իրավական նախագահության, սրանով այս մայրաքաղաքները դարձան հանցակից»:

Րաֆֆի Հովհաննիսյանն անգամ պատրաստակամություն հայտնեց անձամբ հանդիպել գերտերությունների ղեկավարների հետ` Օբամայից մինչև Օլանդ, և նրանց հնարավորություն տալ «ուղղել սխալը»:

Մյուս կողմից ուշագրավ է, որ իրենց ուղերձներում գերտերությունների ղեկավարներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին և հայ-թուրքական հարաբերություններին` իրենց աջակցությունը հայտնելով Հայաստանի իշխանություններին:

Հիշենք, որ այս հարցերում Րաֆֆի Հովհաննիսյանի մոտեցումը տարբերվում է գործող նախագահ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունից: Այս դեպքում հնարավո՞ր է արդյոք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն Արևմուտքի համար պակաս ցանկալի թեկնածու է:

Երվանդ Բոզոյանը չի կարծում, թե Արևմուտքն առանձնահատուկ վերաբերմունք ունի այս գործիչների նկատմամբ: Ըստ նրա` միջազգային հանրությունը, որպես կանոն, արձանագրում է իրականությունը, իսկ իրականությունը, քաղաքագետի խոսքով, այն է, որ փաստացի կարելի է ասել` ընդդիմության իրավական բազան աղքատիկ է, ուստի Արևմուտքն արձանագրում է այն, ինչ կա:

«Հայ հանրության մեջ տարածված տեսակետ է, թե Արևմուտքի համար այս կամ այն թեկնածուն է ցանկալի: Ես կարծում եմ, որ Արևմուտքը Հայաստանում ինչ-որ լուրջ շահեր չունի, ինչպես, օրինակ, Ուկրաինայում էր, ուստի նրանց համար շահեկան է այն թեկնածուն, որը հեղինակություն է վայելում: Արևմուտքը հարգում է և´ Րաֆֆի Հովհաննիսյանին, և´ Սերժ Սարգսյանին, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը կարողանար իր շուրջը կոնսոլիդացնել մեծ զանգված և քաղաքական ուժեր, Արևմուտքն ավելի շատ կհարգեր Րաֆֆի Հովհաննիսյանին, եթե չկարողացավ, ուրեմն` Սերժ Սարգսյանին»,- «Մեդիալաբին» ասում է քաղաքագետը:

Նրա խոսքով` այլ է Մոսկվայի պարագան, որ հաշվի առնելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ԱՄՆ-ում է ծնվել և մեծացել, նրան ընկալում է որպես Արևմուտքի մարդ, ուստի հակված է դեպի Սերժ Սարգսյանը:

Ինչ վերաբերում է ուղերձներում Ղարաբաղի հիմնախնդրին և հայ-թուրքական հարաբերություններին անդրադաձին, Բոզոյանը կարծում է, որ այս հարցերը Հայաստանում շատ են ուռճացվում:

«Սովորաբար, երբ Օբաման հիշում է Հայաստանին, ապա հիշում է երեք կետերով` ժողովրդավարություն, ղարաբաղյան հակամարտություն և հայ-թուրքական խնդիր: Այսինքն` նրանց համար Հայաստանն առաջնային խնդիր չէ, նրանց համար Հայաստանը երրորդական, չորրորդական տարածաշրջան է: Բնականաբար, նա շնորհավորելով Սերժ Սարգսյանին` հիշել է հայ-ամերիկյան հարաբերություններում այն տրադիցիոն կետերը, որտեղ ԱՄՆ-ն աշխատում է, այնպես որ այստեղ որևէ հիմք չկա մտածելու, որ ԱՄՆ-ը ինչ-որ ակնկալիքներ ունի: Սա սովորական տրադիցիոն ուղերձ է» :

Ի տարբերություն Երվանդ Բոզոյանի, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը կարծում է, որ Արևմուտքն արտաքին քաղաքականության առումով նախընտրում է Սերժ Սարգսյանին:

«Աշխարհաքաղաքական հարցերում Արևմուտքը, ընդհանուր առմամբ, ավելի մոտ է ներկայիս իշխանություններին ու ներկայիս նախագահին և արտաքին քաղաքականության առումով նախընտրում է նախագահ Սարգսյանին»,-«Մեդիալաբին» ասում է Ռիչարդ Կիրակոսյանը:

Միևնույն ժամանակ հավելում է, որ «նախագահ Օբաման տեղյակ էլ չէր, որ նման նամակ է ուղակվել, այլ կերպ ասած` Մոզամբիկի նախագահն էլ է նման նամակ ստանում»:

Այդուհանդերձ, քաղաքագետը չի կարծում, որ ԱՄՆ-ը, Ֆրանսիան կամ Արևմուտքը, ընդհանրապես, Հայաստանի ներքին քաղաքականության մեջ որևէ դերակատարություն ունեն:

«Հավանեն նրանք դա, թե ոչ, նախաձեռնությունն այսօր գտնվում է ընդդիմության ձեռքում»,- նշում է Ռիչարդ Կիրակոսյանը և հավելում, որ ընդդիմությունն այսօր հանրությանը հստակ ռազմավարություն ներկայացնելու խնդիր ունի:

© Medialab.am