Լսողության խանգարումներ ունեցող երեխաները բեմադրել են «Սասնա ծռեր» մնջախաղային ներկայացումը. ԿԳՄՍՆ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոցի սաները բեմադրել են «Սասնա ծռեր» մնջախաղային ներկայացումը (ղեկավար՝ Գևորգ Պողոսյան). տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Այն կրել է «Երեխաները երեխաների համար» խորագիրը և տեղի է ունեցել «Առնո Բաբաջանյան» համերգասրահում: Միջոցառումը բարեգործական էր, և ստացված հասույթն ուղղվելու է կրթահամալիրում ինտերակտիվ սենյակի տեխնիկական հագեցմանը:

Լսողության խանգարում ունեցող երեխաները հանդիսատեսին են փոխանցել հայկական էպոսի խորհուրդը` խոսուն լռությամբ: Ներկայացումը ներառում էր կրթության, մշակույթի, որոշակիորեն նաև սպորտային տարրեր: Էպոսի ուսումնասիրությունից մինչև բեմադրություն ընթացքի նպատակն էր դրա բովանդակությունը երեխաներին ներկայացնելը: «Մեր սաները մասնագետների և սուրդո թարգմանիչների օգնությամբ ուսումնասիրել են էպոսը, ծանոթացել հերոսներին, բացահայտել էպոսի բովանդակության խորքերը:

Յուրաքանչյուր աշակերտ ընտրել է իրեն հոգեհարազատ դերը, և Գևորգ Պողոսյանի, Նելլի Միքայելյանի ջանքերով բեմականացվել է ներկայացումը»,- ասել է Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի տնօրեն Լուսինե Բաբայանը: Նշենք, որ կրթահամալիրի սաների մասնակցությամբ պայմանականորեն ձևավորված մնջախաղի թատրոնն անվանվել է «Ժեստ»: