«Պայմանագրի կնքումը հնարավոր է, սակայն դա ինքնին տարածաշրջանային խաղաղության երաշխիք չի դառնա». Արման Մելիքյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը

 – Պարո՛ն Մելիքյան, Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրի հնարավորությունը կարծեք թե գնալով նվազում է, չնայած ՀՀ իշխանության պատրաստակամությանը՝ մինչև տարեվերջ կնքել այդ փաստաթուղթը։ Ընդհանուր հայտարարի չգալը միայն կողմերի անհամաձայնությունների՞, թե՞ նաև միջնորդ երկրների շահերի չհամընկնման հետևանք կամ արդյունք է։

– Իրատես լինելու դեպքում, հավանաբար, կտեսնենք, որ տարածաշրջանում առանցքային խնդիրը ոչ թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրն է, այլ Արցախում ռուս խաղաղապահների մնալ-չմալու հարցը: Ընդ որում՝ կարևոր է նաև հասկանալ, որ ռուս խաղաղապահների ներկայությունը կոչված է ապահովելու ոչ միայն Արցախի հայ բնակչության անվտանգությունը, այլև երաշխավորելու անձամբ նախագահ Իլհամ Ալիևի իշխանության պահպանումն ու վերջինիս անձնական անվտանգությունը:

Առաջիկայում ես հավանական եմ համարում տեղային սրացումներ հայ-ադրբեջանական սահմանագոտում, որոնք կպատճառաբանվեն խաղաղ պայմանագրի բացակայությամբ կամ էլ դրա կնքվելու պարագայում այդ պայմանագրի դրույթների խախտումով: Այդ սրացումները, սակայն, կունենան նաև քողարկված խորքային պատճառներ, որոնք Հայաստան-Ադրբեջան հակասությունների շրջանակից դուրս են լինելու:

– Հայկական կողմը Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության պայմանագրի շրջանակային տարբերակի առաջարկություններ ու սպասում է վերջինիս պատասխանին։ Ձեր դիտարկմամբ՝ Ադրբեջանը դրական կարձագանքի՞ այս տարբերակին, և ի՞նչ է տալու հայկական կողմին պայմանագրի այսպես կոչված շրջանակային տարբերակը։

– Դժվարանում եմ ասել, թե պաշտոնական Երևանը կոնկրետ ինչ ակնկալիքներ ունի այդ պայմանագրի հետ կապված: Որքան հասկանում եմ, նախագահ Ալիևը մեկ-երկու օր առաջ անդրադարձել է պայմանագրի խնդրին ու ասել, որ չի պատրաստվում պայմանագրում ներառել արցախահայության ճակատագրին վերաբերող կետեր ու, առհասարակ, Հայաստանի հետ Արցախի հարցը չի քննարկվելու:

Տեսնում եմ, որ ՀՀ պաշտոնատարները ևս նախընտրում են Արցախի հարցը թողնել Բաքու-Ստեփանակերտ երկխոսության շրջանակներում: Այսինքն՝ ամեն ինչ խոսում է այն մասին, որ ՀՀ քաղաքական ղեկավարության համար առաջնահերթություն է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչումը խորհրդային սահմաններով: Այդ ճանաչումը, հավանաբար, դիտարկվում է նաև որպես Թուրքիայի հետ սահմանը բացելու բանալի ու Անկարայի հետ հարաբերությունները կարգավորելու նախապայման:

– «Կարծում եմ, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ «Վալդայ» քննարկումների ակումբում արած հայտարարությունը շատ կարևոր էր և էական, որպեսզի մենք մի շարք հարցեր պարզաբանենք և արձանագրենք, որ առնվազն Հայաստանի քաղաքական դաշտում այդ մոտեցումների առումով համարյա կոնսենսուսային վիճակ է»։ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարության մասին ի՞նչ կասեք։

– Գոնե ՀՀ ԱԺ-ում տեղեր ունեցող քաղաքական ուժերի պաշտոնական վերաբերմունքը ՌԴ նախագահ Պուտինի տեսակետների վերաբերյալ գործնականում նույնական է, կոնսենսուսային: Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանը նկատի ուներ հատկապես այն ընդհանուր համաձայնությունը, որն այդ ուժերի մոտ առկա է կարգավորման ռուսական ծրագիրն ընդունելու համատեքստում:

Երևի թե նաև այդ կոնսենսուսով էր պայմանավորված փողոց ելած խորհրդարանական ընդդիմության՝ ԱԺ նիստերի դահլիճ վերադառնալու որոշումը:

– Պարո՛ն Մելիքյան, իրատեսակա՞ն եք համարում, որ ինչպես ասում է Նիկոլ Փաշինյանը, «միջազգայնորեն տեսանելի խոսակցություն պիտի տեղի ունենա Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև, որը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության մասին»։ Ի դեպ, Ադրբեջանի նախագահն ասել է, որ պատրաստ է խոսելու ցանկացածի հետ, բացի նորանշանակ պետնախարար Ռուբեն Վարդանյանից, որը «Ռուսաստանի կողմից նշանակված անձ է, հստակ նպատակներով»։

– Չէի բացառի նման երկխոսության ծավալման հավանականությունը, թեև դրա հետ կապված բազմաթիվ բարդ խնդիրներ պետք է նախապես լուծվեն: Կասկածում եմ, որ ստեղծված իրավիճակում պաշտոնական Բաքուն կհամաձայնի ուղղակիորեն խոսել Արցախի նախագահի կամ պետնախարարի հետ: Գուցե ավելի հարմար կդիտվի խորհրդարանական հարթակը:

Ամեն դեպքում, նախագահ Ալիևի համար կարևոր է լինելու նման երկխոսության ծավալում առանց Երևանի մասնակցության և հենց Բաքվի առաջարկած ձևաչափով ու օրակարգով:

– «Մենք առաջարկում ենք վերցնել ուղղակի 1990 թվականի փաստացի գոյություն ունեցած գիծը, զորքերի հայելային հետքաշում իրականացնել, մոնիթորինգի մեխանիզմ ստեղծել, զորքերն ընդհանրապես սահմանային հատվածում չունենալ, այդ ամբողջ հատվածը հանձնել սահմանապահ ծառայությանը, այս թեման առնվազն սահմանի գծի մասին պատկերացումը ֆիքսել, նոր հանգիստ պայմաններում գնալ դելիմիտացիայի գործընթացի, որն իսկապես կարող է շատ երկար տարիներ տևել»։ Եթե Ադրբեջանը համաձայնի Փաշինյանի այս առաջարկին, ի՞նչ հետևանքներ, վտանգներ կարող է ունենալ դա հայկական կողմի համար, թե՞ սա ստեղծված իրավիճակում լավագույն ելքն է։

– Կասկածում եմ, որ ադրբեջանական կողմը դուրս կգա ՀՀ տարածքից նախքան երկկողմ պայմանագրի կնքումը: Նախագահ Ալիևը ՀՀ տարածքի մի մասի բռնազավթումը և հայ ռազմագերիների ազատ արձակման հարցը որպես ազդեցիկ լծակ է օգտագործելու պաշտոնական Երևանից տարատեսակ զիջումներ կորզելու և դրանք պայմանագրով ամրագրելու համար:

– Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ նոյեմբերի 23-ին Երևանում տեղի ունենալիք ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում կառույցը կպաշտպանի Հայաստանի Հանրապետության հստակ դիրքորոշումը, որ Ադրբեջանի զորքերը պետք է դուրս գան Հայաստանի օկուպացված տարածքներից 2021 թվականի մայիսի 11-ից առաջ գոյություն ունեցած դիրքեր: Կախված այս ամենից էլ, Փաշինյանի խոսքով, կձևավորվի ՀՀ քաղաքացիների վերաբերմունքը ՀԱՊԿ-ի նկատմամբ, ու «մեր հարաբերությունների ապագայի նկատմամբ ձևավորվելու է հենց այս հարցի հետ կապված»։ ՀԱՊԿ-ից հստակ դիրքորոշում ակնկալել կարելի՞ է, այս մասով Նիկոլ Փաշինյանի հույսերը կարդարացվե՞ն։

– Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանն ինքն էլ է լավ հասկանում, որ ՀԱՊԿ-ի կողմից ի պաշտպանություն Հայաստանի կտրուկ գործողություններ ակնկալել չարժի: Բայց այս հարցը դաշնակիցների առջև պետք է դրվի: Ամեն դեպքում իրադարձություններից առաջ չընկնենք, քանի որ հարցի քննարկումը կարող է մեզ համար կարևոր նրբերանգներ ի հայտ բերել:

– Պարո՛ն Մելիքյան, ի վերջո, մինչև տարեվերջ կամ, առհասարակ, հնարավոր կլինի՞ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքել խաղաղության պայմանագիր, որն իսկապես կերաշխավորի տարածաշրջանում կայուն խաղաղություն։

– Պայմանագրի կնքումը հնարավոր է, սակայն դա ինքնին տարածաշրջանային խաղաղության երաշխիք չի դառնա, քանի որ մեր հարևանությամբ կան նաև այլ անվտանգային ռիսկեր, որոնց գործարկումը կարող է կտրուկ ապակայունացնել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանագոտում կամ էլ առանձին վերցրած Ադրբեջանում:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am