«Իրենց ծրագրերը պարզ են՝ դատարկել Հայաստանը». Վարդան Հակոբյանը կոչ է անում մինչեւ վերջին պահը հրաժարվել կոմունալ վարձերը վճարելուց

«Իրենց ծրագրերը պարզ են՝ դատարկել Հայաստանը». Վարդան Հակոբյանը կոչ է անում մինչեւ վերջին պահը հրաժարվել կոմունալ վարձերը վճարելուց
«Իրենց ծրագրերը պարզ են՝ դատարկել Հայաստանը». Վարդան Հակոբյանը կոչ է անում մինչեւ վերջին պահը հրաժարվել կոմունալ վարձերը վճարելուց

Նախախորհրդարան ազգային-քաղաքական նախաձեռնության անդամ, դիրիժոր Վարդան Հակոբյանն այս օրերին ՀՀ քաղաքացիներին խորհուրդ է տալիս չվճարել դեկտեմբեր ամսվա կոմունալ վճարները՝ այդպիսով ֆինանսական խնդիրներով առաջացնելով էնեկտրաէներգիա և գազ մատակարարող ընկերությունների համար: 

Հիշեցնենք, որ գազի ու էլեկտրաէներգիայի թանկացման հետևանքով ՀՀ քաղաքացիները ստիպված են անհամեմատ մեծ կոմունալ վարձերր վճարել, քան նախորդ տարվա նույն  ամիսներին:

«Մեդիալաբը» մի քանի հարց ուղղեց Վարդան Հակոբյանին:

Ի՞նչ խնդիր կարող է լուծել կոմունալ վարձերը չվճարելու ձեր այդ կոչը, ինչպե՞ս պետք է վարվեն մարդիկ:

-Կոչ եմ անում մինչև վերջին պահը չվճարել կոմունալ վճարները: Չգիտեմ, դա օգուտ կտա, թե չի տա, բայց ամեն դեպքում դա վերաբերմունք է, և վատ չի լինի, որ այդ վերաբերմունքը մարդիկ ունենան: Ես ենթադրում եմ, որ դա խնդիրներ պետք է ստեղծի և գազ մատակարարող, և էլեկտրաէներգիա մատակարորղ ընկերությունների համար: Ամեն դեպքում պետք չի աջակցել նրանց հաշիվների համալրմանը: Այլ խնդիր է, որ մարդիկ առանց ընդվզելու վճարում են, մեկ այլ խնդիր է, երբ այդ ընկերությունները չվճարելու համար աշխատողներ ուղարկեն, այդքան մարդկանց հոսանքազրկեն կամ գազամատակարարումը դադարեցնեն:

Արդեն կա՞ն արձագանքներ ձեր կոչին, օրինակ, ձեր շրջապատում կա՞ն չվճարողներ:

-Ես գիտեմ մարդկանց, ովքեր ստիպված չեն վճարելու, որովհետև վճարունակ չեն: Բազմաթիվ մարդիկ գիտեմ, որ սպասելու են մինչև վերջին վայրկյանը, հետո վճարեն: Ես նույնպես չեմ վճարելու այնքան ժամանակ, մինչև գան անջատեն: Չվճարելը դժվարություններ է ստեղծելու այդ ընկերությունների համար, խնդիրներ են ունենալու:

-Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը, երբ մի կողմից թանկացումներ են, իսկ մյուս կողմից աշխատավարձերի ու թոշակների էական բարձրացում տեղի չի ունենում:

-Միայն կոմունալ վճարները չէ, որ թանկացել են, թանկացումներն ամենուր են: Աշխատավարձ չբարձրացրեցին, բայց ներդրեցին կենսաթոշակային պարատադիր կուտակային համակարգը, որը հավասարազոր է աշխատավարձերի պակասեցմանը: Իշխանություններն ամեն ինչ անում են, որ մարդիկ հնարավորինս վատ վիճակում հայտնվեն:

Հունվարի 18-ին կենսաթոշակային պարտադիր կուտակային բաղադրիչի դեմ բողոքի ակցիա է անցկացվելու, ինչ՞ ակնկալիքներ ունեք այդ ակցիայից: Հասարակությունը այս պայմաններում ի վիճակի՞ է միասնական ոտքի կանգնել: Հնարավոր՞ է արդյոք այնպես անել, որ ի վերջո հասարակության ձայնը լսելի լինի:

Ամեն դեպքում հասարակության ձայնը էապես լսելի է, բայց հաշվի առնող չկա: Ինչ վերաբերում է նրան, թե ինչ ակնկալիքներ կան այս հանրահավաքից, այդ հանրահավաքն այնքանով է հետաքրքիր, որ վերջապես կարելի է հասկանալ, թե ինչ եզրակացության ենք գալիս մենք բոլորս: Իշխանություններն այսպես թե այնպես ոչ մի բանի հետ հաշվի չեն նստում: Մենք շարունակո՞ւմ ենք իրենց թելադրած խաղը խաղալ, շարունակո՞ւմ ենք ակնկալիքներ ունենալ իրենցից, որ իրենք մեր հարցերը լուծում են, թե՞ որոշել ենք վերցնել նախաձեռնությունը մեր վրա և ստեղծել մեր պետությունը:

Իմ ակնկալիքը այս հանրահավաքից հենց սա է՝ արդյո՞ք մենք շարունակելու ենք հուսալ, որ այդ «ձյաձյաները» մեր խնդիրները լուծելու են, թե՞ մենք որոշել ենք ստեղծել մեր կառույցները՝ խորհրդարան, կառավարություն:

Այսօրվա իշխանություները ոչ միայն ունակ չեն ժողովրդի խնդիրները լուծելու, այլև չկա պրոֆեսիոնալների թիմը: Ոչ թիմ կա, ոչ քաղաքական կամք ու ցանկություն: Իրենց ծրագրերի մեջ չի մտնում դա, իրենց ծրագրերը պարզ են՝ դատարկել Հայաստանը, գաղութացնել ինչքան հնարավոր է՝ այդպիսով ավելի կառավարելի դարձնել իրենց համար:

Հունվարի 18-ին գլխաքանակի հարց չեմ դնում ես, մարդը տանն էլ նստած ինտերնետով կարող է իր եզրակացությունն անել: Կարևորը հետագայի մասնակցության պրոցեսն է՝ ստեղծելու նոր խորհրդարան, կառավարություն:

Եթե մարդն արդեն եկել է այդ եզրակացության, դա արդեն հաղթանակ է, իսկ եթե ուղղակի գալիս է հանրահավաքի, բայց գնում է տուն ակնկալիքով, որ Սահմանադրական դատարանն իր հարցերը լուծելու է կամ կուսակցություններն իրենց հարցերը լուծելու են, նշանակում է՝ մենք ոչ մի տեղ չենք հասնելու: Այդ հարցերը ոչ ոք չի կարողանալու լուծել, լուծելու է միայն ժողովուրդը՝ ստեղծելով իր այլընտրանքային կառույցները և իր վստահությունը հանձնելով նրանց:

Մարի Ներսեսյան

© Medialab.am