ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի միջև ստորագրված համաձայնագիրը, որը նախատեսում է 60-օրյա հրադադար և վերջնական խաղաղության շուրջ բանակցությունների մեկնարկ, տարբեր արձագանքների է արժանացել միջազգային հանրության շրջանում։ Այս մասին գրում է The Guardian-ը։
Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը, որը միջնորդել է բանակցություններին, համաձայնագիրը բնութագրել է որպես խաղաղության կարևոր քայլ։ Եվրոպական մի շարք երկրներ նույնպես ողջունել են Հորմուզի նեղուցի վերաբացման հեռանկարը՝ այն կարևորելով համաշխարհային էներգետիկ շուկաների կայունության համար։
Միևնույն ժամանակ, Իսրայելում համաձայնագիրը խիստ քննադատության է արժանացել։ Իսրայելի պաշտոնյաները մտահոգություն են հայտնել, որ այն թուլացնում է ճնշումը Իրանի նկատմամբ՝ առանց բավարար երաշխիքների, որ Թեհրանը կկատարի իր պարտավորությունները։
Հակասական են նաև արձագանքները ԱՄՆ-ում։ Համաձայնագիրը քննադատել են ինչպես Հանրապետական, այնպես էլ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ՝ պնդելով, որ Վաշինգտոնը չափազանց մեծ զիջումների է գնացել Իրանի նկատմամբ։ Սակայն կան նաև քաղաքական գործիչներ և փորձագետներ, որոնք այն գնահատում են որպես պատերազմի դադարեցման և դիվանագիտական գործընթացի վերականգնման հնարավորություն։



















