«Փակուղային իրավիճակում ենք հայտնվել. ճանապարհը բացելու երկու եղանակ կա». Արամ Հարությունյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը

 – Պարո՛ն Հարությունյան, 55 օր շրջափակման մեջ գտնվող Արցախում ի՞նչ նոր խնդիրներ են առաջ եկել, արդեն եղած խնդիրների լուծման համար իշխանությունն ի՞նչ ջանքեր է գործադրում:

– Ինչպես նշեցիք, 55 օր է՝ տոտալ շրջափակման մեջ ենք արդեն, ու, միանշանակ, խնդիրներն օրեցօր ավելանում են, առաջ են գալիս նույնիսկ այնպիսի տեխնիկական խնդիրներ, որոնք հնարավոր էլ չէր կանխատեսել: Օրինակ՝ օրեր առաջ oպերատիվ շտաբից ներկայացրել են, որ դագաղների հետ կապված խնդիր կա, դագաղներ չկան, որպեսզի մարդիկ կարողանան հուղարկավորություն կազմակերպել: Դրա համար փայտամշակման գործարաններից մեկը վերաբացվեց, և սկսել են աշխատանքը:

Նմանօրինակ տեխնիկական խնդիրները չափազանց շատ են, ու նույնիսկ հնարավոր չէ կանխատեսել, թե էլ ինչ խնդիր կարող է առաջանալ: Բնականաբար բոլոր ուղղություններով քայլեր արվում են, որպեսզի վիճակը մի փոքր մեղմվի, այս կամ այն հիմնարկների բնականոն աշխատանքն ապահովվի:

Այս սկզբունքով ներդրվեց նաև տալոնային համակարգը, և, կարծես, հնարավոր դարձավ խուսափել հերթերից, բայց, միևնույն է, հերթերը շարունակում են մնալ այն ապրանքների սպառման դեպքում, որոնց պարագայում տալոնային համակարգ մտցնելն էլ է խնդրահարույց, օրինակ՝ ժամկետով ապրանքները կարող են փչանալ, բայց առանց տալոնային համակարգի էլ մեծ հերթեր են գոյանում, բայց փորձում ենք այստեղ էլ լուծում գտնել:

Եթե ռուսներիմիջոցով հնարավոր է լինում քիչ քանակությամբ բանջարեղեն ներմուծել, էլի բավական մեծ հերթերեն գոյանում, ու խնդիր է առաջանում, որ մեկին հասնում է, մյուսին՝ չէ: Հիմա մտածում ենք՝ ինչ տարբերակ կարելի է գտնել, որ և՛ այդ ապրանքը չփչանա, և՛ մյուս կողմից էլ բոլորին բաժին հասնի, երևի մոտ օրերս այս խնդրին էլ լուծում կտանք:

Շարունակում է սուր մնալ էլեկտրաէներգիայի խնդիրը, նույն հովհարային անջատումները օրական երեք անգամ՝ յուրաքանչյուրը երկու ժամով, բայց կանխատեսումներն այնպիսին են, որ եթե Հայաստանից եկող գիծը չվերականգնվի, ապա անջատումները կարող են առավել հաճախակիլինել:

– Գազամատակարարման անջատումը, որ ադրբեջանցիները պարբերաբար անում են, ի՞նչ խնդիրների է հանգեցնում:

– Կախված անջատումների պարբերականությունից՝ ստիպված ենք լինում դպրոցները վերաբացել կամ նորից ուսումը դադարեցնել, որովհետև առանց ջեռուցման այս եղանակին հնարավոր չէ դասապրոցես իրականացնել, իսկ գազով ջեռուցումը փոխարինել հոսանքով ջեռուցման ևս խնդրահարույց է, որովհետև ցանցն այդ ծանրաբեռնվածությանը չի դիմանում: Ճիշտ է, այս մի քանի օրը գազամատակարարման խնդիր չկա, բայց էլի շատ դժվար է, որովհետև ցանկացած պահի կարող են գազամատակարարումը դադարեցնել:

– Պարո՛ն Հարությունյան, կխնդրեմ այս մասով մի փոքր ավելի հստակեցնել ձեր խոսքը, որ ասում եք՝ «ռուսների միջոցով բանջարեղեն եթե ստանում ենք», ի՞նչ նկատի ունեք: Այսինքն՝ առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարում կա՞ Արցախ, որովհետև սա տարակարծության տեղիք է տալիս, նույն Ադրբեջանն էլ պնդում է, որ Արցախում հումանիտար որևէ խնդիր չկա, որովհետև ռուսները մատակարարում են անհրաժեշտ ապրանքները:

– Չէ՛, սա մշտական մատակարարում չէ, շատ քիչ քանակով է հնարավոր լինում ռուսների միջոցով ինչ-որ բան տեղափոխել: Նման տեղափոխումներով հնարավոր չէ բնակչության հիմնական պարենային զամբյուղն ապահովել, որովհետև եթե նախկինում մենք օրական 400 տոննա հումանիտար բեռ էինք տեղափոխում Արցախ, որ բնականոն կյանքն ապահովվի, հիմա շաբաթական 20-30 տոննա բեռ է լինում, որը համեմատելի չէ անհրաժեշտ քանակի հետ: Սա պարզապես սովամահ չլինելու ու ամենաառաջնային անհրաժեշտության ապրանքները չափազանց քիչ քանակությամբ ունենալու հնարավորություն է, որը բանակցությունների կամ համաձայնությունների արդյունք է:

– Ի՞նչ ակնկալիքներ, հույսեր կան միջանցքի բացման մասով: Իշխանությունն այդ ուղղությամբ ի՞նչ քայլեր է անում:

– Իրականում չափազանց բարդ իրավիճակ է, որովհետև, կարելի է ասել՝ փակուղային իրավիճակում ենք հայտնվել: Ադրբեջանն ի սկզբանե խախտել է նոյեմբերի 9-ի համաձայնագրում արձանագրված պայմանավորվածությունները ու այնպիսի պայմաններ է առաջ քաշել, որոնք մեզ համար չեն կարող որևէ կերպ ընդունելի լինել: Այդ պահանջները, ի դեպ, որևէ աղերս չունեն էկոլոգիական խնդիրների հետ, որոնք սկզբում առաջ էին քաշում:

Ադրբեջանի հիմնական նպատակն է Արցախի այս կամ այն հատվածներում քաղաքական ու տեխնիկական վերահսկողություն հաստատել: Մենք պատկերացնում ենք, որ ցանկացած զիջման գնալ կնշանակի Ադրբեջանի ախորժակն ավելի բացել, այսինքն՝ օրեցօր նոր պահանջներ կլսենք:

Եթե սկզբում կարելի էր քննարկել ու մտածել Կաշենի հանքի վերաբերյալ վերլուծություն անել, տրամադրել ադրբեջանական կողմին, ապա հիմա լրիվ այլ իրավիճակ է, որովհետև նրանք լրիվ այլ պահանջներ են առաջ քաշել, այսինքն՝ ճանապարհի վրա վերահսկողություն, անցակետի տեղադրում և այլն: Սա իհարկե անընդունելի է, ու փաստացի այս պահին որևէ բանակցություն չի ընթանում:

Միգուցե խաղաղապահների ու ադրբեջանական կողմի միջև ինչ-որ խոսակցություններ են ընթանում, բայց մեր իշխանություններն այս փուլում որևէ խոսակցության չեն մասնակցում, ու այն գործիքակազմը, որը մենք փաստացի ունենք, չափազանց սահմանափակ է, ու մնում է հույսը դնել միջազգային հանրության ճնշման ուժեղացման վրա:

Երբ ասում եմ մենք, նկատի ունեմ նաև Հայաստանին, որովհետև հասկանում ենք, որ Հայաստանում ևս չկա այդ գործիքակազմը, այսինքն՝ ուժային ճանապարհով այսօր ճանապարհ բացել, իսկ դիվանագիտականով, փաստացի Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման հետևանքով չկա նաև երկխոսություն մեր ու նրանց միջև, ու մնում է երրորդ կողմերի ակտիվ մասնակցությունը: Իհարկե, միջազգային արձագանքն այս շրջանում նկատելի ակտիվ է, բայց, ինչպես տեսնում ենք, Ադրբեջանին դա չի ստիպում բացել միջանցքը:

– Այնուամենայնիվ, միջանցքը բացելու համար ի՞նչ պետք է անել, միայն միջազգային հանրության ճնշումը որքանո՞վ է ստիպելու Ադրբեջանին բացել ճանապարհը:

– Իրականում կա երկու ճանապարհ՝ ռազմական ու դիվանագիտական: Ռազմական ճանապարհն այս փուլում չենք դիտարկում՝ հաշվի առնելով ուժային բալանսն ու հնարավոր բոլոր ռիսկերն ու հետևանքները: Մնում է դիվանագիտական ճանապարհը, որը, կարելի է ասել, բաղկացած է երկու մասից. մեկն այն է, որ պետք է փորձենք ստեղծել միջազգային այնպիսի ճնշում, որը կստիպի Ադրբեջանին բացել ճանապարհը, իսկ երկրորդը՝ գնալ երկխոսության ու ինչ-որ բան զիջել, այսինքն՝ փորձել Ադրբեջանին բավարարել, որ իրենք էլ այս քայլն անեն:

Բայց խնդիրն այն է, որ մենք նաև գիտակցում ենք, որ եթե այս փուլում ինչ-որ բան զիջենք, որպեսզի նա կատարի նոյեմբերի 9-ին իր իսկ ստանձնած պարտավորությունները, նշանակում է, որ Ադրբեջանն ապագայում էլ կարող է ճանապարհը փակել ու նոր զիջում կորզել:

Դրա համար էլ մենք ընտրել ենք այս պայքարի ճանապարհը, ինչը նշանակում է, որ մենք այսօր զրկանքներ ենք կրում ու պատրաստ ենք դիմանալ այնքան, մինչև միջազգային ճնշումն այնքան կմեծանա, որ Ադրբեջանին այլ ելք չի մնա, քան բացել ճանապարհը:

Մյուս կողմից էլ՝ մենք գիտակցում ենք, որ եթե այս վիճակը երկար շարունակվի ու համապատասխան արձագանք չլինի, կենցաղային հարցերն արդեն այնքան կսրվեն, ու վիճակն այնքան կծանրանա, որ Արցախում եղած հումանիտար աղետն արդեն գագաթնակետին կհասնի:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am