ՀՔԾ պատասխանը՝ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանին

ՀՔԾ պատասխանը՝ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանին
ՀՔԾ պատասխանը՝ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանին

ՀՔԾ հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ։

«Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանի կողմից լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հնչեցրած հայտարարություններին ի պատասխան անհրաժեշտ ենք համարում հայտնել հետևյալը.

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի կողմից երբևիցե արված յուրաքանչյուր հայտարարություն, այդ թվում` բանակը մարտի 1-ի դեպքերին ներգրավելու, դրա արդյունքում սահմանին հերթապահություն իրականացնող զինվորներին ժամանակին չփոխարինելու, բանակի կողմից մարտական փամփուշտներով լիցքավորված հրազեն կիրառելու և մասնավոր միջոցների հաշվին զինվորականներին գումար բաժանելու վերաբերյալ, հիմնված է բացառապես քրեական գործի շրջանակներում դատավարական ընթացակարգերով ձեռք բերված հավաստի ապացույցների վրա:

Հուսով ենք, որ մոտ ապագայում բոլոր այդ ապացույցները կհետազոտվեն հրապարակային դատաքննության ընթացքում, և պաշտպանական կողմն այլևս զրկված կլինի սուտ տեղեկություններ տարածելու միջոցով հանրությանն ապակողմնորոշելու փորձեր անելու հնարավորությունից:

Այս ամենից հետո մնում է ենթադրել միայն, որ Ռուբեն Սահակյանը կամ չի ծանոթացել քրեական գործի նյութերին, կամ ծանոթացել է, սակայն դրանք ներկայացնում է խեղաթյուրված` մոլորեցնելով հանրությանը, կամ էլ ծանոթացել է, սակայն որոշ օբյեկտիվ պատճառներով ունակ չէ ընկալել դրանց բովանդակությունը, ինչն ավելի մտահոգիչ է, քանի որ այդ պարագայում կստացվի, որ նա խաբում է ոչ միայն հանրությանը, այլ նաև  իր վստահորդին:

Չենք ուզում, իհարկե, Ռուբեն Սահակյանին հակադարձել իր իսկ ցածրորակ արտահայտություններով, փոխարենը նրան կոչ ենք անում չանցնել կոռեկտության ու փաստաբանական էթիկայի սահմանները»: