«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը
– Պարո՛ն Ղևոնդյան, ավարտվեց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան, ինչպե՞ս կգնահատեք այն, ի՞նչ մեսիջներ փոխանցեց Լայենը Հայաստանի իշխանությանը:
– Կարելի ասել, որ այցելությունը բավական երկար ժամանակ կատարված բարդ աշխատանքի արդյունքների ներկայացման փուլ էր, այսինքն՝ ձեռք բերված համաձայնությունները ձևավորվել էին ամիսների ընթացքում՝ տարբեր բանակցությունների ժամանակ: Այս այցի ժամանակ կողմերը փաստացի ամրագրեցին այն վերջնական արդյունքներն ու պայմանավորվածությունները, որոնց ուղղությամբ պետք է շարժվեն:
Շատ կարևոր է Եվրամիության կողմից տնտեսական աջակցության առաջարկները, փաստացի, Փաշինյանը ևս ընդգծեց, որ Հայաստանը միակ երկիրն է, որը Եվրամիության անդամ չէ, Եվրամիության հետ չունի ազատ առևտրի համաձայնագիր, բայց այս ռեժիմով կարող է առևտուր անել Եվրամիության հետ, ինչն էականորեն բարձրացնում է Հայաստանի կշիռը ոչ միայն Եվրամիության համար, այլև ընդհանրապես միջազգային հարաբերություններում:
– Տնտեսական այդ աջակցությունը, որի մասին ասում եք, ոմանց կարծիքով հողի վրա այդքան էլ իրատեսական չէ, դուք նկատո՞ւմ եք իրական քայլեր, որ անում է Եվրամիությունն իր շուկան Հայաստանի տնտեսության համար բացելու ուղղությամբ:
– Որոշ ուղղություններով աշխատանքներ արդեն կան, գիտենք, որ հայկական գյուղմթերք արդեն արտահանվում է եվրոպական որոշ երկրներ, թեև նշեմ, որ շատ հետաքրքիր զարգացումներ տեղի ունեցան վերջին մեկուկես ամսում. Ռուսաստանի կողմից տնտեսական սահմանափակումների իբրև հետևանք՝ բացվեցին այնպիսի շուկաներ, որոնք նախկինում, հավանաբար Հայաստանի տնտեսվարողների թերի աշխատանքի պատճառով, հայտնաբերված չէին Հայաստանի համար:
Մասնավորապես նշեմ, որ ելակը, որը պետք է արտահանվեր Ռուսաստան, փաստացի նույն քանակությամբ արտահանվել է հիմնականում Սաուդյան Արաբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ: Այսինքն՝ պարզվեց, որ կան շուկաներ, որոնք հետաքրքրված են Հայաստանի արտադրանքով, բայց քանի որ ռուսական շուկան, կարելի է ասել, ամբողջությամբ կլանում էր այդ ապրանքները, տնտեսվարողներն էլ այլ շուկաներ փնտրելու կարիք չունեին:
Իհարկե ոչ բոլոր ապրանքների դեպքում արտահանումը եղավ ամբողջովին, օրինակ՝ ծաղիկների դեպքում, բայց դա էլ նորմալ է, որովհետև ծաղկի շուկայի դիվերսիֆիկացումը բավականին բարդ է: Աշխատանքի մեծ տեղ դեռ կա, բայց նույն Եվրամիությունն կարող է օգտակար լինել, բայց նաև ակնհայտ է, որ կան կամք, հետաքրքրություն, առաջին հերթին՝ քաղաքական նկատառումներով, դա ակնհայտ է:
-Պարո՛ն Ղևոնդյան, ձեր նշած քաղաքական նկատառումներով Եվրամիության աջակցությունը Հայաստանին որոշ շրջանակներում մտահոգություն է առաջացնում։ Կա տեսակետ, որ ԵՄ-ն այս կերպ Հայաստանին դարձնում է Ռուսաստանի դեմ հակազդեցության գործիք։ Դուք այս մոտեցման մեջ ռիսկեր տեսնո՞ւմ եք։
– Ես չեմ պատկերացնում, թե Հայաստանն ինչպես կարող է զենք լինել Ռուսաստանի դեմ: Եվրամիությունը պատժամիջոցների տակ չէ, որ Ռուսաստանից, օրինակ, մենք ապրանքներ արտահանենք Եվրամիություն, ինչին դեմ կլինի Ռուսաստանը, նման իրավիճակ չկա, ընդհակառակը՝ Ռուսաստանն է պատժամիջոցների տակ, ու ինքը կարող է Հայաստանին զենք օգտագործել Եվրամիության դեմ:
Եթե խոսքը քաղաքական տիրույթի մասին է, ապա այստեղ ևս չեմ պատկերացնում, թե Հայաստանն ի՛նչ կարող է անել Ռուսաստանի դեմ. գետնի վրա ճակատ բացել Ռուսաստանի դեմ չի կարող, չկա Հայաստանի շուրջ կոնֆլիկտ, որին կողմ լինի Ռուսաստանը, ու Հայաստանը այդ կոնֆլիկտը չի կարող կիրառել Ռուսաստանի դեմ, այսինքն՝ հնարավոր չէ Հայաստանը զենք դարձնել Ռուսաստանի դեմ:
Այլ հարց է, որ Ռուսաստանը ցանկանում է Հայաստանը պահել իրենից կախվածության մեջ, իսկ Հայաստանը չի ցանկանում դա, ու Եվրամիությունն օժանդակում է Հայաստանին, որ նվազեցնի կախվածությունը Ռուսաստանից, պահպանի ինքնիշխանությունը: Նման մտքեր արտահայտողների մոտ, թե՛ Ռուսաստանում, թե Հայաստանում, ես չեմ կարծում, թե կա առողջ տրամաբանություն, որ այդ թեմայով բանավեճի բռնվենք:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















