«Ոտքի վրա, խառնաշփոթ կարգավորումներ են բերում, որոնցում տրամաբանություն չկա». ԱԺ պատգամավոր

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատգամավոր, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Թադևոս Ավետիսյանը

– Պարո՛ն Ավետիսյան, առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ հունվարի 1-ից ռեստորաններ, սրճարաններ և ժամանցի այլ վայրեր մուտք գործելու համար անհրաժեշտ է լինելու պատվաստման հավաստագիր կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքով պատասխան ներկայացնել: Ինչպե՞ս եք գնահատում այս որոշումը: 

– Երբ որևէ սահմանափակում է կիրառվում, ապա դա նախ՝ չպետք է ժամանակավրեպ լինի, և, բացի այդ, չպետք է օտար երկրներում իրականացված ծրագիրը առանց լուրջ ուսումնասիրության, առանց իրական գնահատման տեղայնացնել մեր երկրում: Կարող է ներդնեն ու բոլորովին այլ արդյունք ստանան, քան այն երկիրը, որը նման մեթոդ է կիրառել:

Պոպուլիզմի ու շոուների տեղ չէ մեր երկիրը, և եթե կիրառում են որևէ սահմանափակում, ապա դա պետք է իրական լինի և ոչ թե ձևական, քանզի մենք այս երկու տարվա ընթացքում նման ձևական սահմանափակումների բազմիցս ենք ականատես եղել:

Փաստն այն է, որ ոտքի վրա, խառնաշփոթ կարգավորումներ են բերում, որոնցում տրամաբանության շղթան չի երևում: Հանրությունը պետք է ընկալի՝ ինչի՛ն է ծառայեցվում տվյալ սահմանափակումը, պետք է ներկայացնել՝ տեսե՛ք՝ այս սահմանափակումը բերեց այս արդյունքը, ինչն էլ կարող նպաստել միասնական դիրքորոշման ձևավորմանը, ասենք՝ պատվաստումների նկատմամբ: 

Բայց ինչպե՞ս է մեզ մոտ. մի մասի համար սահմանափակումը կիրառվում է, մի մասը արտոնյալ է՝ նրանց համար չի կիրառվում: Չկա հետևողականություն, և մարդկանց մեջ տպավորություն է ստեղծվում, որ ամեն ինչ անլուրջ է, հետևաբար չեն հետևում կանոններին:

– Այս որոշում ընդունողներն ասում են, թե մտածում են հանրային առողջության պահպանման մասին…

– Այդ մասին բոլորս ենք մտածում, դա պոպուլիզմ է: Յուրաքանչյուր քաղաքացի էլ մտածում է և՛ իր, և՛ իր ընտանիքի առողջության մասին: Սա բոլորիս խնդիրն է, և համավարակի դեմ պայքարում բոլորս պետք է համախմբվենք: Առանցքը պետությունն է իր գործուն օղակներով, որը պետք է համախմբի հանրությանը և ոչ թե անընդհատ ինչ-որ սահմանափակումներ կիրառի: Անընդհատ տուգանելով, «ասֆալտին փռեմ»-ներով այս հարցը չի լուծվի: 

Մարդկանց մեջ պետք է առաջանա գիտակցում, որ այդ սահմանափակումը ճիշտ է, տեղին է, համաչափ է իրավիճակին, և բոլորս պետք է հետևենք դրան: Թե չէ անընդհատ բռնելով տուգանելով, մասնակի վերահսկելով, ամպագոռգոռ խոսելով արդյունք չես կարող ունենալ:

– Երկու տարի շարունակ համավարակը դարձել է խնդիր մեր երկրում, չե՞ք կարծում, որ հանրային առողջության պահպանման առումով հանրային գիտակցումը խիստ ցածր է, օրինակ՝ դիմակ դնել է պահանջվում, բայց մարդիկ չեն դնում, հորդորում են պատվաստվել, պատվաստումների տեմպը խիստ ցածր է:

– Իսկ ինչո՞ւ չձևավորվեց այդ գիտակցումը, որովհետև ի սկզբանե անլուրջ վերաբերմունք էր դրսևորվել վարակի, հիվանդության նկատմամբ: Եվ այդ անլուրջ մոտեցումը դրսևորվել է հանրային անձանց, բարձրաստիճան պաշտոնյաների կողմից: Եվ դա շատ բնական է, որ նման իրավիճակում այդպիսի մթնոլորտ է ձևավորվում, արդյունքում հեշտ չէ դա փոխելը:

Ես կոնկրետ հորդորում եմ իմ բոլոր հայրենակիցներին, որ օր առաջ, հետևելով բժիշկների խորհուրդներին, գնան պատվաստվեն: Օր առաջ պետք է պատվաստվել: Իմ օրինակն էլ ցույց է տվել, որ պատվաստվելը շատ կարևոր է: 

Բայց պետք է հասկանալ՝ ինչո՞ւ է հանրային այդքան բարձր անվստահություն այն գործողությունների նկատմամբ, որոնք իրականացնում է պատկան մարմինը: Ինչո՞ւ ենք հայտնվել այս վիճակում, որ չեն կարողանում բերել կառավարելիության միջավայր: Ստիպված հիմա անցել են պատժենք-խփենք սկզբունքի կիրառմանը:

Ընդամենը հետևողականություն է պետք որոշումների ընդունման և իրականացման հարցում, հակառակ դեպքում կիսահղի որոշումներով, օրինակ՝ սահմանափակենք ու չհետևենք սկզբունքով, արդյունք չի ստացվի: 

– Դուք ասացիք՝ ձևական որոշում է դա, կարծում եք իսկապես ձևակա՞ն կարող է լինել այդ որոշումը, չիրականացվե՞լ:

– Ընդհանրապես, կայացվող որոշումները, պահանջները պետք է համաչափ ու ընկալելի լինեն հանրության համար, և, բացի այդ, պետք է հաշվի առնել՝ որքանո՞վ է այդ որոշումը վերահսկելի: Պետք է այդ որոշման իրականացումը արդյունավետ վերահսկվի, ողջ ծավալով: Այսինքն՝ չպետք է լինի այնպես, որ մի կողմից աշխատողին պարտադրվի պատվաստվել, հետո հանկարծ դրսում տեսնես մարդկանցով լի հասարակական տրանսպորտ: Բոլորովին այլ իրականություններ են դրանք: 

Միայն պատժելով արդյունք չես ունենա: Իսկ խթանումն ո՞ւր մնաց, մարդկանց բացատրելը, քարոզչությունն ո՞ւր մնացին: Դրանք բոլորը պետք է համակցված լինեն: Թե չէ մի ծայրահեղություն է պատժելը, մեկ այլ ծայրահեղություն՝ անտարբերության մատնելը:

– Իսկ հունվարի 1-ից կիրառվող այդ որոշումը ինչպե՞ս կարող է ազդել տնտեսության վրա, քանի որ թիրախում ռեստորաններն են և այլ կենտրոններ:

– Միանշանակ՝ բացասական, պետք չէ տնտեսագետ լինել դա հասկանալու համար: Ցանկացած սահմանափակում, ի վերջո, ունենում է նաև իր հետևանքները: Մենք պետք է կշռենք՝ որոնք են դրական կողմերը, որոնք՝ բացասական: 

Մենք դեռ բացասական հետևանքներն ենք տեսել այդ սահմանափակումների մեջ, դրական արդյունք դեռ չենք տեսել: Սա ինքնին վատ է:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am