Ներկայիս պատերազմի ելքը որոշվում է օդային տարածքում ուժերի հարաբերակցությամբ. Ժիրայր Սեֆիլյան

«Ազգային ժողովրդավարական բևեռ» նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը գրում է.

«Ներկայիս պատերազմի ելքը որոշվում է օդային տարածքում ուժերի հարաբերակցությամբ:

Ինչպես այսօր հայտնում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ «Թուրքական օդուժի օդային ղեկավարման կետերը, որոնք թռչում են Թուրքիայի օդային տարածքում, ղեկավարում են ադրբեջանական օդուժի կազմում գործող թուրքական ԱԹՍ-ներին։

ԱԹՍ-ները վեց միավոր F-16 երի ծածկույթի տակ, այսինքն ուղեկցմամբ հարվածներ են հասցնում Արցախի խաղաղ բնակչությանը և ենթակառուցվածքներին»:

Նախկինում Ռուսաստանը չեզոքացնում էր Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքում Թուրքիայի ազդեցությունը:

Սակայն այսօր նա փաստացի չի կատարում (միտումնավոր կերպով, թե քաղաքական կամ ռազմական արդեն ոչ բավարար ներուժի պատճառով, այստեղ քննարկելու կարիք չկա) այդ գործառույթը, ինչի հետևանքով Թուրքիան գերիշխանություն է հաստատել օդային տարածքում և այն օգտագործում է հօգուտ Ադրբեջանի:

Մեր ծանր կորուստները հիմնականում պայմանավորված են այդ հանգամանքով:

Ուստի Հայաստանի քաղաքական ղեկավարության առաջնահերթ խնդիրն է՝ օդային տարածքում ամեն գնով չեզոքացնել Թուրքիայի գերիշխանությունը և, դրա շնորհիվ՝ վերականգնել մեր ու Ադրբեջանի միջև ուժերի հավասարակշռությունը:

Կենսականորեն կարևոր այս խնդիրն ունի մեկ լուծում՝ վերանայել Հայաստանի միակողմանի արտաքին քաղաքական դիրքավորումը և օդային տարածքում Թուրքիայի գերիշխանությունը չեզոքացնելու ակնկալիքով դիմել Արևմուտքի այն պետություններին, որոնք նպատակ ունեն կանխել մեր տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության աճը:

Համոզված ենք, որ աջակցությունը չի ուշանալու, ինչի շնորհիվ օդային տարածքում ուժերի հավասարակշռությունը կվերականգնվի և իրավիճակն էապես կփոխվի հօգուտ մեզ:

Հ.Գ. Մենք ստիպված ենք հրապարակում այս առաջարկությունը: Օրեր առաջ այն ներկայացրել էինք կառավարությանը, սակայն մինչ օրս որևէ քայլ չենք տեսնում այս ուղղությամբ: Մինչդեռ Թուրքիան շարունակում է միջամտել օդային տարածքի նկատմամբ իր մենաշնորհային գերիշխանության հաշվին»:

Ներկայիս պատերազմի ելքը որոշվում է օդային տարածքում ուժերի հարաբերակցությամբ:Ինչպես այսօր հայտնում է ՀՀ ՊՆ…

Posted by Ժիրայր Սէֆիլեան – Jirayr Sefilian on Sunday, October 11, 2020