«Որոշ ժամանակ առաջ Կարեն Կարապետյանը մի փոքր ավելի վստահ էր, որ ինքը կմնա վարչապետի պաշտոնում». Ստյոպա Սաֆարյան

«Որոշ ժամանակ առաջ Կարեն Կարապետյանը մի փոքր ավելի վստահ էր, որ ինքը կմնա վարչապետի պաշտոնում». Ստյոպա Սաֆարյան
«Որոշ ժամանակ առաջ Կարեն Կարապետյանը մի փոքր ավելի վստահ էր, որ ինքը կմնա վարչապետի պաշտոնում». Ստյոպա Սաֆարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում էՄիջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանը:

– Պարո՛ն Սաֆարյան, Կարեն Կարապետյանն իր վերջին հարցազրույցում հայտարարել էր, թե 2018-ի ապրիլից առաջ անորոշություն կա, որը չի թողնում բիզնեսում և ներդրումների ոլորտում հաջողություն գրանցել։ Ինչպե՞ս եք գնահատում այդ հարցազրույցը, և արդյո՞ք այնտեղ կոնկրետ Սերժ Սարգսյանին ուղղված ակնարկներ կային։

– Որոշ ժամանակ առաջ Կարեն Կարապետյանը մի փոքր ավելի վստահ էր, որ ինքը կմնա վարչապետի պաշտոնում, բայց Սերժ Սարգսյանի հայտարարություններից և որպես վարչապետի թեկնածու ոչ պաշտոնական քարոզչություն սկսելուց հետո, կարծում եմ՝ Կարեն Կարապետյանը փորձում է կերտել իր ապագան։ Նկատի ունենալով, որ վերջին շրջանում երկրում հրապարակվեցին «Գելափի» արդյունքները, որոնք վկայում էին Կարեն Կարապետյանի վարկանիշի նվազման մասին, նաև, ըստ էության, ՀՀԿ-ի ներկայացուցիչները, մեկը մյուսին հերթ չտալով, խնդրագրեր էին հրապարակում, որ Սերժ Սարգսյանը զբաղեցնի վարչապետի պաշտոնը, նաև այն հիմնավորումը, թե Կարեն Կարապետյանը, ըստ էության, չի կարողանում կատարել այն խոստումները, որոնք տվել է, նա այդ իրավիճակում փորձում է մի կողմից արդարանալ, որ ստեղծված անորոշությունը թույլ չի տալիս տնտեսությունը զարգացնել, ինչը խոստացել էր, լինելով ՀՀԿ-ի ցուցակը գլխավորողը, մյուս կողմից էլ փորձում է համոզել Սերժ Սարգսյանին, որ քանի դեռ այդ խոսակցությունները սպառված չեն, ներդրումների ակումբը, որ ձևավորվել է իր անձի շուրջը, բնականաբար, չի կարող ռիսկի դիմել և կատարել խոստացած ներդրումները։ Այսինքն՝ մի կողմից անորոշության գործոնը Կարեն Կարապետյանն օգտագործում է իր կարգավիճակը ապագա կառավարությունում հստակեցնելու համար, մյուս կողմից՝ արդարացնումներ է բերում, թե ինչո՛ւ խոստացված ներդրումները չեն արվում։

– Ի վերջո, սա ինչի՞ կհանգեցնի, կարծում եք՝ Կարեն Կարապետյանը մի կողմից, Վիգեն Սարգսյանը՝ մյուս կողմից Սերժ Սարգսյանին առաջարկում են հեռանա՞լ, և կարո՞ղ են անկանխատեսելի զարգացումներ լինել։

– Ո՛չ, ես նման հեռանկար չեմ տեսնում, ուղղակի նրանք ուզում են հստակեցնել իրենց ապագան։ Իրականում բոլոր որոշումների կայացման լծակները գտնվում են Սերժ Սարգսյանի ձեռքին, իսկ գործընթացների վրա նրա ազդեցությունն ուղղակի անհամեմատելի է մնացած բոլորի ազդեցության հետ։

– Կարեն Կարապետյանն անկե՞ղծ է, երբ ասում է, թե այս անորոշությունն ազդում է բիզնեսի վրա։

– Ոչ իհարկե, որովհետև Հայաստանի ոչ գրավիչ լինելու պատճառները բացարձակապես 2018 թվականին վարչապետի պաշտոնի հետ կապված անորոշությունները չեն։ Դրանք կոռուպցիան են, Հայաստանի արտաքին քաղաքականության հետ կապված հարցերը, մասնավորապես, միջազգային կառույցներում Հայաստանի վերջին քվեարկությունները, երբ Հայաստանն ընկալվում է ավելի շատ որպես Ռուսաստանի արբանյակ, քան ինքնուրույն երկիր։ Հայաստանի խնդիրները շատ ավելի լուրջ են երկիրը ներդրումների համար գրավիչ դարձնելու համար, քան այն, որ թերևս պարզ չէ, թե ո՛վ կլինի երկրի վարչապետ և ո՛վ՝ նախագահ։ Ի վերջո, նրանք, որոնք եթե անգամ ինչ-որ առումով մտադիր էին ներդրումներ կատարել Հայաստանում, հստակ գիտեն, որ ՀՀԿ-ն է որոշելու ապագա վարչապետի ու նախագահի անձերը։

Այսինքն՝ մեծ անորոշության մասին խոսելն անհնար է։ Սա անգամ խորհրդարանական ընտրություն չէ, որ ներդրողները վախենան, զգուշանան՝ չիմանալով, թե ով է հաղթելու ընտրություններում։ Այս դեպքում պարզ է, թե ով է հաղթել, և ընդամենը այդ հաղթանակի հիման վրա պետք է որոշեն, թե կոնկրետ ո՛ր անձն է զբաղեցնելունախագահի և ո՛վ՝ վարչապետի պաշտոնը։ Այնպես որ, մեծ անորոշություն չկա, և Կարեն Կարապետյանի բերած պատճառաբանությունն ամենևին դոմինանտ ու էական չէ։

– Ի՞նչ ակնկալիքներ ունեք 2018 թվականից, որքանո՞վ կյանքի կկոչվեն Հայաստան-ԵՄ համաձայնագրի դրույթները, ի՞նչ փոփոխություններ կլինեն 2018-ի ապրիլին, և արդյո՞ք դրանք բեկումնային կլինեն, թե՞ ոչ։

– 2018-ի հիմնական ինտրիգն իսկապես մնում է Հայաստան-ԵՄ համաձայնագրի կյանքի կոչումը։ Վավերացումը կասկածի տակ չեմ դնի, և որքան հնարավոր է՝ շուտ պետք է հասնել դրա վավերացմանը։ Ինչ վերաբերում է համաձայնագրի իրականացմանը, այո՛, դրա հետ կապված, ուզենք թե չուզենք, առաջին ուղիղ նշանառությունը լինելու է այն կառավարությունը, որը ձևավորվելու է 2018 թվականի ապրիլին։ Հենց դա է լինելու այն ազդանշաններից մեկը, թե որքանո՛վ ունակ կլինի կամ ցանկություն կունենա այդ կառավարությունը կատարելու համաձայնագրով նախատեսված փոփոխությունները որակական և բովանդակային առումով միանգամայն բավարար կերպով։

Անկեղծ ասած, մի փոքր դժվար է կանխատեսումներ անելը, որովհետև կառավարության կազմավորման վրա ազդող գործոնները խիստ սահմանափակ են։ Թերևս մենք այդ պրոցեսում երկու խոշոր գործոն առանձնացնենք. առաջինը ՀՀԿ-ի ներքին վիճակն է, և այն, թե դրանից կախված ի՛նչ վերադասավորումներ կարող են լինել։

Իհարկե պարզ է, որ կուսակցությունը մեծ մասամբ գտնվում է Սերժ Սարգսյանի վերահսկողության ներքո, բայց, այնուամենայնիվ, վերանալով վարչապետի անձից, կառավարությունն ինչ-որ տեղ կարտացոլի ներքին իրավիճակը, մասնավորապես, նախարարներ և այլ առանցքային պաշտոնյաներ նշանակելու հարցում։ Երկրորդ գործոնը ռուսական է, որը տեսանելիորեն արդեն կա։

Նրանք նույնպես փորձագիտական և այլ անձանց շուրթերով փորձում են տեսակետներ հայտնել, թե ինչպիսին են ուզում տեսնել այդ կառավարությունը։ Ցավոք, այլ գործոններ չկան, որոնք կստիպեն ՀՀԿ-ին հաշվի նստել շատ այլ կարևոր շահերի հետ, որոնք առնչվում են պետությանը և ԵՄ-ի հետ համաձայնագրի իրականացմանը։ Խոսքը վերաբերում է հասարակական ճնշմանը, որը չկա, քաղաքական համակարգի ճնշմանը, որն էլի չկա, հետևաբար, վերը բերված երկու գործոնները, թերևս, կկանխորոշեն զարգացումները, իսկ կոնկրետ անձերի առումով դժվար է ասել, թե ի՛նչ կլինի։

– Որքան էլ համաձայնագիրը համակարգային փոփոխություններ նախատեսում է, այս քաղաքական համակարգը դրանք կյանքի կոչելու քաղաքական կամք կդրսևորի՞:

– Ցավալիորեն, այդ տեսակետն ավելի համոզիչ է, քան որևէ տեսակետ հույս ունենալու, որ, այնուամենայնիվ, այն կլինի պրոֆեսիոնալ կառավարություն, որ կլինի բարեփոխման, փոփոխությունների կառավարություն, որովհետև իմ նշած այլ գործոններ, որոնք կարող էին ազդել ՀՀԿ-ի՝ կառավարություն ձևավորելու և նախագահ առաջադրելու իրավունքն իրացնելիս որոշումների վրա, այս պահին չկան։

Նաև այն հանգամանքը, որ խաղը գտնվում է ՀՀԿ-ի ներսում, և բացարձակապես նրանցից է կախված ելքը, շատերին հիմք է տալիս մտածելու, որ իշխանությունը շահագրգռված չի լինելու կտրել այն ճյուղը, որի վրա ինքը նստած է, փոխելու այն կանոնները, որոնց թիվ մեկ շահառուն կրկին ինքն է, փոխելու իրավիճակն այնպես, որ ապագայում շահողներ լինեն նաև ուրիշները, ոչ միայն իրենք։

Մանե Հարությունյան

MediaLab.am