Իշխանության փորձությունը

Վահրամ Թոքմաջյան

Պատերազմները լինում են տարբեր տեսակի՝ ռազմական գործողություններով ուղեկցվող, քարոզչական պատերազմներ, հիմա նաև՝ համավարակային պատերազմ: Իրավիճակը որոշ առումներով նման է 1990-ականների սկզբին: Նոր անկախացած երկրին եկել է փոխարինելու հեղափոխական շրջափուլը, իսկ մարդկանց ակնկալիքները, ինչպես լինում է ցանկացած բաղձալի իրադարձությունից հետո՝ բավականին շատ են:

Սակայն ներկայիս իշխանությունները շատ ավելի շահեկան վիճակում են, քան 90-ականների սկզբին էր: Նրանք չեն ժառանգել ավերիչ երկրաշարժ, ամբողջովին քայքայված տնտեսություն, դատարկ խանութներ, փակված ատոմակայան, երեք փակ և մեկ կիսափակ սահման, ակտիվ պատերազմ: 

Թվում էր, թե իշխանությունները, ունենալով հանրային լայն աջակցություն, շատ արագ փորձելու են հաղթահարել համավարակային պատերազմը կամ ճգնաժամը՝ ինչպես կուզեք:

Ես այստեղ կարիք չունեմ քննարկելու կորոնավիրուսի էությունը, դրա շուրջ ծավալված կոնսպիրոլոգիական տեսությունները, չիպավորումը, կոդավորումը և չար ուժերի կողմից հովանավորվող նման «վեհ» գաղափարներ:

Խնդիրն իշխանությունների պայքարն է, պետական համակարգին տիրապետելը և այդ համակարգն աշխատեցնելու կարողությունը կամ բացակայությունը:

Ի դեպ, ճգնաժամային իրավիճակներն ունեն ճակատագրի դառը հեգնանք: Հաղթանակը պատերազմում դեռ չի նշանակում հաղթանակ քաղաքական հարթակում և ամրագրված հաջողություն: Դրա վառ ապացույցը նորից 90-ականների մեր իշխանությունն է:

Թվում էր, թե պատմության այս փոքրիկ օրինաչափությունները և ահռելի կենսափորձը ներկայիս իշխանությունը պետք է որ յուրացրած լիներ: Սակայն տեսնում ենք, որ այդպես չէ:

Իշխանությունն այս ճգնաժամային փուլ մտավ խստիվ անպատրաստ: Այդ անպատրաստությունն ունի մի շարք բովանդակային ուղղություններ, այդ թվում՝ կառավարչական հմտությունների ոչ լիարժեք առկայություն, առկա ռեսուրսների ոչ այդքան արդյունավետ օգտագործում, պետական համակարգի հիերարխիայի նկատմամբ բացարձակ վերահսկողության բացակայություն, մեդիա տիրույթում օր օրի ուժգնացող պարտություններ, որքան էլ դրանք հովանավորվեն ոչ բարի նպատակներ ունեցող ուժերի կողմից:

Վերը թվարկված անպատրաստությունը հանգեցնում է նրան, որ իշխանությունը, իր ունեցած քարոզչական ռեսուրսներով չի կարողանում անգամ ըստ պատշաճի ներկայացնել կատարած աշխատանքը, օրինակ՝ սոցիալական օգնության տարատեսակ փաթեթները: Ավելին, անցյալ երկու տարիների ընթացքում ըստ էության կարիքի գնահատում չանելը հնարավորություն տվեց, որ շատ դեպքերում այդ գումարները նպատակին չծառայեն: Սա իր հերթին ավելորդ լարվածություն ստեղծեց բնակչության տարբեր խմբերի և իշխանության միջև:

Ասվածին գումարվում է նաև նույն իշխանության ներսում կոնսենսուսի բացակայությունը: Դրսի աչքի համար տպավորություն է ստեղծվում, որ աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախ ձեռքը: Հասարակ քաղաքացին, որը չի տիրապետում ինֆորմացիայի խոր ծավալի, չունի վերահսկող գործիքակազմ, կարող է տրվել տարատեսակ մեդիա աճպարարությունների, գնալ իրեն թելադրված հոսանքով կամ ընկնել ցայտնոտի մեջ: Իշխանությունը չունի դրա իրավունքը և չի կարող իրեն նման ճոխություն թույլ տալ:

Պետական համակարգին լիարժեք չտիրապատելու վառ արտահայտումն է պարետատան որոշումների անիրագործելի մնալը: Հստակ ասված է, որ հավաքները, այդ թվում՝ ծիսական նշանակության, արգելված են: Պարետատան յուրաքանչյուր հաջորդ որոշման ավելի քմծիծաղով ես վերաբերվում, երբ արգելված խնջույքների պարագայում, բացառապես ամեն խաղաղ գիշեր, շենքի հարակից ռեստորանում հրավառություն են կազմակերպում: Սա նշանակում է, որ որոշումները միայն թղթի վրա են, իսկ այն խստությունը, որն անհրաժեշտ էր նույն հանրային առողջության տեսանկյունից ապահովելու համար, բացակայում է: Օրինակները բազմաթիվ են: 

Ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել ծանր քաղաքական հետևանքների: Տարատեսակ մերժված, արևի տակն իրենց տեղը փնտրող կամ նախկին հանցագործությունների համար երկիրը լքած ուժերը դա հասկացել են: Նրանք հարմար իրավիճակն օգտագործում են լայնորեն՝ իրենց վերադարձի նպատակներն իրականացնելու համար: Այս առումով ունեն պարարտ հող: Բոլորը շատ լավ հասկանում են, որ տնտեսական հետևանքները չեն կարող ցնցումների չհանգեցնել, այդ թվում՝ քաղաքական: Մարդկանց զգալի խումբ կորցրել կամ կորցնելու է աշխատանք, մարդկանց տարբեր խմբեր ունեին և ունեն հացի խնդիր, և միայն հեղափոխության սպառված կոչերով նրանց կերակրել հնարավոր չէ: Իսկ դա բնական է: 

Իշխանությունը ժամ առաջ կարիք ունի հաշվի նստելու ստեղծված իրավիճակի հետ: Թոթափելու միակի պատրանքը և փորձելու հաղթահարել առանց այն էլ ծանր վիճակը: 

Հասարակական կոնսենսուսը խոսքերով չի կայանում: Դու չես կարող ասել՝ հասարակություն, արի գանք կոնսենսուսի: «Հասարակություն» բառն ինքնին ոչինչ չենթադրող և միևնույն ժամանակ մարդկանց մեծ խմբի անվանում տվող հասկացություն է: Դիմելով հասարակությանը՝ դու ըստ էության չես դիմում որևէ մեկին: Իսկ այդ հասարակությունը կազմված է անհատներից: Ի վերջո, կոնսենսուսը և համագործակցության մյուս տեսակները լինում են անհատների, հասարակության տարբեր խմբերի հետ: Սա կարևոր է արձանագրել և հնարավոր համաձայնությունները կայացնել խմբային՝ հնարավորության դեպքում անհատական մակարդակում:

Կայացրած որոշումները պետք է բխեն իրականությունից: Հակառակ պարագայում, ինչպես վերը նշեցի, դատապարտված են թղթի վրա մնալուն: Իսկ որոշման հետևողականությունը նշանակում է խստություն: Հասկանալի է, որ ցանկացած տեսակի խստություն, որը նույնիսկ ուղղված է մարդու առաջնային պաշտպանությանը, կարող է առաջացնել բողոքի ալիք կամ իր հետ բերել ռեյտինգի անկում: Դա նորմալ է, պետության կառավարման արվեստը հենց դա էլ ենթադրում է: Կորոնավիրուսի դեմ պայքարի անարդյունավետությունը էլ ավելի ծանր ռեյտինգային անկումների կհանգեցնի: Սա հասկացել են իշխանության ընդդիմախոսները և, ակնհայտ թիրախավորած, այն դարձրել են թոփ թեմա, հատկապես որ սրա շուրջ տարածվող միֆերն ու կեղծիքները մեր հասարակության գրագիտության պայմաններում հրաշալի գործիքակազմ է:

Հենց այդ սուտը, կեղծիքը և տարատեսակ ձեռնածությունները երբեմն ավելի վտանգավոր են, քան բուն համավարակը: Սա առանցքային նշանակություն ունեցող իրողություն է, որի դեմ հայաստանյան իշխանությունները, մեղմ ասած, առայժմ որևէ արդյունավետ քայլ չեն կատարել: Ավելին, նրանք անգամ հետ կանգնեցին իրենց կատարած քայլից, որը վերաբերում էր խուճապ առաջացնող հրապարակումներին: Այս ձեռնածությունների դեմ պետք է շատ կոշտ պայքարել՝ օգտագործելով առկա ողջ գործիքակազմը՝ անհրաժեշտության դեպքում ստեղծելով նորերը:

Հակառակ պարագայի հետևանքները խիստ վնասակար են լինելու Հայաստանի բնակչության գերակշիռ մեծամասնության համար: 

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am