Պետք չէ ցույցի դուրս գալ, փողոց ու հրապարակ փակել, սուր հոդված գրել կամ հրապարակում անել սոցցանցերում, բավական է մի սքրինշոթ, և կալանքը պատրաստ է։
«Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ՝ համացանցում արված գրառման համար հերթական քրեական վարույթն է նախաձեռնվել այս անգամ ախուրյանցի 55-ամյա մի կնոջ նկատմամբ, որի ոչ հրապարակային, մասնավոր գրառումը հրապարակվել է համացանցում և հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում: Նրա փաստաբանը, չհրապարակելով կնոջ անձնական տվյալները, նշել է, որ կինն ընդդիմադիր շարժման համակիր է, մասնավոր նամակագրության շրջանակներում վարչապետի և նրա ընտանիքի անդամների վերաբերյալ է արտահայտվել, որը ինչ-ինչ ձևերով հանրայնացվել է, և մեղադրանք է առաջադրվել հրապարակային բռնության կոչերի և խուլիգանության հիմքով, որը կատարվել է համացանցի օգտագործմամբ, իսկ դատարանը սահմանել է նաև մեկամսյա կալանք:
Իրավական պետությունում ազատությունից զրկումը պետք է լինի բացառիկ միջոց։ Կալանքը՝ խիստ հիմնավորված անհրաժեշտություն։ Այն նախատեսված է ապահովելու դատական գործընթացը, կանխելու վկաների վրա ազդեցությունը, պաշտպանելու հանրային անվտանգությունը։
Բայց սա հանրային անվտանգության պաշտպանությանն ուղղված միջոց չէ, այլ քաղաքական-իրավական հաղորդագրություն է՝ մեսիջ։
Փաստացի, մասնավոր նամակագրությունը կարող է դառնալ քրեական հետապնդման, մեղադրանքի, ապա նաև կալանքի հիմք, առաջացնելով վախի մթնոլորտ՝ նույնիսկ մասնավոր նամակագրության մեջ, իսկ վախը կառուցվում է մանր քայլերով։ Այսօր՝ հրապարակային բռնության կոչ, վաղը՝ քննադատական գրառում կամ մեկնաբանություն, մյուս օրը՝ սատիրա կամ հումոր։
Եվ այս քայլերի հետևանքները շատ անձնական են, երբ մարդը տեսնում է, որ նույնիսկ անձնական նամակագրությունը կարող է քրեական հետապնդման ենթարկվել, նա սկսում է ինքն իրեն խմբագրել, ջնջել, չուղարկել, չասել, չբարձրաձայնել և անգամ չմտածել։
Սա ազդակ է, որն ուղղված է հասարակության տարբեր շերտերին։ Այն ասում է՝ զգո՛ւյշ եղիր, մի՛ գրիր, մի՛ խոսիր, հատկապես՝ նրա մասին։
Վախեցնել մարդկանց շատ հեշտ է։ Պետք է ցույց տալ, որ սահմանը մշուշոտ է, որ մասնավորը կարող է հանկարծ դառնալ հրապարակային, որ քո հեռախոսը կարող է դառնալ բանտախցի բանալի։
Իսկ ամենավտանգավորն այն է, երբ մարդը սկսում է վախենալ ոչ թե օրենքից, այլ օրենքի կիրառման անկանխատեսելիությունից։
Վախը երբեք պարզապես զգացողություն չէ, այն քաղաքական ռեսուրս է, որը կարող է օգտագործվել ավելի արդյունավետ, քան օրենքը, ավելի արագ, քան դատարանը, ավելի խոր, քան ցանկացած պաշտոնական հայտարարություն։ Որովհետև վախը չի աշխատում հրապարակայնորեն, այն աշխատում է մարդկանց ներսում՝ ներքնայնացված գրաքննության տեսքով։
Վախի նպատակը լռությունն է, այո՛, հենց սա է վախի քաղաքական արժեքը։ Վախը թույլ է տալիս իշխանությանը կառավարել ոչ թե գործողությունները, այլ մտքերը։ Ոչ թե միայն հրապարակային խոսքը, այլև ներքին երկխոսությունը։ Երբ մարդը սկսում է իրեն հարց տալ՝ «իսկ արժի՞ սա գրել», հենց այդ պահին քաղաքական վերահսկողությունն արդեն իրականացված է։
Վախի քաղաքականությունն ունի մի պարզ նպատակ՝ նվազեցնել դիմադրությունը՝ առանց բացահայտ ճնշման ու բռնության տեսարանների։ Պահանջում է մի քանի ցուցադրական գործ, մի քանի կալանք, և հասարակությունը սկսում է ինքնուրույն լռել։ Վախը դառնում է ինքնակարգավորվող համակարգ։ Իշխանությունը այլևս ստիպված չէ փակել բոլոր բերանները։ Բավական է ցույց տալ, որ կարող է դա անել։
Քաղաքական վախը հատկապես վտանգավոր է, երբ այն զուգորդվում է իրավական անորոշությամբ։ Երբ մարդիկ չեն հասկանում՝ որտեղ է սահմանը, երբ չափանիշները մշուշոտ են, երբ օրենքի կիրառումը կանխատեսելի չէ, այդ անորոշությունն ինքնին դառնում է զսպող գործոն։
Եվ եթե մարդիկ սկսում են լռել նույնիսկ իրենց անձնական նամակագրության մեջ, ուրեմն կալանքը արդեն կատարել է իր գլխավոր գործառույթը՝ նա վախեցրել է ոչ թե մեկին, այլ բոլորին։
Զարուհի Հովհաննիսյան
MediaLab.am

