«Հայաստանի պատմության մեջ չի եղել դեպք, որ պաշտպանության նախարարը հասնի Պենտագոն և հանդիպում չունենա քարտուղարի հետ». Սուրեն Սարգսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը

– Պարո՛ն Սարգսյան, ինչպե՞ս եք գնահատում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը ԱՄՆ, որտեղ նա, մասնավորապես, հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քահլի հետ։ Այլ կարևոր հանդիպումներ կարծեք թե տեղի չեն ունեցել, ինչպես նաև այցելել է Կանզաս: Ինչո՞ւ։

Հայ-ամերիկյան օրակարգ որպես այդպիսին չկա, մասնավորապես չկա ռազմական համագործակցության օրակարգ։ Մենք ունենք ռազմական համագործակցության շրջանակ Միացյալ Նահանգների Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հետ, որը 2013 թվականից իրականացնում ենք։ Դրանք հիմնականում փոխանակման կրթական, ուսումնական ծրագրեր են պաշտպանության նախարարության հետ, նաև համագործակցություն կա այլ մարմինների հետ, օրինակ՝ արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ իրականացվող ծրագրեր։ Ռազմական լուրջ համագործակցություն չկա։

Գիտեք, որ ռազմական օգնությունը, որը Հայաստանին տրամադրվում է Միացյալ Նահանգներից, իր ծավալներով փոքր է։ Դրանք նույնպես հիմնականում կրթական ծրագրեր են։ Մեր մասնագետները կրթություն են ստանում ամերիկյան տարբեր ռազմաուսումնական հաստատություններում։ Իհարկե, կա նաև որոշակի ռազմական օգնություն, բայց դա շոշափելի չէ և լուրջ ռազմական տեխնիկայի բաղադրիչ չունի։

Ակնհայտ էր, որ այս այցի ընթացքում շատ ավելի լավ կլիներ, որ նախարարը, եթե հասել էր Վաշինգտոն, առավել ևս՝ Պենտագոն, հանդիպում կազմակերպեին պաշտպանության քարտուղարի հետ։ Հայաստանի պատմության մեջ չի եղել դեպք, որ պաշտպանության նախարարը հասնի Պենտագոն և հանդիպում չունենա քարտուղարի հետ։

Չգիտեմ՝ եթե փակ հանդիպումներ կազմակերպվել են գիտահետազոտական կենտրոններում, իհարկե կարևոր է, բայց կարծես թե որևէ գիտահետազոտական ուղեղային կենտրոն նախարարը չի գնացել։ Եվ սա նույնպես մեծ բացթողում է։ Գնացել-հասել է Վաշինգտոն, անհրաժեշտ էր անպայման գնալ ուղեղային կենտրոններ և ներկայացնել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները և այլն։

Հանդիպում է ունեցել պաշտպանության քարտուղարի տեղակալի հետ, քննարկել են տարբեր հարցեր, այդ թվում՝ Ուկրաինայի խնդիրը, ինչի մասին հայկական կողմը հաղորդագրություն չի տարածել, բայց ամերիկյան կողմը տարածել էր կարճ հաղորդագրություն, որ քննարկվել են տարածաշրջանում իրավիճակը և ուկրաինական պատերազմը։

Համայնքի հետ կարծես թե լայն հանդիպում չի եղել, այնպիսի հանդիպում, ինչպես նախկինում էր տեղի ունենում, օրինակ՝ Դավիթ Տոնոյանի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ կամ նախկին իշխանությունների ժամանակ։ Ինչպես հասկանում եմ, նաև լոբբիստների հետ հանդիպում տեղի չի ունեցել։ Համենայն դեպս, դրա վերաբերյալ տեղեկություններ դեռևս չկան, ես էլ իմ խողովակներով դեռևս չեմ ճշտել՝ այդպիսի հանդիպումներ եղել են, թե ոչ։ Համենայն դեպս, այն, ինչ հանրությանը ներկայացվել էր, կարելի է ասել, որ քիչ հագեցած և ոչ այնքան հարուստ այց էր։

Ինչո՞ւ հագեցած օրակարգերով հանդիպումներ տեղի չեն ունեցել, որովհետև Հայաստանը հետաքրքրություն չի՞ ներկայացնում ԱՄՆ-ի համար։

Եթե օրակարգ ունենային, կարևոր հարցեր ունենային քննարկելու, բնականաբար կհանդիպեին, կքննարկեին, բայց պաշտպանության քարտուղարը բազմազբաղ անձնավորություն է և չի կարող հանդիպել մի պետության ներկայացուցչի հետ, որի հետ առանձնապես խոսելու, քննարկելու օրակարգ չունեն հատկապես ռազմական ոլորտում։ Ես կարծում եմ՝ կարող է առավելապես պայմանավորված լինել հենց դրանով։

Թե ինչու չեն հանդիպում, կամ հայկական կողմը պետք է հանդիպում չուզի, որ հանդիպում չլինի, կամ պետք է ուզի հանդիպում, ասեն՝ չենք կարող այդ հանդիպումը կազմակերպել, որովհետև ժամկետները հարմար չեն և այլն։ Բայց այս դեպքերում միշտ կարելի է հանդիպման օրը փոխել, այն օրը մեկնել Վաշինգտոն, երբ քո ուղիղ գործընկերը քեզ կհանդիպի, բայց, ցավոք սրտի, դա տեղի չի ունեցել։

Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության ողջ օրակարգը, պայմանավորվածություններ են ձեռք բերվել խաղաղապահ առաքելության, ռազմական կրթության, ռազմական բժշկության և մյուս ոլորտներում փոխգործակցության խորացման ուղղությամբ։

Դրանք այն ուղղություններն են, որոնցում Հայաստանը ներգրավված է, տարբեր խաղաղապահ առաքելություններում, որ մենք ունենք և ունեցել ենք վերջին տարիների ընթացքում։ Այստեղ խոսքը վերաբերում է բացառապես այն առաքելություններին, որտեղ Հայաստանը ունի խաղաղապահ զորակազմ։

– Այսինքն՝ ԱՄՆ այս այցը համարում եք արդյունավե՞տ։

Այցի իմաստը չհասկացա, այն պարագայում, երբ դու գնում հասնում ես Վաշինգտոն, Պենտագոն, բայց քեզ չի ընդունում պաշտպանության քարտուղարը, նման դեպքերում կամ ծրագրի, այցի ժամկետներն են փոխում, կամ ուղղակի չեն գնում Վաշինգտոն։ Օրինակ՝ երբ Դավիթ Տոնոյանը գնաց ԱՄՆ, ՄԱԿ-ում հանդիպեց պաշտպանության փոխքարտուղարի հետ և չգնաց Վաշինգտոն, որովհետև Վաշինգտոնում հանդիպում նախատեսված չէր պաշտպանության քարտուղարի հետ։

Կարծում եմ՝ պաշտպանության նախարարին պետք է գլխի գցեին, որ ճիշտ կլինի, որ ժամկետները փոխի, և, այդուհանդերձ, հանդիպում լինի պաշտպանության քարտուղարի հետ, որովհետև սա նաև պետության հեղինակության հարցն է։

Եվ սա չափազանց կարևոր է հասկանալ և գիտակցել։ Ցավում եմ, որ դեսպանը նույնպես չի ընկալում այս պարզ իրողությունը։ Դեսպանը եթե տիրապետեր իրավիճակին, կարող էր նման խորհուրդ տալ նախարարին:

Մանե Հարությունյան

MediaLab.am