Դույլով, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել 37-ամյա եղբորը․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ Արագածոտնի մարզի Կոշ համայնքի բնակչի մահվան դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

  Տվյալ դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. հունվարի 12-ին և տեղեկացվել, որ հիշյալ համայնքի տներից մեկում հայտնաբերվել է նույն տան բնակչի դին՝ բռնի մահվան հետքերով։

  Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում արդեն իսկ պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:

  Նախնական տվյալներով՝ 37-ամյա տղամարդու և եղբոր միջև, հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը, վիճաբանություն է ծագել կենցաղային հարցերի շուրջ, որի ժամանակ վերջինս դույլով, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել 37-ամյա եղբոր գլխին և մարմնի տարբեր մասերին։
Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում տուժածի եղբայրը հայտնաբերվել, ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Վերջինս ձերբակալվել է՝ եղբոր առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու արդյունքում անզգուշությամբ նրա մահն առաջացնելու կասկածանքով։

Այդ մասին հայտնում են ՔԿ-ից։