ԱՄՆ-ը թույլատրել Է դեռահասներին պատվաստել Pfizer-ի պատվաստանյութով

ԱՄՆ-ի Սննդամթերքի եւ դեղամիջոցների որակի սանիտարական հսկողության վարչությունը (FDA) մայիսի 10-ին թույլատրել Է կորոնավիրուսի դեմ Pfizer/BioNTech պատվաստանյութի շտապ կիրառումը 12-15 տարեկան դեռահասների համար: Այդ մասին հաղորդվում Է կարգավորիչի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

FDA-ն նշում Է, որ 12-15 տարեկան անձանց համար այդ պատվաստանյութի կիրառման հայտնի եւ պոտենցիալ առավելությունները գերազանցում են հայտնի եւ պոտենցիալ ռիսկերը: «Ներկայիս գործողությունները թույլ են տալիս երիտասարդ բնակչությանը պաշտպանել COVID-19-ից՝ մոտեցնելով մեր վերադարձը նորմալ կյանքին եւ համավարակի դադարեցմանը: Ծնողները եւ խնամակալները կարող են վստահ լինել, որ գործակալությունն անցկացրել Է առկա բոլոր տվյալների հանգամանալի վերլուծություն, հայտարարել Է FDA-ի կոմիսարի պաշտոնակատար Ջանետ Վուդկոկը:

Պատվաստանյութի շտապ օգտագործման թույլտվության մասին հայտարարելուց հետո Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի (CDC) պատվաստանյութերի գծով կոնսուլտատիվ կոմիտեն մայիսի 12-ին կհավաքվի, որպեսզի քննարկի տվյալները եւ կողմ քվեարկի դեռահասների համար պատվաստանյութի օգտագործման հանձնարարականին: Այն բանից հետո, երբ հանձնարարականներն ընդունվեն, կարող Է սկսվել պատվաստումը: 2020 թվականի դեկտեմբերի 11-ին FDA-ն Pfizer-ի պատվաստանյութի շտապ կիրառում Է թույլատրել 16-ից բարձր տարիքի անձանց համար: Մյուս երկու պատվաստանյութերը, որոնք ներկայացվել են ԱՄՆ-ի շուկայում, Moderna-ի եւ Johnson & Johnson-ի՝ միայն մեծահասակների համար թույլատրված պատվաստանյութերն են: Անցած շաբաթ Կանադայի առողջապահության նախարարությունը նույնպես թույլատրել Է Pfizer/BioNTech պատվաստանյութի շտապ կիրառումը դեռահասների համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: