«Վստահ եմ, որ այդ ակցիան հակառակ էֆեկտն է ունենալու. հարուստ նյութ ենք տալու ռուսական բավական հմուտ քարոզչամեքենային». Սուրեն Սուրենյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը 

– Պարո՛ն Սուրենյանց, մինչ իշխանությունը պատրաստվում է վաղը կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին, Հայաստանի որոշ ակտիվիստներ պատրաստվում են բողոքի ակցիայով դիմավորել կազմակերպության անդամ երկրներին, մասնավորապես, Ռուսաստանին: Հարևան Ադրբեջանի նախագահը նշել է, որ իրենք ՀԱՊԿ-ում «ավելի շատ բարեկամներ ունեն, քան Հայաստանը, չնայած անդամ պետություն չեն»։ ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովն էլ նշել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի հակամարտությունը, ըստ իրեն, չի առնչվում կառույցի իրավասությանը, որ «ՀԱՊԿ անդամ երկրներից յուրաքանչյուրն ինքն է որոշում վերաբերմունքը դրա նկատմամբ»։ Վերջին երկու հայտարարության մասով ձեր մեկնաբանությունն եմ խնդրում։

– Գուցե Կոսաչովի հայտարարությունները ոչ կոռեկտ են կամ այսպես կոչված կացնային են, բայց, ըստ էության, դա է օբյեկտիվ իրականությունը, այսինքն՝ առնվազն 15-16 տարի Հայաստանը Ռուսաստանի միակ ռազմավարական դաշնակիցը չէ մեր տարածաշրջանում, և ըստ այդմ Ռուսաստանը վարում է հավասար հեռավորության քաղաքականություն:

Կոսաչովի ասածը, ըստ էության, դա էր, որ Ռուսաստանն այս հակամարտության մեջ չի կարող բռնել Հայաստանի կամ Ադրբեջանի կողմը ու վարում է քաղաքականություն, որը միտված է խաղաղության հաստատմանը կամ կայունության ապահովմանը։

Սա իրողություն է, որի մասին մեր էլիտան արդեն 15-20 տարի քաջատեղյակ է, այնպես չէ, որ բացահայտում տեղի ունեցավ: Այլ բան, որ մեր էլիտան երկար ժամանակ մեր հասարակությանը ապակողմնորոշել է, թե՛ մինչև հեղափոխությունը, թե՛ դրանից հետո՝ մինչև 44-օրյա պատերազմը, մեզ հրամցվում էր, որ Ռուսաստանը երաշխավոր է նախապատերազմյան ստատուս քվոյի պահպանմանը, մինչդեռ տեսանք, որ այդպես չէ։

Այսինքն՝ այս առումով սենատորը որևէ նոր բան չի ասել ու մոտավորապես հասկացրել է՝ ինչ սպասենք ՀԱՊԿ-ից, այսինքն՝ չունենանք չարդարացված սպասելիքներ։ Սա չի նշանակում, որ մենք պետք է ծայրահեղությունների մեջ ընկնենք, Ռուսաստանի դեմ սուր ճոճենք, բայց իրողություն է, որի հետ պետք է հաշվի նստենք։

Ինչ վերաբերում է Ալիևի հայտարարությանը․ դրա բովանդակությունը, կարծում եմ՝ որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում։ Այո՛, ՀԱՊԿ-ում Ադրբեջանի դաշնակիցներն ավելի շատ են, քան Հայաստանի։ Հետաքրքրականն այստեղ նման հայտարարություն հնչեցնելու ընտրած ժամանակահատվածն է, որը կոնկրետ քաղաքական նպատակ էր հետապնդում։

Նա փորձում է կոնֆլիկտ հրահրել Հայաստանի ու Ռուսաստանի, Հայաստանի ու ՀԱՊԿ-ի միջև՝ շատ լավ գիտակցելով, որ Հայաստանի պես սակավ ռեսուրսներ ունեցող երկիրը չի կարող սպասարկել այդ հակամարտությունը ու միայն վնասներ կկրի։ Այս առումով մենք չպետք է Ալիևի ծուղակն ընկնենք, այլ շատ պրագմատիկ գնահատականներ հնչեցնենք՝ չտրվելով հակառուսական հիստերիա սանձազերծելու գայթակղությանը։

– Դուք ասում եք, որ ՀԱՊԿ-ի մասով ամեն բան հստակ է արդեն 15-16 տարի, բայց, օրինակ՝ ՀՀԿ Գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն ասում է. «Երբ մենք ունեինք նորմալ իշխանություն, ՀԱՊԿ-ից ստանում էինք հայանպաստ դիրքորոշումներ, հիմա չունենք իշխանություն, չկա նաև այդ դիրքորոշումը»։ Համաձա՞յն եք Շարմազանովի ասածին, և կխնդրեմ նաև Կոսաչովի այն միտքը մեկնաբանեք, թե անդամ երկրները առանձին իրենց գնահատականներն ունեն։

– Իհարկե, իշխանությունից ինչ-որ բաներ կախված են, այնպես չէ, որ իշխանության քաղաքականությունը ընդհանրապես ազդեցություն չունի։ Այո՛, այս իշխանությունը մի շարք չմտածված քայլերով նոր ռիսկեր է առաջացրել հայ-ռուսական հարաբերություններում, ի վերջո, ցանկացած ձախողումից հետո էլ մեծացրել է Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից, սա էլ է փաստ։ Բայց Շարմազանովը մինչև վերջ անկեղծ չէ, որովհետև մենք ՀԱՊԿ-ի ներկայությունը՝ որպես այդպիսին, չենք զգացել առնվազն Սերժ Սարգսյանի օրոք էլ։

Հիշո՞ւմ եք, ճիշտ է՝ Սերժ Սարգսյանը հիմնականում Ռուսաստանին հասցեագրեց բողոքը, բայց Ապրիլյան պատերազմից հետո Սարգսյանի մի շարք հայտարարություններ՝ սովետական հնացած զենքի մասին, այն մասին, որ մենք դաշնակիցներ չունենք, այն մասին, որ այդ պատերազմի օրերին ՀԱՊԿ գործընկերները նույնիսկ իր հեռախոսազանգերին չեն պատասխանել, այսինքն՝ այն ժամանակ էլ այս խնդիրը եղել է, ու, մեղմ ասած, խիստ սուբյեկտիվ եմ համարում պարոն Շարմազանովի գնահատականները։

Սենատորի հայտարարության՝ ձեր նշած մասով. իհարկե այդպես չէ, ՀԱՊԿ-ը պարտավոր է ունենալ միասնական դիրքորոշում, բայց տողատակը պետք է ճիշտ հասկանանք։ Սենատորը հասկացնում էր, որ ՀԱՊԿ-ը բուտաֆորիկ կառույց է, և ավելի կարևոր են այս կամ այն երկրի ու Ռուսաստանի հարաբերությունները։ Այսինքն՝ նա անուղղակիորեն հասկացնում է, որ հիմնական քաղաքականությունը որոշվում է Ռուսաստանի ու երրորդ երկրների հարաբերություններով։

– ՀԱՊԿ-ի դեմ նախապատրաստվող բողոքի ակցիաներն ինչպե՞ս եք գնահատում, ու դրանք որևէ արդյունք կամ հետևանք ունենալո՞ւ են, թե՞ ոչ։

– Որևէ արդյունք կամ հետևանք միանշանակ չեն ունենալու։ Մենք պետք է ճիշտ հասկանանք․ Երևան են ժամանում այնպիսի առաջնորդներ, որոնք ամենևին էլ ժողովրդավարական մշակույթով չեն առաջնորդվում, այսինքն՝ նրանց շատ քիչ է հետաքրքրում անգամ իրենց հասարակությունների կարծիքը, ուր մնաց՝ Հայաստանի։

Երկրորդ՝ մենք պետք է սովորենք դառնալ պետական ժողովուրդ, ազգ, ես չեմ կարծում, որ ճիշտ է, երբ մեր հայրենակիցները Երևանում դժգոհում են կամ պահանջում են Պուտինի հրաժարականը, կամ Երևանից մենք խառնվում ենք ԱՄՆ-ի նախընտրական քարոզարշավին, ինչպես եղավ Փելոսիի այցի օրերին։

Ասածս այն է, որ մենք մեզ պետք է պատկերացնենք ոչ թե ռուսական գուբերնիայի կամ ամերիկյան նահանգի կարգավիճակում, այլ հարգենք մեր սուբյեկտությունն ու ինքնիշխանությունը ու, ի վերջո, հանգենք այն մտքին, որ միջպետական հարաբերություններում դիրքորոշումներ ներկայացնում են ոչ թե հասարակության տարբեր խմբեր, այլ իշխանությունը։

Երրորդ՝ 100%-ով վստահ եմ, որ վաղը մի քանի տասնյակ կամ մի քանի հարյուր մարդ է հավաքվելու, ու այդ ակցիան հակառակ էֆեկտն է ունենալու, այսինքն՝ մենք հարուստ նյութ ենք տալու ռուսական բավական հմուտ քարոզչամեքենային՝ պնդելու, որ Երևանում Պուտինից, Ռուսաստանից կամ ՀԱՊԿ-ից բողոքում էին ընդամենը մի խումբ մարգինալներ։

– Այն, որ ՀԱՊԿ-ից հստակ դիրքորոշում չի լինելու Ադրբեջանի հարձակումների վերաբերյալ, կարծեք թե պարզ է, թե՞ ես սխալվում եմ։ Գագաթնաժողովից հետո որո՞նք են լինելու իշխանության քայլերը, եթե նկատի ունենանք, որ Նիկոլ Փաշինյանը իր վերջին հարցազրույցի ժամանակ ասաց, որ այդ դիրքորոշումից կախված կլինեն վերաբերմունքն ու հետագա անելիքները կառույցի վերաբերյալ։

– Չպետք է պատրանքներ ունենալ, թե ՀԱՊԿ-ը վաղը կայացնելու է այնպիսի որոշում, որն ամբողջովին բավարարելու է մեզ, չի լինելու նման բան, և Կոսաչովի կամ Ալիևի հայտարարությունները հենց դրա մասին էին։ Ես առաջինը կասեմ, թե ինչ չպետք է անի Հայաստանը, որովհետև մեզ պես սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկրները առաջին հերթին պետք է ձեռնպահ մնան վտանգավոր քայլերից։

Հայաստանը պետք է հետևողականորեն խուսափի ուկրաինացման սցենարից, այսինքն՝ չպետք է արկածախնդիր, չմտածված շրջադարձ կատարենք, որը կբերի նոր ռիսկեր, որովհետև ինչքան էլ ընդունենք, որ Ռուսաստանը բարեխիղճ դաշնակից չէ, անվտանգային այլընտրանքային որևէ առաջարկ, որևէ այլ կենտրոնից Հայաստանը չի ստացել։

Մեկ այլ իրողություն ևս պետք է ընդունենք. ցավոք սրտի, այսօր Ադրբեջանը Հայաստանից շատ ավելի կարևոր գործընկեր է ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև Արևմուտքի համար։ Հետևաբար Հայաստանը պետք է զերծ մնա արտաքին քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձերից ու փորձի աստիճանաբար մեծացնել իր արտաքին քաղաքական հնարավորությունները՝ առանց կասկածի տակ դնելու հայ-ռուսական հարաբերությունները։

Հայաստանը պետք է խուսափի նաև բելառուսացման վտանգից, այսինքն՝ չպետք է միակողմանի կախվածությունն այնքան մեծացնի Ռուսաստանից, որ մենք ընկալվենք նույն կարգավիճակում, ինչ Բելառուսը։ Եթե ամփոփեմ՝ Հայաստանը իրավունք չունի գնալու ո՛չ ուկրաինացման, ո՛չ բելառուսացման ճանապարհով։

– Կկարողանա՞ դրանից զերծ մնալ գործող իշխանությունը, պարո՛ն Սուրենյանց։

– Գործող իշխանությունը՝ ո՛չ։ Մեկ օրինակ բերեմ, որ ասածս մերկապարանոց չհնչի․ մինչև Սոչիի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի գիտությամբ, գուցե նաև՝ ուղղորդմամբ, Հայաստանում շատ կոնկրետ քաղաքական արշավ էր իրականացվում Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի դեմ, անգամ Փաշինյանը չէր բացառում, որ Հայաստանը կարող է վերանայել ՀԱՊԿ-ին իր անդամակցությունը։

Սոչիի հանդիպումից հետո Հայաստանի արտաքին քաղաքականությունը կտրուկ շրջադարձ է ապրել, Փաշինյանը յուրաքանչյուր ելույթի մեջ առնվազն մի քանի անգամ ասում է, որ Հայաստանը հավատարիմ է ռուսական առաջարկներին։

Արդյունքում՝ որոշակի լարվածություն է նկատվում արդեն Հայաստան-Արևմուտք հարաբերություններում, իսկ սա խոսում է այն մասին, որ ՀՀ իշխանությունը չունի արտաքին քաղաքական օրակարգ ու երկիրը դարձրել է ֆուտբոլի գնդակ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների հարաբերություններում։ Դրա համար էլ վախենում եմ, որ այս իշխանության նման չմտածված շրջադարձերը, չհիմնավորված քաոսային շարժումները ընդամենն ավելացնելու են երկրի առջև ծառացած մարտահրավերները։  

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am