Ալեն Սիմոնյանն ԱՄՆ է մեկնել բիզնես դասով․ պետբյուջեից 3,3 մլն դրամ է վճարվել ավիատոմսի համար․ Factor.am

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցի շրջանակներում ԱՄՆ մեկնել է բիզնես դասի ավիատոմսով: Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են ԱԺ աշխատակազմից․ Սիմոնյանի ավիատոմսի համար պետբյուջեից վճարվել է 3 միլիոն 375 հազար դրամ: Եվս կես միլիոն դրամ փոխանցվել է Ալեն Սիմոնյանին գիշերակացի համար, իսկ օրապահիկի համար հատկացվել է շուրջ 250 հազար դրամ, գրում է Factor.am-ը։

Նշենք, որ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն ԱՄՆ-ում էր հունվարի 15-ից 20-ը: Ընդհանուր գործուղման համար պետական բյուջեից վճարվել է 13 մլն դրամ: Այս գումարը ներառում է նաև Ալեն Սիմոնյանի համար արված վերոնշյալ ծախսերը: Պատվիրակության մյուս անդամները Երևանից Վաշինգտոն մեկնել են էկոնոմ դասի ավիատոմսերով, որոնցից յուրաքանչյուրի արժեքը 735 հազար դրամ է եղել, իսկ գիշերակացի համար յուրաքանչյուրին հատկացվել է 438 հազար դրամ, օրապահիկի համար՝ 250 հազար, ևս 80 հազար դրամ հատկացվել է ներկայացուցչական ծախսերին: ԱԺ պատվիրակության անդամները ԱՄՆ-ում հյուրընկալվել են Վաշինգտոնի «Churchill 4» էկոնոմ դասի հյուրանոցում: Նշենք, որ պատվիրակության հետ ԱՄՆ մեկնել է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կինը՝ Մարիամ Մարգարյանը: Այս մասին տեղեկացնում են ԱԺ-ից՝ հավելելով, որ Մարգարյանը Վաշինգտոն է մեկնել իր հաշվին՝ օգտվելով էկոնոմ դասի ավիատոմսից: