Արցախում ընտրությունները հետաձգելու անհրաժեշտություն այս պահին չկա. Դավիթ Բաբայան. Factor.am

Արցախում կորոնավիրուսով վարակվածության որևէ դեպք գրանցված չէ, ինչպես պաշտոնապես արդեն ասվել է, հասարակության շրջանում էլ խուճապ չկա:

Factor.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական, նախագահի թեկնածու Դավիթ Բաբայանը:

«Նորմալ է իրավիճակը, բայց, իհարկե, պրոֆիլակտիկ միջոցառումներ իրականացվում են՝ և համապատասխան կառույցների կողմից, և՛ հասարակությունը փորձում է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ հետևելով մասնագետների կարծիքին: Խուճապային տրամադրություններ չկան, բայց պետք է զգույշ լինել՝ դրանից խուսափելու համար, որովհետև խուճապը երբևէ լավ բանի չի բերում: Աժիոտաժ է լինելու արհեստական, սպեկուլյացիա է լինելու սննդի հետ կապված և այլն: Կրկնում եմ՝ մենք չենք գտնվում այնպիսի վիճակում, որ նման քայլեր ձեռնարկենք: Պարզապես պետք է աչալուրջ լինել և խուճապի չմատնվել»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ Հայաստանում ապրիլի 5-ի հանրաքվեն և Արցախում մարտի 31-ի նախագահական և խորհրդարանական ընտրությունները հետաձգելու կոչեր են հնչում, Դավիթ Բաբայանը պատասխանեց, որ այս պահին նման անհրաժեշտություն չի տեսնում:

«Չգիտեմ՝ դա որքանով է նպատակահարմար: Այս պահի դրությամբ՝ անգամ մեկ կասկած չկա Արցախում: Հայաստանում մի քիչ այլ վիճակ է, սահմանադրական բարեփոխումներ են, իշխանության ձևավորման հարց չէ: Արցախում նախագահի և Ազգային ժողովի ընտրություններ են, այսինքն՝ օրենսդիր և գործադիր իշխանության փոփոխության խնդիր է: Ժամանակը ցույց կտա: Եթե լինի համաճարակ, այլ հարց է, բայց այս պահի դրությամբ ես չեմ տեսնում նման վտանգ»,- հավելեց նա:

Նախընտրական քարոզչության ընթացքում ընտրակեղծիքների մասին լուրերի, բանակը քաղաքական գործընթացներում ներքաշելու փորձերի և դրանից զերծ մնալու՝ ՊԲ-ի կոչի առնչությամբ Դավիթ Բաբայանն ասաց՝ բանակը և, ընդհանրապես, բոլոր ուժային կառույցները պետք է զերծ պահել ընտրություններում ներգրավելուց:Ինչ վերաբերում է ընտրակեղծիքներին, նրա հավաստմամբ՝ փաստ է, որ Արցախում երբևիցե ընտրությունները չեն կեղծվել: Փոխարենը, Բաբայանն այս ընտրարշավում որոշ մտահոգիչ զարգացումներ է նկատում:

«Մասնավորապես, մենք տեսնում ենք, որ գաղափարախոսությունը փոխվում է գաղափորախոսության: Եթե փորն է խոսում, փորի կարիքներով ենք առաջնորդվում, շատ վտանգավոր է դառնում: Երկրորդ՝ աննախադեպ ձևով աճել է սեփական անձի պաշտամունքը: Այնպիսի պաստառներ են փակցնում, որ զարմանում ես, նման բան նախկինում չի եղել:

Նման յուրաքանչյուր պաստառը մի քանի հարյուր հազար դրամ արժե, և դեռ խոսում ենք ժողովրդի բարեկեցության մասին: Այդ պաստառները մինչև մարտի 31-ն են լինելու, դրանից հետո դեն են նետելու: Պաստառների, մեծ համերգների, շոուների վրա փող եք ծախսում, բա կարիքավորներին օգնեք»,- ասաց մեր զրուցակիցը: Դավիթ Բաբայանը վստահ է, որ թափանցիկ ընտրություններ են անցկացվելու, սակայն, ըստ նրա, ընտրության արդյունքները ցույց են տալու երկրի իրական պատկերը: «Մենք գաղութ չենք, որ բերեն գեներալ-գուբերնատոր նշանակեն, մենք ենք ընտրում իշխանություն: Իսկ յուրաքանչյուր իշխանություն հայելին է հասարակության:

Հետևաբար, շատ բան երևալու է ընտրությունների արդյունքում: Իսկ որ քվեարկությունը նորմալ է անցնելու, ես կասկած չունեմ, բայց քվեարկությամբ չէ, որ պետք է ամփոփենք և ախտորոշենք հասարակության վիճակը, այլ նրանով, թե ինչպիսի իշխանություն է ձևավորվելու»,- ամփոփեց Դավիթ Բաբայանը: