Սահման առանց բիզնեսի՞, թե՞ բիզնես առանց հարկերի․ ի՞նչ ազդեցություն է ունեցել 2014-ին ընդունված օրենքը. fip.am

2014 թվականին Հայաստանի խորհրդարանը «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենք ընդունեց, որը պետք է խրախուսեր սահմանամերձ տարածաշրջաններում տնտեսական ակտիվությունը և դրանով տնտեսական համաչափ զարգացում ապահովեր:  

Կառավարությունը սահմանեց նաև գյուղական համայնքների ցանկը, որոնք օգտվելու էին արտոնություններից՝ առաջնահերթություն տալով հակառակորդի ուղիղ նշանառության տակ գտնվող համայնքներին: Հանրապետության չորս մարզի (Արարատ, Տավուշ, Գեղարքունիք, Վայոց Ձոր) 37 բնակավայրի որոշվեց նաև սոցիալական աջակցություն տրամադրել. բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցման ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցման կարգ որոշվեց։  

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե ի՞նչ ազդեցություն է ունեցել օրենքը 6 տարվա ընթացքում, և արդյո՞ք խոշոր բիզնեսն օգտվեց առիթից՝ ի՞նչ ներդրումներ եղան ու քանի՞ աշխատատեղ բացվեց սահմանամերձ բնակավայրերում։

Էկոնոմիկայի նախարարությունից տեղյակ են միայն 555 աշխատատեղ ստեղծած  «Տավուշ տեքստիլ» ՍՊԸ-ի մասին 

Էկոնոմիկայի նախարարությունը դժվարանում է ասել, թե հարկային արտոնությունից օգտվելով՝ ինչ ներդրումներ են կատարվել սահմանամերձ այս համայնքներում:

Միաժամանակ, սակայն, Fip.am-ի հարցմանն ի պատասխան՝ նախարարությունից տեղեկացնում են, որ այդ տարածաշրջանում գործող ընկերություններից կառավարություն է դիմել «Տավուշ տեքստիլ» ՍՊ ընկերությունը` մաքսատուրքից ազատման և ԱԱՀ-ի ժամկետի 3 տարով հետաձգման արտոնություններ ստանալու նպատակով: «Ծրագրերի շրջանակներում ընկերությունը փաստացի իրականացրել է 1,74 մլրդ ՀՀ դրամի ներդրում և ստեղծել 555 աշխատատեղ: Ընկերությունը զբաղվում է բանվորական ձեռնոցների արտադրությամբ»,- նշվում է գրության մեջ:

Որքանո՞վ են ներդրողներին հետաքրքրել բիզնես հարկերից ազատված սահմանամերձ համայնքները 

Փորձեցինք նաև մարզպետարաններից իմանալ, թե ինչ ներդրումներ են եղել այս տարիների ընթացքում։

Արարատի մարզի՝ սոցիալական աջակցություն ստացող համայնքների ցանկում ընդգրկվել  են Երասխ, Պարույր Սևակ համայնքները և Տիգրանաշեն բնակավայրը:

Ըստ Պարույր Սևակ համայնքից ստացված գրության՝ Պարույր Սևակ և Տիգրանաշեն բնակավայրերում իրականացվել է 5-12 հա հողատարածքների վրա պտղատու այգիներ հիմնելու թվով 9 ներդրումային ծրագիր։ Նշվում է, որ հիմնական ներդրումները եղել են գյուղատնտեսության ոլորտում, քանի որ ոռոգման ջրի արժեքի 50%-ի չափ սուբսիդավորումը և անտոկոս վարկային միջոցների ներգրավումը խթանում են ոլորտում կատարվող ներդրումները՝ հատկապես փոքր և միջին տնտեսություններում։ «Այս ընթացքում ստեղծվել են 45-50 սեզոնային աշխատատեղեր»․- նշում է համայնքի ղեկավարը։

Սահմանամերձ Երասխ համայնքից տեղեկացնում են, որ անհատ ձեռներեցներն ընդլայնել են իրենց բիզնեսները։ «Ավելացել է 2 արագ սննդի սպասարկման կետ և 1 գինու, օղու և կոնյակի համտեսի սրահ, ինչպես նաև Երասխ համայնքում ստեղծվել են կաթիլային ոռոգման համակարգով հակակարկտային պաշտպանիչ ցանցերով ինտենսիվ այգիներ՝ մոտ 71.4 հա։ Նշված տնտեսական գործունեության արդյունքում ստեղծվել են մշտական 50 և սեզոնային 200-300 աշխատատեղ։ 2018 թ. ընթացքում Երասխ համայնքում ստեղծվել է մոմերի արտադրություն, որտեղ ապահովվել է ևս 3-4 աշխատատեղ»․- նշվում է համայնքից ստացված գրության մեջ։

Վայոց Ձորի մարզից արտոնություն ստացած համայնքը Զառիթափն է, որն ունի 4 սահմանամերձ բնակավայր՝ Սերս, Բարձրունի, Խնձորուտ և Նոր Ազնաբերդ։ Մարզպետարանից հայտնում են, որ 2014 թ․-ին սահմանամերձ բնակավայրերին տված արտոնություններից հետո այդ բնակավայրերում ներդրումային ծրագրեր չեն իրականացվել և նոր աշխատատեղեր չեն ստեղծվել։

Գեղարքունիքի մարզից Ճամբարակ և Վահան բնակավայրերն են օգտվում «Սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքից, և այստեղ բիզնեսն ազատված է հարկերից։ Ըստ Ճամբարակ համայնքից ստացված գրության՝ բնակավայրերում մինչև այժմ չի իրականացվել ոչ մի ներդրումային ծրագիր։

Արտոնություն ստացած համայնքների հիմնական մասը՝ 28 բնակավայր, Տավուշի մարզում են։  

Տավուշի մարզպետարանից, Fip.am-ի հարցմանն ի պատասխան, նշեցին, որ նման տեղեկություններ չեն հավաքագրվում, սակայն հայտնի է, որ մարզի սահմանամերձ համայնքներում և բնակավայրերում իրականացվել են բազմաթիվ ներդրումային ծրագրեր։

Ըստ գրության՝ մարզի ռազմավարության գերակա ուղղություններից է գյուղատնտեսությունը, որտեղ վերջին տարիներին տեղական և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև անհատ ներդրողների կողմից իրականացվել են ջերմոցային, չորանոցային և սառնարանային տնտեսությունների, այգիների, վերամշակման արտադրամասերի և տեքստիլի արտադրությունների հիմնման ծրագրեր։ «Այդ տնտեսությունների թիվն արդեն գերազանցում է 200-ը՝ ավելի քան 1200 աշխատատեղերով, որոնցից խոշորներն են «Տավուշ տեքստիլ» ՍՊԸ-ն, «Բերդավանի գինու գործարան» ԲԲԸ-ն, «Էկոդակեն» ՍՊԸ-ն և այլն։ Նշված բոլոր կազմակերպություններն ունեն զարգացման միտումներ, մասնավորապես՝ 2020 թվականին իր ծավալները կընդլայնի «Տավուշ տեքստիլ» ՍՊԸ-ն՝ Պառավաքարում հիմնելով նոր արտադրամաս, որտեղ կաշխատեն շուրջ 200 տավուշցիներ»․- նշվում է պատասխանում։

Այսպիսով, ստացվում է, որ 2014 թվականից առ այսօր բիզնես հարկերից ազատված սահմանամերձ 37 բնակավայրերում, ընդհանուր առմամբ, բացվել է շուրջ 1250 մշտական, 300-ից 350 սեզոնային աշխատատեղ, ևս 200 աշխատատեղ, ըստ Տավուշի մարզպետարանի, կբացվի այս տարի։ 

fip.am

Նելլի Լազարյան