Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Սևանում մանկական վերականգնողական կենտրոնի բացման արարողությանը:
Դեռևս 2019 թվականին առողջապահության նախարարության, Ջինիշյան հիշատակի հիմնադրամի, Սևանի քաղաքապետարանի և Սևանի ԲԿ-ի միջև քառակողմ հուշագիր է ստորագրվել, որն ուղղված էր Սևանում ֆիզիկական և զարգացման խնդիրներով, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների համար նախատեսված վերականգնողական կենտրոնի ստեղծմանը:
Նորաբաց կենտրոնը հագեցված է ժամանակակից սարքավորումներով: 14 հոգուց բաղկացած բժշկական անձնակազմը վերապատրաստման դասընթացներ է անցել և բարձր որակավորում ստացել, ինչը թույլ կտա կենտրոն հաճախող երեխաների համար բարձրակարգ բուժօգնություն ապահովել: Վերականգնողական կենտրոնը նախատեսված է Սևան քաղաքի և հարակից շրջանների` շուրջ 105 երեխաների համար:
«Ես շնորհակալություն եմ հայտնում Ջինիշյան հիմնադրամին, կազմակերպիչներին ու բոլոր բարերարներին, սերտ համագործակցության արդյունքում, այս վերականգնողական կենտրոնի ստեղծման համար: Բարեգործական հիմնադրամի, համայնքի և առողջապահության նախարարության միասնական ջանքերով ու ներդրումներով հնարավոր դարձավ այս ծրագիրն իրականացնել:
Ես հույս ունեմ, որ ծրագրի շրջանակներում, որտեղ ընդգրկվել են արդեն իսկ 100-ից ավելի երեխաներ, առանց որևէ խտրականության ու սահմանափակումների, կստանան անհրաժեշտ բժշկական օգնություն, կվերականգնեն իրենց կարողություններն ու կինտեգրվեն հասարակության մեջ, ինչը նախկինում հնարավոր չի եղել իրականացնել բազմաթիվ խոչընդոտների պատճառով:
Ուզում եմ հատկապես ընդգծել, որ ծրագիրը կընդլայնվի, այսօրինակ որակյալ ծառայություններ կստեղծվի նաև Սևան համայնքի մեծահասակների համար, ովքեր կկարողանան հասանելի և որակյալ բժշկական օգնություն ստանալ»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:
Հարկ է նշել, որ Սևանի ԲԿ-ն պարտավորվել է հսկողության տակ վերցնել կենտրոնի գործունեությունը, ֆինանսավորումը և ղեկավարումը` 2022 թվականի հունվարի 1-ից սկսած:
Առողջապահության նախարարությունը պետք է 2022 թվականի հունվարի 1-ից ապահովի Ծրագրի շարունակականությունն այդ պահին եղած ծավալով` ՀՀ պետական բյուջեից կամ այլ ֆոնդերից շարունակական հատկացումները, իր լիազորությունների շրջանակներում, ըստ կարիքի, և պարտավոր է աջակցել ծրագրի լիակատար իրականացմանը:
Հաշվի առնելով, որ մանկական վերարտադրողական կենտրոնների ստեղծումը, որպես գերակա ուղղություն, ներառվել էր Կառավարության 2019-2023 թվականների գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկում, առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է միջոցառումների ժամանակացույց, որտեղ այլ միջոցառումների հետ մեկտեղ սահմանվել էին նաև այս կենտրոնի ստեղծման հետ կապված գործողությունները, որի արդյունքում` կենտրոնն արդեն իսկ լիցենզավորվել է: