«Օտարերկրացու աչքով՝ Հայաստանն այսօր այդքան էլ գրավիչ չէ որևէ բիզնես սկսելու համար, որովհետև ամենալուրջ խնդիրն անվտանգային անորոշությունն է». Կառլեն Խաչատրյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը

Պարո՛ն Խաչատրյան, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ստեղծվել է գործող բիզնեսը այլ երկրից ՀՀ տեղափոխելու և նոր բիզնեսի հիմնման հարցերով աշխատանքային խումբ: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ «արդեն կան տասնյակ, նույնիսկ հարյուրավոր դիմողներ», որոնք հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտից են: Այս ոլորտը Հայաստանում ի՞նչ հնարավորություններ ունի՝ նոր ընկերությունների ներգրավելու համար:

– Նախ նշեմ, որ հնչած հայտարարություններից հասկանալի է, որ այդ աշխատանքային խմբի ստեղծումը պայմանավորված է ռուս-ուկրաինական հակամարտությամբ ու Արևմուտքի՝ ռուսական տարբեր ընկերությունների նկատմամբ կիրառվող պատժամիջոցներով, այսինքն՝ մեծ հաշվով, այստեղ խոսքը հսկայական ներդրումների մասին չէ:

Իմ պատկերացմամբ՝ այստեղ ընդամենը հիմնվելու է ընկերություն, աշխատողները շարունակելու են Ռուսաստանում կամ այլ տեղ աշխատել, ուղղակի արտաքին գործընկերների հետ կապն արդեն Հայաստանում գրանցված կազմակերպության միջոցով է իրականացվելու:

Ես հեռու եմ այն մտքից, որ մարդիկ ուղղակիորեն իրենց բիզնեսը Ռուսաստանում կամ Ուկրաինայում փակելու են ու տեղափոխվեն Հայաստան: Այսինքն՝ ընդամենը ականատես ենք լինելու մի գործընթացի, որի պարագայում գործող բիզնեսն ընդամենը փորձելու է Հայաստանում բիզնես գրանցել ու այդ եղանակով՝ զուտ Հայաստանի ռեզիդենտ հանդիսացող կազմակերպության միջոցով Արևմուտքի գործընկերների հետ հարաբերվել:

– Այսինքն՝ Հայաստանը տվյալ դեպքում դառնալու է միջնո՞րդ Արևմուտքի ու X բիզնեսի միջև:

– Ըստ էության, նման մի բան: Այստեղ մեկ այլ խնդիր էլ կա. նախ՝ դեռ հստակ չէ, թե սահմանված պատժամիջոցները որքան են տևելու, որքան են շարունակվելու ռազմական այս գործողությունները, ու մեկ շաբաթվա կամ տասը օրվա իրողություններ հիմք ընդունելով՝ որևէ լուրջ բիզնես փակվելու, այլ երկիր տեղափոխվելու որոշում օբյեկտիվորեն չի կարող կայացնել, հետևաբար այս կարգի որոշումներն ավելի շատ միջանկյալ, ինչ-որ իմաստով՝ իրենց ապահովագրելու դրսևորումներ ունեն ընդամենը:

– Պարո՛ն Խաչատրյան, կոնկրետ դեպքից վերանալով, ընդհանուր առմամբ, Հայաստանը ՏՏ ոլորտում նոր ընկերությունների ներգրավելու հնարավորություններ, մասնագիտական ռեսուրսներ ունի՞:

– Մեծ հաշվով, վերջին տարիներին այս ոլորտը մեր երկրում զարգանում է, ինչին նպաստել է մի քանի հանգամանք. մի կողմից փոքր ստարտափներին տրվող հարկային արտոնությունները, մյուս կողմից՝ մասնագիտական որոշակի շրջանակների առկայությունը, թեև այս առումով կան վերլուծություններ, որ, այդուհանդերձ, որակյալ աշխատուժի պակաս կա մեր երկրում:

Հիմա մենք ականատես ենք լինում նաև, որ տարբեր ոլորտների մարդիկ վերապրոֆիլավորվում են՝ ՏՏ ոլորտ մտնելու համար, հաշվի առնելով ոլորտի գրավչությունը՝ հատկապես աշխատանքի վարձատրության տեսանկյունից, բայց չի կարելի ասել, որ կադրային առումով հսկայական ռեսուրս ունենք:

Ամեն դեպքում, որոշակի միջավայր վերջին մի քանի տարվա մեջ ձևավորվել է, ու դա կարող է գործոն լինել կամ գրավիչ դարձնել մեր երկիրը ՏՏ ոլորտում նոր ընկերություն հիմնելու տեսանկյունից, բայց մյուս կողմից էլ՝ տարբեր տնտեսական, անվտանգային ու քաղաքական խնդիրները, որ առկա են մեր երկրում, ներդրումների համար ուղղակիորեն այնքան էլ գրավիչ չեն դարձնում Հայաստանը:

– Իսկ Հայաստանը բիզնեսի համար որքանո՞վ է գրավիչ ու ապահով երկիր համարվում:

 – Ցավոք սրտի, օտարերկրացու աչքով Հայաստանն այսօր այնքան էլ գրավիչ չէ որևէ բիզնես սկսելու համար, որովհետև ամենալուրջ խնդիրն անվտանգային անորոշությունն է, որն առկա է մեր տնտեսությունում, քաղաքական որոշակի վայրիվերումներն էլ են վստահության ցածր մակարդակ ներշնչում պոտենցիալ ներդրողին, ու, ի վերջո, կա տնտեսական գործոնների մի մեծ համախումբ՝ սկսած աշխատանքի ցածր արտադրողականությունից, վերջացրած շուկայի փոքրությամբ և բնակչության ցածր կենսամակարդակով, որը գնողունակ չի դարձնում մեր շուկան:

– Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները Հայաստանի տնտեսության վրա ի՞նչ հետևանքներ են ունենալու կարճաժամկետ կտրվածքով:

– Ամենաէական երկու ուղղությամբ ենք խնդիրներ ունենալու. առաջինը արտահանումն է, որովհետև ռուբլու արժեզրկման ֆոնին հայկական արտադրանքը ռուսական շուկայում՝ արտահայտված ռուբլիով, դառնում է ավելի թանկ, հետևաբար ավելի քիչ է սպառվելու, և արտահանման ծավալներն են կրճատվելու:

Հարվածը հատկապես շատ մեծ է լինելու գյուղոլորտի համար, որովհետև ջերմոցային տնտեսություններն իրենց արտադրանքի մեծ մասն ուղարկում էին ՌԴ, ու հիմա անգամ ոչ խոր վերլուծություններն ու հաշվարկներն ակնհայտորեն վկայում են, որ ջերմոցատներն անգամ իրենց ծախսերը չեն կարողանալու փակել, այսինքն՝ մեծ հաշվով, հսկայական ոլորտ կարող է ուղղակի փակվել:

Երկրորդ կարևոր խնդիրը, որ այս փուլում նկատելի է ու մտահոգիչ, Ռուսաստանից եկող տրանսֆերտների ծավալի կրճատումն է, որովհետև դրսից եկող մասնավոր տրանսֆերտների շուրջ 40%-ը հենց ՌԴ-ից է գալիս:

Մյուս կողմից՝ Ռուսաստանում տնտեսական խնդիրները թույլ չեն տալու, որ նույն ծավալի գումար ուղարկվի Հայաստան, բայց անգամ այդ ծավալի դեպքում էլ, քանի որ ռուբլու փոխարժեքը նվազել է, այն, միևնույն է՝ ավելի փոքր գումար է կազմելու, և Ռուսաստանում հարազատներ ունեցող ընտանիքներն ավելի քիչ ապրանքներ են կարողանալու գնել, ինչի հետևանքով մեր ներքին սպառման ծավալները ևս կկրճատվեն:

Կարճաժամկետ հատվածում հիմնական խնդիրներն այս երկուսն են, իսկ եթե ռազմական գործողություններն ու պատժամիջոցները երկարատև բնույթ կրեն, այլ խնդիրներ էլ կառաջանան:

– ՌԴ նախագահը նշում է, որ իրենք պատրաստվել են այդ պատժամիջոցներին, արդյոք Հայաստանը պատրա՞ստ է այդ պատժամիջոցների հետևանքները կրել, պարո՛ն Խաչատրյան:

– Դժվար է ասել, որ պատրաստ ենք, որովհետև, ցավոք սրտի, հատկապես վերջին տարիներին միշտ գնացել ենք ընթացիկ խնդիրների հետևից, այդ պահին դրանք վերացնելու ճանապարհով, երկարաժամկետ պլանավորում չունենք, որոշակի ռեսուրսներ չենք կուտակել, որ ֆորսմաժորային իրավիճակներում կարողանանք ինչ-որ կերպ արձագանքել, հետևաբար, կարծում եմ, որ մեր դիմադրողականությունն անհամեմատ ավելի թույլ է:

Նշենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից «Մեդիալաբին» փոխանցեցին, որ արդեն դիմողներ, Հայաստան տեղափոխվածներ էլ կան, սակայն ընկերությունների մասին որևէ տեղեկություն տրամադրել չեն կարող: Այլ հարցերի պատասխանել ևս նախարարությունը չցանկացավ:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am