Նիկոլը տեղով սպառնալիք է այս ազգի համար. Լևոն Տեր-Պետրոսյան

Այսօր մամուլի ասուլիսում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանից լրագրողը փորձել է հստակեցնել՝ ինչ նկատի ուներ առաջին նախագահը, երբ հայտարարում էր, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար ավելի մեծ սպառնալիք է, քան Թուրքիայից և Ադրբեջանից եկող սպառնալիքը:

Ի պատասխան Լևոն Տեր-Պետրոսյանը վերահաստատտել է, որ Նիկոլ Փաշինյանին համարում է ավելի մեծ չարիք, քան Թուրքիայից ու Ադրբեջանից եկող վտանգը ու բացատրեց՝ ինչու. «Ես վստահ եմ, որ գալու է մի օր, երբ մենք Թուրքիայի ու Ադրբեջանի հետ նորմալ, բարիդրացիական հարաբերություններ ենք հաստատելու, իսկ Նիկոլ Փաշինյանի հետ նորմալ հարաբերություններ սկի իր ընտանիքը չի կարողանում …կարո՞ղ է որևէ մեկը ձեզանից նորմալ հարաբերություն ունեցած լինի Նիկոլ Փաշինյանի հետ: Նիկոլը տեղով սպառնալիք  էայս ազգի համար»:

Ադրբեջանի և Թուրքիայի հետ Հայաստանի՝ հարաբերություններ հաստատելու հարցում, ըստ առաջին նախագահի, շահագրգռված է նաև Ռուսաստանը:

«Ռուսաստանին ձեռք է տալիս, որ հաշտություն կայանա Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև: Ամբողջ աշխարհին է դա ձեռք տալիս: Բայց դրա համար պետք է Հայաստանում նորմալ իշխանություն լինի: Եթե Նիկոլը մնաց, գիտենք՝ ինչ է լինելու», -հավելել է Տեր-Պետրոսյանը:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ առաջին նախագահն ասել է, որ Քոչարյանը ռեալիստ չէ ու հավելել. «Իր տեսադաշտի կենտրոնը ինքն է, իրեն թվում է՝ ամեն ինչ կարող է անել: Թող անի, տեսել ենք նրա արածը»: