«Շատ կեղտոտ քաղաքական պայքար է իրականացվում, կեղծ լուրերը դարձել են հիմնական գործիքը»․ Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավում մեդիան, սոցիալական հարթակները աննախադեպ կիրառում են ստացել։ 

«Շատ քաղաքական ուժեր որոշել են, որ մեծ օգուտ չկա հանդիպումներից, որովհետև և՛ ժամանակն է քիչ, և՛ մարդիկ էլ այնպես չէ, որ այդ ֆորմատի հավես ունեն։ Դրա համար հիմնական ռեսուրսը դրվում է մեդիայի վրա, հատկապես այն քաղաքական ուժերի կողմից, որոնք էդքան էլ մեծ մարդկային ռեսուրսներ չունեն, որ այդ հանդիպումներն անեն»,- «Մեդիալաբին» ասում է Մարտիրոսյանը։

Ըստ փորձագետի՝ քաղաքական ուժերի կողմից մեդիան օգտագործվում է ամբողջ ծավալով՝ Տիկ Տոկից մինչև Ֆեյսբուք. կիրառվում են ինչպես նախկինում օգտագործված ստանդարտ գործիքներ, այնպես էլ՝ նոր տարբերակներ․ «Բավական ակտիվ կիրառվում է սոցիալական մեդիան: Ոչ միայն քաղաքական ուժերն են անմիջականորեն ներգրավված, այլև փորձում են ներգրավել նաև ազդեցություն ունեցող մարդկանց, այսպես կոչված՝ ինֆլուենսերների»,- ընդգծում է Սամվել Մարտիրոսյանը։

Փորձագետի դիտարկմամբ՝ քաղաքական գովազդի համար օգտագործվող հարթակները ևս ընդլայնվել են և լայն թափ են առնում․ «Քաղաքական ուժերի ու գործիչների գովազդներ են նաև ֆիլմերի մեջ, ռուսաստանյան պիրատական կայքերում։ Հիմա ամեն տեղ քաղաքական գովազդն է գնացել ու լավ թափ է առնում, գնալով ուժեղանալու է»։

Այս ընտրություններում անմասն չեն նաև ֆեյքերն իրենց ակտիվությամբ, ինչը Մարտիրոսյանը բավական լուրջ խնդիր է համարում: Քաղաքական պայքարը, ըստ տեղեկատվության անվտանգության փորձագետի, շատ կեղտոտ է անցկացվում, իսկ կեղծ լուրերն ու նորություններն էլ դարձել են հիմնական գործիքներից մեկը։

«Քաղաքական պայքարը նույնիսկ օրեցօր չէ, ժամ առ ժամ անկում է ապրում: Կեղծ նորությունները դարձել են հիմնական գործիքներից մեկը, որովհետև քարոզարշավն ավելի շուտ ուղղված է հակառակորդին սևացնելու, քան սեփական անելիքները ներկայացնելու։ 

Դրան գումարած նաև արտաքին ազդեցությունն է ուժեղացած, մի շարք երկրներից կեղծ և մանիպուլյատիվ լուրերի ներթափանցում կա»,- հավելում է Մարտիրոսյանը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am