Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան կոչ է արել ուժեղացնել միջազգային ճնշումը Ռուսաստանի վրա՝ Ուկրաինայի Դնեպր քաղաքի երկաթուղային կայարանին հասցված հարվածից հետո, որի հետևանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է 14 մարդ, ևս 14-ը վիրավորվել են։
Կոշտան ցավակցություն է հայտնել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն և ուկրաինացի ժողովրդին՝ դատապարտելով քաղաքացիական անձանց դեմ հարձակումը։
«Եվրոպական միությունը կշարունակի ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա և աջակցել Ուկրաինային՝ մինչև արդար և երկարատև խաղաղության հասնելը։ Մենք կոչ ենք անում մեր բոլոր միջազգային գործընկերներին նույն կերպ վարվել»,- գրել է նա սոցիալական ցանցում։
Հարձակումը դատապարտել է նաև ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով համակարգող Մաթիաս Շմալեն։
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ Դնեպրի կայարանին հարվածը ցույց է տալիս՝ «Մոսկվան շահագրգռված չէ խաղաղությամբ»։
Նա ընդգծել է, որ Ուկրաինային աջակցությունը շարունակելու և Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու հարցերը կբարձրացնի հոկտեմբերի 29–30-ին Մոնրեալում անցկացվող ԵՄ–Կանադա գագաթնաժողովում և հոկտեմբերի 30–31-ին Ատլանտայում նախատեսված G20-ի արտգործնախարարների հանդիպմանը։
«Ռուսաստանը պետք է պատասխանատվություն կրի»,- հայտարարել է Կալասը։



















