«Մարդիկ, երբ տոնում էիք Սուրբ ծնունդը, հիվանդանոցում մահացավ Մանուկ Սեմերջյանը». Մհեր Ենոքյան

«Մարդիկ, երբ տոնում էիք Սուրբ ծնունդը, հիվանդանոցում մահացավ Մանուկ Սեմերջյանը». Մհեր Ենոքյան
«Մարդիկ, երբ տոնում էիք Սուրբ ծնունդը, հիվանդանոցում մահացավ Մանուկ Սեմերջյանը». Մհեր Ենոքյան

Ֆիզիկական ազատության մեջ ապրող մարդիկ, երբ տոնում էիք Նոր տարին և Սուրբ ծնունդը, հիվանդանոցում մահացավ Մանուկ Սեմերջյանը, ով 22 տարեկանում հայտնվել էր բանտում և մոտ 22 տարի անմարդկային տառապանքներ կրել անազատության մեջ: Նա մահապատժի դատապարտվածներից առաջինն էր, ով ողջ էր մնացել և հավատում էր, որ շուտով կվերադառնա կյանք, կապրի բոլորի նման, վերջապես կստեղծի իր ընտանիքը, կունենա սիրած զբաղմունք: Նրան այդ հնարավորությունը չտրվեց, թեպետ օրենքը թույլ է տալիս ցմահ դատապարտվածին 20 տարի պատիժը կրելուց հետո դիմել վաղաժամկետ ազատվելու համար: Ասեմ, որ 3 նախկին մահապարտ ևս արդեն հատել է պատժի կրման 20 տարվա շեմը, սակայն նրանց էլ ազատ չեն արձակում այս կամ այն պատճառաբանություններով:
Մահապատժի դատապարտվածները սովորաբար չեն խոսում բանտային պայմաններից, մեզ առաջին հերթին հուզում է արդարադատության իրականացումն այս երկրում: Սակայն Մանուկի մահը ստիպեց վերհիշել անկախ Հայաստանի առաջին տարիների բանտային տխուր ու դաժան համակարգը: Բայց միանգամից ասեմ՝ ոչ մի օրենք չի նախատեսում այնպիսի պատիժ, որի միջով անցանք մենք՝ զրկված մաքուր օդից, արևի լույսից, մարդավայել կերակրից: Մանուկը դարձավ 17-րդը, ում մահվան վճիռն այս կերպ իրականացվեց: Երբ մահապատիժը պետք է փոխարինվեր այլ պատժատեսակով, Մանուկը պատկերավոր ասում էր, որ դագաղի կափարիչը մի փոքր բացվել է, հույս է արթնացել, լույս երևացել: Սակայն մահապատիժը՝ գնդակահարության միջոցով փոխարինվեց ցմահ բանտարկությամբ, նույնն է թե՝ դանդաղ մահով: Ու Նոր տարվա գիշերը Մանուկի համար քարե դագաղի կափարիչը փակվեց ընդմիշտ:

Մանուկի հետ նույն խցում եղել եմ մոտ երեք տարի: Վեց-յոթ տարի կլիներ՝ մաքուր օդ ու արևի լույսի երես չէինք տեսել, 24 ժամ նույն խցում փակված, նույն դեմքերը, ուրիշ ոչինչ: ԵԽ-ին անդամակցելուց հետո մեզ առաջին անգամ զբոսանքի տարան: Այդ օրը հիշում եմ այսօրվա պես: Բնական լույսի տակ նայում էինք իրար ու սարսափում. բոլորս դեղին դեմքերով էինք, կաշի ու ոսկոր: Ու մենք կարող էինք հանգիստ, առանց գրիմի, սարսափ ֆիլմում նկարահանվել:

90-ականների կեսերին երկու տարի շարունակ խցում չենք ունեցել նույնիսկ հայելու մի փոքր կտոր, չէր թույլատրվում: Ալյումինե ամանների հատակներին էինք փորձում տեսնել մեր դեմքերի արտացոլանքը: Երբ երկու տարի անց ինքներս մեզ տեսանք հայելու մեջ, թվում էր՝ հայելուց նայում է նացիստական ճամբարներում տառապած մի անծանոթ: Ռոբինզոնի պես էինք ապրում, բայց նա գոնե օվկիանոսի մոտ էր ու ամեն օր ջուրն էր մտնում, իսկ մենք լողանալու հնարավորություն չունեինք: Լոգանքը շքեղություն էր, թույլատրում էին տարին մեկ անգամ կամ ավելի վատ՝ երկու տարին մեկ անգամ: Այս ամենի մասին մանրամասն դեռ կկարդաք իմ երկրորդ գրքում: Բայց մինչ այդ պատմեմ լոգանքի հազվադեպ շքեղ օրերից մեկի մասին: Եկան ասացին, որ իջեցնում են առաջին հարկում գտնվող բաղնիքը /եթե կարելի է այդպես կոչել/: Հնակարծ, չգիտես որտեղից, բաղնիքում մի կատու հայտնվեց: Հինգ տարի կլիներ, որ կենդանի չէի տեսել: Եվ ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ եղավ… վախեցա, հետ քաշվեցի: Ինքս էլ չզարմացա՝ ինչու այդպես արեցի: Հետո կամաց-կամաց մոտեցա մոխրագույն, բրդոտ կենդանուն, ձեռքս կամաց մոտեցրեցի ու սկսեցի շոյել: Ուրախացա…գտա այն ճեղքը, որտեղից կատուն էր ներս մտել: Փորձում էի անցքը մի կերպ լայնացնել, որպեսզի դուրս պրծնեմ դժոխքից: Հագուստս մոտս չէր, բայց դա չէր խանգարում ինձ, պատրաստ էի անգամ լրիվ մերկ դուրս գալ ազատություն:

Տառապանքների բույլը ամբողջական չի լինի, եթե չգրեմ մեր «մսով» ճաշի մասին: Որդերով լի ապուր էին տալիս, մեկ էլ` ռեժիմով շան ծեծ: Այս պայմաններում այնքան հեշտ էր չարանալը, մարդ մնալը՝ հերոսություն:

Այնինչ համակարգը պիտի 20 տարի աշխատեր վերականգնված մարդ հասարակություն վերադարձնելու ուղղությամբ: Համենայն դեպս, պատժի երեք նպատակներից երկրորդը ուղղման մասին է: Ի՞նչ ուղղում, եթե խնդիր է դրված՝ պարզապես գոյատևել:

Անցյալ տարվա վերջին ցմահ դատապարտյալների խնդիրները քննարկվեցին միջազգային համաժողովի ժամանակ: Հարազատներս բանտ էին ուղարկել համաժողովը լուսաբանող բոլոր հրապարակումները: Իմացա Մեծ Բրիտանիայի փորձի մասին, որտեղ ցմահ դատապարտյալն անցնում է A-D ճանապարհը, նա մոտիվացիա ունի՝ հայտնվել D-ում, որը մեր բաց ռեժիմն է, ավելին՝ Անգլիայում այս ռեժիմում նրանք ապրում են իրենց հարազատների հետ, աշխատում են, ապրում բնականոն կյանքով: Այսինքն՝ համակարգը մի յուրօրինակ քավարան է նախատեսում դատապարտյալների համար, երկար ժամանակ պատրաստում է լիարժեք ազատության: Լսեցի անգլիացի փորձագետի խոսքերը ամենակարևորի մասին. նա ասաց, որ կրկնահանցագործությունները գրեթե բացառվում են ազատություն ստացած ցմահ դատապարտյալների պարագայում:

Իսկ մեզ մոտ 20 տարի կողպեքի տակ պահում ենք մարդուն՝ զրկելով ամենակարևորից՝ մարդ մնալու հնարավորությունից, հետո… հետոն դեռ ոչ մեկը չի տեսել: Եթե Մանուկի օրինակով ենք դիտարկում՝ մահապատիժ ու ցմահ բառերի «մահ» արմատն իր սև գործն արեց: Ու մահապատժի վճիռն «իրագործվեց» 22 տարի անց: Հետևաբար օրենքից դուրս բերել դեռ չգործող այն նորմը, թե ցմահ դատապարտյալը կարող է 20 տարի անց դիմել ազատ արձակվելու համար: Միևնույնն է համակարգը դեռ չի գնում այդ քայլին:

Մարդիկ, կարծում եմ, որ շատ կարևոր է, որ մարդը, անկախ իր կատարած կամ չկատարած հանցանքից /դա միայն Աստված գիտի/ ազատության մեջ հեռանա կյանքից, հեռանա մարդկանցից: Դա կարևոր է առաջին հերթին Ձեր՝ ֆիզիկական ազատության մեջ ապրողներիդ համար:

Մհեր Ենոքյան, ցմահ բանտարկյալ, «Նուբարաշենի» կլոր բանտից