«Փաշինյանը խոստովանեց, որ հարցն արդեն հասել է մեր պետականության չգոյությանը»․ Արմեն Բաղդասարյան

Լուսանկարը՝ media.am

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը 

– Պարո՛ն Բաղդասարյան, ի՞նչ կարևոր կետեր կառանձնացնեք Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսից, ո՞րն էր վարչապետի ասելիքը։

– Որևէ նոր բան չասվեց։ Հիմնական ասելիքն այն էր, որ ճանապարհների ապաշրջափակման հարցում մեր ու Ադրբեջանի դիրքորոշումները չեն համընկնում, որ մենք շատ լուրջ ճնշումների տակ ենք, խոստովանեց, որ հարցն արդեն հասել է մեր պետականության չգոյությանը, որ Ադրբեջանն ու Թուրքիան ընդհանրապես վիճարկում են՝ արդյոք մենք անկախ պետականություն պիտի ունենա՞նք, թե՞ ոչ։

Մի խոսքով՝ ներկայացրեց, թե ինչ ծանր վիճակում ենք, կոնկրետ ես տպավորություն ստացա, որ նա խնդիրները հասկանում է, բայց որևէ լուծում չունի։

– Ստեղծված իրավիճակում ի՞նչ սպասել, Հայաստանն այդ մարտահրավերներին ինչպե՞ս պետք է դիմակայի։

– Այդ մարտահրավերներին դիմակայելու համար Հայաստանը պետք է ունենա քաղաքական իշխանություն, իսկ երեկվա իր ելույթից տպավորություն ստացվեց, որ Հայաստանն այդպիսի իշխանություն չունի:

Նիկոլ Փաշինյանը չէր խոսում՝ որպես պետության ղեկավար, նրա խոսքը պետության ղեկավարի խոսք չէր, որովհետև պետության ղեկավարն իրավունք չունի ասել, օրինակ՝ իսկ գուցե մեր հիմնական սխալն այն էր, որ մենք մեր անկախությունը լո՞ւրջ ենք ընդունել։

Նման բան չի կարող ասել պետության ղեկավարը, որը նաև այդ պետության անկախության ու տարածքային ամբողջականության երաշխավորն է։ Այդպիսի բան կարող է ասել հրապարակախոսը, լրագրողը, ուրիշ մեկը, բայց ոչ պետության ղեկավարը։

Պետության ղեկավարի խոսք չէր նաև այն, որ ասում է՝ ես ուզում եմ անկեղծորեն հարցնել Ադրբեջանին ու Թուրքիային՝ դուք ուզում եք մեզ կոտորե՞լ, թե՞ չեք ուզում։ Այսինքն՝ ի՞նչ է ակնկալում, որ նրանք էլ պետք է անկեղծորեն ասեն, թե, այո՛, ուզում ենք ձեզ կոտորել։ Անհասկանալի է, դրա համար եմ ասում, որ դա պետության ղեկավարի խոսք չէր։

– Պարո՛ն Բաղդասարյան, այդ պարագայում, երբ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները պետության ղեկավարի խոսք չեք համարում, միջազգային հանրության արձագանքն ինչպիսի՞ն է լինելու։

– Հետևանքները կլինեն նրանք, որ մեր նկատմամբ դիրքորոշումն ավելի կկոշտանա, և երկրորդ՝ կարևորագույն հարցերով արդեն Ադրբեջանն ու Թուրքիան կգերադասեն խոսել ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաաստանի հետ, որովհետև եթե պետության ղեկավարը կասկածի տակ է դնում իր պետության անկախությունը, ապա այդ ղեկավարի հետ երկխոսելդ անիմաստ է դառնում։

Կարծում եմ, որ նման հայտարարությունները նրա կողմից չգիտակցված են արվում, մինչ այժմ նա կարծես չի էլ գիտակցում, որ ինքը պատասխանատու է պետության համար, այսինքն՝ այդ գիտակցումն անգամ չկա, դրա համար եմ ասում, որ դա պետության ղեկավարի խոսք չէր։

– Բայց Նիկոլ Փաշինյանն իր խոսքում ասաց, որ տպավորություն թող չստեղծվի, թե ով ինչ ասի՝ Հայաստանը պետք է անի, որ մենք վճռական ենք մեր անկախության ու պետականություն ունենալու հարցում։ Ձեզ չի՞ համոզել, պարո՛ն Բաղդասարյան, այս խոսքերով։

– Նա ասում է մի բան, անում՝ այլ, դա փորձն է ցույց տվել, որովհետև մինչ այժմ ինչ ասել են, նա արել է։

Իսկ պետության անկախությունը, պետականություն ունենալն իր որոշելիքը չէ, նա՝ որպես պետության ղեկավար, պարտավոր է այդպես անել, իր քմահաճույքը չէ, որ ինքը որոշել է անկախ պետություն ունենալ, բայց տպավորություն էր, որ նրան շատ չի էլ հետաքրքրում այդ անկախությունը, որովհետև ինքն ասաց, չէ՞, իսկ գուցե մենք շատ լո՞ւրջ ենք ընդունում մեր պետությունը: Եղբա՛յր, հրաժարակա՛ն տուր, թող գան նրանք, ովքեր անկախ պետականությունը լուրջ են ընդունում։

– Իսկ Սոչիում ու Բրյուսելում կայանալիք առաջիկա հանդիպումներից ի՞նչ ակնկալիքներ ունեք։

– Կարծում եմ, որ օրակարգերը նույնը չեն լինելու։ Բրյուսելում քննարկվելու են ավելի շատ հումանիտար խնդիրներ, կոնկրետ՝ ռազմագերիների վերադարձի խնդիրներ ու այլն, իսկ Սոչիում կնախապատրաստվեն այն փաստաթղթերը, որոնց հիման վրա հետագայում պիտի արվի սահմանների ճշգրտումը։

Նոյեմբերի 26-ին Սոչիում նոր փաստաթուղթ չի ստորագրվելու, կքննարկվեն իրավական այն հիմքերը, որոնց հիման վրա էլ հետագայում կստորագրեն նոր համաձայնագիր։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am