Հայաստանի հատուկ ծառայություններում նախատեսվում է կրկնապատկել աշխատավարձերն ատեստավորման միջոցով

Հայաստանի ներքին գործերի նախարարության ձևավորման հարցում կառավարությունը մոտ է վերջնական որոշումների կայացմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` կառավարության նիստում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ արդեն իսկ մեկնարկել է  ոստիկանության բարեփոխումների գործընթացը:

«Մեր առաջիկա նպատակների մեջ մենք մեզ համար առաջնահերթություն ենք համարում, մասնավորապես, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, փրկարար ծառայության, պետական պահպանության ծառայության նոր ստանդարտների հաստատումը: Ստանդարտի մեջ նկատի ունենք նաև աշխատավարձերի բարձրացումը»,-ասաց վարչապետը: 

Նրա խոսքով` բոլոր հատուկ  ծառայություններում, որոնց գործունեությունը կապված է անվտանգության հետ,  պետք է առաջիկա տարիների ընթացքում կարողանան արձանագրել աշխատավարձի կրկնապատկում` ատեստավորման գործընթացի միջոցով:

«Մենք պետք է հասկանանք, որ կա պետական համակարգ, որը խթանում է և մոտիվացիա է տալիս մեզ համար առանցքային ոլորտի աշխատողներին: Համակարգը մոտավորապես  պետք է աշխատի հետևյալ կերպ. առաջիկա երեք տարիներին  բոլոր այն աշխատողները, ովքեր ունեն այդ ցանկությունը, կամավոր ատեստավորման գործընթաց  են անցնում, որի արդյունքում աշխատավարձերը կրկնապատկվում են: Արդյունքում բարձրանում է ոչ միայն աշխատավարձը, այլև աշխատանքի ստանդարտը, որը  մենք ակնկալում ենք»,-նշեց նա: