«Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հյուրերին առանձնապես տպավորել էին հայկական գինին և կոնյակը». Նիկոլ Փաշինյան

«Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հյուրերին առանձնապես տպավորել էին հայկական գինին և կոնյակը». Նիկոլ Փաշինյան
«Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հյուրերին առանձնապես տպավորել էին հայկական գինին և կոնյակը». Նիկոլ Փաշինյան

«Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի ընթացքում մեր հյուրերին առանձնապես տպավորել էին հայկական գինին և կոնյակը, ինչը ինձ համար կարևոր և լավ նորություն էր»:

Այսօր տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ գագաթնաժողովին ներկա էին երկրների ղեկավարներ, որոնք համարվում են գինեգործության համաշխարհային լիդերներ:

«Ինձ համար շատ հաճելի էր, որ Ֆրանսիայի նախագահը և առաջին տիկինը հարկ համարեցին արտահայտվել հայկական գինու և կոնյակի, իհարկե իրենց բառապաշարով՝ բրենդիի որակի կապակցությամբ, ինչը շատ լավ է, և ոչ միայն նրանք: Դա նշանակում է, որ մենք կարողացել ենք հասնել այդ խմիչքների արտադրության որոշակի միջազգային չափանիշի»,- ասել է Փաշինյանը: 

Նրա խոսքով՝ կառավարությունը պետք է ձեռնարկի բոլոր միջոցները արտադրանքի ծավալները մեծացնելու համար։

«Կարծում եմ՝ այս պահին առավել մեծ խոչընդոտը դրա համար արտադրանքի ծավալներն են, և նաև այս կարգի ներդրումային ծրագրերով պետք է աջակցենք մեր գինեգործներին և կոնյակագործներին արտադրանքի ծավալները մեծացնելու հարցում: Չնայած մյուս կողմից կարող ենք միջնաժամկետ հեռանկարում խնդիրներ ունենալ նաև Հայաստանում մշակվող խաղողի ծավալների հետ, և այս առումով գյուղատնտեսության նախարարությունը պետք է շատ ինտենսիվ աշխատի, որպեսզի մեր երկրում խաղողի այգիների ծավալները, դրանց մշակման կուլտուրան և որակը, ինչպես նաև հակակարկտային պաշտպանության, ոռոգման խնդիրները պատշաճ մակարդակի բերենք, որովհետև ակնհայտ է, որ գինեգործությունը շատ հեռանկարային ճյուղ է»,-ընդգծել է կառավարության ղեկավարի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կոնյակի արտադրության ոլորտում առկա են լուրջ խնդիրներ: «Կոնյակի արտադրության ոլորտը համարում ենք կայացած, բայց այդտեղ էլ ունենք լուրջ խնդիրներ, այն է՝ ոչ իրական արտադրանքի սպառումը և տարածումը հատկապես Եվրասիական տնտեսական միության տարածքում, այսինքն՝ հայկական կոնյակի անվան տակ տարածվող այն խմիչքները, որոնք իրականում հայկական կոնյակ չեն: Այստեղ էլ մենք պետք է շատ լուրջ վերահսկողություն կարողանանք ապահովել մթերման ծավալների առումով, որպեսզի չստացվի, որ որոշ անբարեխիղճ արտադրողներ այլ երկրներից այլ ծագման սպիրտ ներկրեն կամ թեկուզ ոչ հայկական կոնյակի սպիրտ ներկրեն և դա հայկական կոնյակի անվան տակ արտահանեն, ինչը բրենդի հեղինակության վրա լրջագույն նեգատիվ ազդեցություն է ունենում»,- ասել է Փաշինյանը: