Ծրագրեր, որոնք փոխում են մարդկանց կյանքը. «Դիվանագետներն ու արվեստագետները` կարիքավոր ընտանիքներին»

Ծրագրեր, որոնք փոխում են մարդկանց կյանքը. «Դիվանագետներն ու արվեստագետները` կարիքավոր ընտանիքներին»
Ծրագրեր, որոնք փոխում են մարդկանց կյանքը. «Դիվանագետներն ու արվեստագետները` կարիքավոր ընտանիքներին»

«Դիվանագետներն ու արվեստագետները` կարիքավոր ընտանիքներին» նախաձեռնության շրջանակներում դեկտեմբերի 20-ին` ժամը 18:00-ին, Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի կունենա ամանորյա բարեգործական միջոցառում:
Հայ էստրադային երգիչները հանդես կգան բարեգործական համերգով, իսկ ժամանակակից արվեստագետներն իրենց աշխատանքները կներկայացնեն ցուցահանդես-վաճառքի:
Ըստ նախաձեռնության հեղինակների՝ միջոցառման ընթացքում ձևավորված ողջ հասույթը կուղղվի Տավուշի մարզի սահմանամերձ Վազաշեն գյուղի մանկապարտեզը նորոգելու նպատակով հիմնադիր կապիտալ ստեղծելուն, ինչպես նաև «Հայ Ձմեռ պապ» հիմնադրամի` Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում բնակվող սոցիալապես անապահով շահառու ընտանիքներին օժանդակելուն:

«Սա ամենամյա բարեգործական ակցիաների շարք է, որը «Հայ Ձմեռ պապը» Ամանորից առաջ միշտ կազմակերպում է: Մշտապես անդրադառնալով սահմանամերձ գյուղերի և Լեռնային Ղարաբաղի սոցիալապես անապահով ընտանիքներին՝ այս տարի առաջին անգամ որոշեցինք ավելացնել նաև Ջավախքից երկու ընտանիք, քանի որ այնտեղ էլ ընտանիքներ կան, ովքեր ապրում են սարսափելի պայմաններում»,- ասում է «Հայ Ձմեռ պապ» լրագրողական բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը:

Նա նշում է, որ միջոցառման հասույթի 80 տոկոսը տրամադրվելու է Տավուշի մարզի սահմանամերձ Վազաշեն գյուղի ռմբակոծված մանկապարտեզի վերանորոգմանը, 20 տոկոսը` Ջավախքի երկու սոցիալապես անապահով ընտանիքների:

Նախաձեռնության համահեղինակներից են նաև Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին, ՀՀ վաստակավոր արտիստ, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը:

«Հայ Ձմեռ պապ» լրագրողական բարեգործական հիմնադրամը իր գործունեությունը սկսել է 2004-ից: Իր մեկնարկից ի վեր հիմնադրամը ներկայացնում է սոցիալապես անապահով ընտանիքների պատմություններ՝ ֆիլմերի, հոդվածների և ֆոտոշարքերի միջոցով, որին այլ լրատվամիջոցների հետ համատեղ մասնակից է նաև «Մեդիալաբը»:

«Մենք փորձում ենք ներհասարակական արձագանք առաջացնել: Եվ մեր ծրագրերի ընթացքում արձագանքներ են լինում ինչպես սփյուռքից, այնպես էլ օտարերկրացիների կողմից, ինչը լիովին փոխում է մարդկանց կյանքը»,- «Մեդիալաբին» ասում է Արմինե Պետրոսյանը:

© Medialab.am