Կրեմլում աճում է անհանգստությունը հնարավոր դավադրության և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձի սպառնալիքի վերաբերյալ, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ։ Այս մասին նշվում է ԵՄ երկրներից մեկի հետախուզական զեկույցում, որին հասանելիություն են ստացել մի շարք միջազգային լրատվամիջոցներ։
Ինչպես հաղորդում է Deutsche Welle-ն՝ զեկույցում նշվում է, որ ի պատասխան այդ սպառնալիքների՝ ուժեղացվել է Պուտինի անվտանգությունը։ Դաշնային պահպանության ծառայությունը խստացրել է ստուգումները նախագահի աշխատակազմում, սահմանափակել նրա տեղաշարժը և փաստացի տեղափոխել աշխատանքը առավել պաշտպանված տարածքներ։ Պուտինը այլևս չի այցելում իր ռեզիդենցիաներ Մերձմոսկովյան շրջանում և Վալդայում։
Բացի այդ, խիստ վերահսկողություն է սահմանվել այն աշխատակիցների նկատմամբ, որոնք անմիջական հասանելիություն ունեն նախագահի նկատմամբ․ նրանց արգելվել է օգտագործել սովորական հեռախոսներ և հասարակական տրանսպորտ, իսկ խոհարարների, լուսանկարիչների և անվտանգության աշխատակիցների բնակարաններում տեղադրվել են տեսահսկման համակարգեր։
Զեկույցում նաև նշվում է, որ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Շոյգուն դիտարկվում է որպես «հնարավոր ապակայունացնող գործոն»՝ հատկապես նրա նախկին տեղակալ Ռուսլան Ցալիկովի ձերբակալությունից հետո, որը, ըստ զեկույցի, խարխլել է էլիտաների ոչ պաշտոնական անվտանգության երաշխիքները։
Ընդհանուր առմամբ, նշվում է ներքին հակամարտությունների ռիսկերի աճ և լարվածության սրացում ուժային կառույցների միջև, որոնք միմյանց են մեղադրում ուկրաինական հատուկ ծառայությունների հարձակումներին դիմակայելու ձախողումների համար։



















