«Մի՛ անհանգստացեք, եթե Ստամբուլի կոնվենցիան վավերացվի էլ, միևնույն է, Հայաստանի կյանքում ոչինչ չի փոխվի». Իրավապաշտպան

«Մի՛ անհանգստացեք, եթե Ստամբուլի կոնվենցիան վավերացվի էլ, միևնույն է, Հայաստանի կյանքում ոչինչ չի փոխվի». Իրավապաշտպան
«Մի՛ անհանգստացեք, եթե Ստամբուլի կոնվենցիան վավերացվի էլ, միևնույն է, Հայաստանի կյանքում ոչինչ չի փոխվի». Իրավապաշտպան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը

– Պարո՛ն Իշխանյան, «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» (Ստամբուլի) կոնվենցիայի վավերացման դեմ Հայաստանում արշավ է սկսվել կարծես։ Ինչպե՞ս եք գնահատում այս քննարկումները։

– Անկեղծ ասած, ես այդ քննարկումներին չեմ մասնակցել և չեմ էլ ուզում մասնակցել, որովհետև, իմ կարծիքով, դրանց մասնակցող շատ քիչ մարդիկ կան, ովքեր իսկապես տեսակետ ունեն այս հարցի առնչությամբ։ Հիմնականում սա ինձ համար մի քիչ կեղծ օրակարգ է, որովհետև հիմնական դեմ եղողները հենվում են մեր հասարակության պահպանողական շերտի վրա։ Եվ եթե 2017 թվականի Ընտանեկան բռնության դեմ օրենքի քննարկման ժամանակ ուզում էին «հերոսանալ», այսօր էլ դա օգտագործվում է այսօրվա իշխանությունների դեմ։

Եվ ես չեմ կարծում, որ նրանց հիմնական մասը խորապես անհանգստացած է այն «վտանգներով», որոնք իբր նրանք տեսնում են այդ կոնվենցիայում։ Սակայն, կոնվենցիային կողմ եղողների որոշակի մասն էլ փորձում է հաճոյանալ իշխանություններին։

– Եկեղեցականներն են փորձում միջամտել կոնվենցիայի վավերացման գործընթացին։ Եպիսկոպոսներն ու թեմակալ առաջնորդները հայտարարություն տարածեցին՝ իշխանություններին կոչ անելով չվավերացնել կոնվենցիան։ Ընդհանրապես, որքանո՞վ է նպատակահարմար, որ եկեղեցին միջամտում է նման հարցերում, ո՞րն է դրա նպատակը։

– Քանի որ արդեն վաղուց Հայ Առաքելական Եկեղեցին ներքաշված է երկրի հասարակական-քաղաքական կյանքում, չէր կարող անհաղորդ մնալ այս ամենին։ Եկեղեցու կարծիքն ինչ-որ իմաստով հասկանալի է։ Եթե եկեղեցին չեզոք լիներ, իր կարծիքն անկախ ասեր, դա ուրիշ բան։ Բայց արդեն վաղուց եկեղեցին տարբեր հարցերում անընդհատ ներքաշվել է ողջ պետական կյանքին։

Սակայն ինձ համար այստեղ հետաքրքիրն այն է, որ նրանց այդ հայտարարությունը, ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ընդունվել է եպիսկոպոսների ու թեմակալ առաջնորդների ընդհանուր ժողովում։ Սա մի փոքր անհասկանալի է, քանի որ, ըստ մեր եկեղեցու, կուսակրոն վարդապետ են օծվում, նոր միայն դառնում եպիսկոպոս ու թեմակալ առաջնորդ։

Կուսակրոն հոգևորականներ լինելով՝ նրանք որտեղի՞ց են տեղյակ ընտանեկան ներքին կյանքին, եթե իսկապես պահպանվում է կուսակրոնությունը, որտեղի՞ց են տեղյակ կանանց և ընտանեկան բռնությունների մասին։ Նրանք պետք է ամբողջությամբ ծառայեն Աստծուն, եկեղեցուն և ընտանեկան բոլոր «արատներից» զերծ լինեն։ Բայց հանկարծ պարզվում է, որ նրանք բավական քաջատեղյակ են այդ ամենին և իրենց հեղինակավոր խոսքն են ասում։ Արդյոք խոստովանություններո՞վ։ Չեմ կարծում։

Մյուս կողմից, երբ կարդում ենք հայտարարությունը, այնտեղ շատ հետաքրքիր ձևակերպումներ կան, թե արարչագործության տեսանկյունից ինչպես են միմյանցից տարբերվում կինն ու տղամարդը։ Եվ այստեղ հիշում ենք հենց նույն աստվածաշնչյան այն տեսությունը, ըստ որի՝ Աստված իր կերպարով ստեղծեց տղամարդուն, հետո ստեղծեց կենդանիներին, որ իր համար ծառաներ ընտրի։ Բայց քանի որ նրանցից ծառա դուրս չեկավ, տղամարդուն քնեցրեց և նրա կողոսկրից ստեղծեց կնոջը՝ որպես Ադամին ծառա։

Այսինքն՝ հենց աստվածաշնչյան հայեցակարգի մեջ կինը ստորադասվում է տղամարդուց և համարվում է Աստծո կերպարանքով տղամարդու ծառա։ Եվ այս տեսանկյունից եկեղեցու այդ հայեցակարգը, ընտանեկան բռնության հարցի հետ կապված, շատ բնական է և հասկանալի, որովհետև ի սկզբանե նրանք ընդունում են, որ կինը տղամարդու ծառան է։ Իսկ ծառայի հետ ինչպես ուզում ես, կարող ես վարվել։

Բայց անհասկանալի է, որ մեր քաղաքական-հասարակական գործիչները, որոնք 21-րդ դարում են ապրում, դեռևս առաջնորդվում են միջնադարյան եկեղեցական դոգմաներով, ինչպես Հայ Առաքելական Եկեղեցին, և համարում են, որ տղամարդը ստեղծվել է այնպես, ինչպես Աստվածաշնչում է գրված, իսկ կինն ընդամենը նրա կողոսկրից ստեղծված մի ծառա է։

– Ո՞րն է ձեր կարծիքը Ստամբուլի կոնվենցիայի մասին, արդյոք այն որևէ վտանգ պարունակո՞ւմ է։

– Ես նայել եմ այդ կոնվենցիան և այն վտանգների մասին (նույնասեռական ամուսնություններ և այլն), որ ներկայացնում են անհանգստացածները, չեմ տեսել։ Ինչպես կարմիրը խրտնեցնում է ցուլերին, այնպես էլ, հավանաբար, կոնվենցիայում օգտագործված «գենդեր» բառը խրտնեցնում է մեր պահպանողականներին։ Բայց ես միանգամից ուզում եմ հանգստացնել անկեղծ պահպանողական ուժերին՝ մի՛ անհանգստացեք, եթե այդ կոնվենցիան վավերացվի էլ, միևնույն է, Հայաստանի ընտանեկան, հասարակական-քաղաքական կյանքում ոչինչ չի փոխվի։

1993 թվականին Հայաստանը վավերացրել է Խոշտանգումների դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան, բայց մինչև այսօր խոշտանգումները շարունակվում են, և դեռևս որևէ պաշտոնյա պատասխանատվության չի ենթարկվել։ Նույնը վերաբերում է այլ միջազգային կոնվենցիաների, ինչպես նաև ազգային օրենքների։ Եվս մեկ օրինակ․ «Երեխաների իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան (վավերացված 1993 թ․) և «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը (ընդունված1996 թ.), սակայն երեխաներին շարունակում են պատժել և ծեծել, ինչպես ընտանիքում, այնպես էլ դպրոցներում, իսկ բազմաթիվ երեխաներ զրկված են կրթության իրավունքից։

Այնպես որ, մեր «ավանդապահ ազգայնականները» կարող են հանգիստ քնել, այդ կոնվենցիան չի գործելու։ Եվ նաև անկեղծ հավատացյալ հոգևորականները նույնպես կարող են հանգիստ քնել, այդ կոնվենցիան չի գործելու, և Հայաստանում կինը շարունակելու է մնալ տղամարդու ծառան, համաձայն Սուրբ գրքի։

Եվ հավանաբար, ինչպես Ընտանեկան բռնության դեմ օրենքը նախկին իշխանությունները «հերոսաբար» ընդունեցին՝ ԵՄ-ից ֆինանսական աջակցության ակնկալիքով, այնպես էլ նոր իշխանությունները, հավանաբար, առավել մեծ «հերոսությամբ» կոնվենցիան կվավերացնեն, նույն ակնկալիքներով, ընդամենը․․․

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am