Ադրբեջանի նպատակը շատ պարզ է՝ մարսել արևմտյան հարթակներում ձեռք բերված պայմանավորվածություններից հրաժարվելը. Արմեն Պետրոսյան

Լուսնակարը՝ Factor.am

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը 

– Պարո՛ն Պետրոսյան, ինչի՞ արդյունքում Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածում քառօրյա հրադադարի շուրջ համաձայնության եկան, կա՞ն հնարավորություններ, որ հրադադարը երկար շարունակվի:

– Այդ պայմանավորվածությունը ձեռք բերվեց, որովհետև բավականաչափ մեծ էր ճնշումն Իսրայելի իշխանությունների վրա՝ պայմանավորված ՀԱՄԱՍ-ի կողմից ավելի քան 200 գերիներ պահելու խնդրով: Բազմաթիվ երկրներ, որոնց քաղաքացիներ էին այդ գերիները, ահռելի ճնշում էին գործադրում Իսրայելի վրա, նախ՝ Գազայի հատվածում իրականացվող գործողության հումանիտար հետևանքների, երկրորդ՝ այդ գերիների անվտանգության մասով: Այսինքն՝ կար միջազգային ահռելի ճնշում Իսրայելի վրա, ու այս բանակցությունները շարունակվում են մոտավորապես երկու շաբաթ, հիմնականում Կատարի միջնորդությամբ հնարավոր եղավ ձեռք բերել այս հրադադարը: 

Խոսքը քառօրյա հրադադարի մասին է, բայց չեմ կարծում, որ այն տևական կլինի, որովհետև գոնե Իսրայելին կանգնեցնելու այս որոշումը միանշանակ չէ ու լայն փոխըմբռնում չունի միջազգային հանրության շրջանում: Իհարկե, փորձ կարվի ազդել Իսրայելի վրա՝ հետագա ռազմական գործողությունների շարունակականություն չապահովելու համար, բայց շատ քիչ է հավանականությունը, որ Իսրայելը կհամաձայնի: 

Եթե անգամ համաձայնությունն էլ կայանա, այնուամենայնիվ, Իսրայելը, գոնե այդ հյուսիսային հատվածում, կարողացել է ձևավորել անվտանգության գոտի, որը կարող է գործընթացների ավելի երկարաժամկետ շարունակության համատեքստում որոշակի առումով մեծացնել անվտանգության ապահովումը Գազայի հատվածից հնարավոր գործողությունների մասով: 

Իրավիճակը սա է, բայց միանշանակ չէ, որ այդ հրադադարը կարող է տևական լինել, այո՛, Կատարի ու Եգիպտոսի ակտիվ միջնորդությամբ փորձ է արվում ընդհանրապես դադարեցնել այս հակամարտությունը, բայց դրանում հաջողելն այս պահին քիչ հավանական է:

 – Եթե, այնուամենայնիվ, հաջողվի երկարատև հրադադարի համաձայնության գալ, դա որքանո՞վ կնպաստի աշխարհաքաղաքական ընդհանուր լարվածության նվազմանը, թե՞ այդ լարվածությունը կշարունակվի:

– Չեմ կարծում, ընդամենը կմարի լարվածության օջախներից մեկը, բայց գլոբալ հակամարտությունը, որը պայմանավորված է ուկրաինական ճգնաժամով, շարունակվելու է ու այլ դրսևորումներ ևս ունենալու է, հետևաբար չեմ կարծում, որ եթե անգամ Գազայում հնարավոր լինի կանգնեցնել պատերազմը, ապա այն մեծ ազդեցություն կունենա համաշխարհային իրավիճակի վրա:

Ընդամենը, ինչպես ասացի, տարածաշրջանային մի հակամարտություն կդադարի, բայց հետագայում վերսկսվելու հեռանկարով, որովհետև Իսրայելը անցած շուրջ 50 օրվա ընթացքում զգալի հաջողություններ է ձեռք բերել ՀԱՄԱՍ-ի դեմ, զգալիորեն թուլացնելով նրա հնարավորությունները: 

Եթե հիմա ՀԱՄԱՍ-ին երկարատև հնարավորություն տրվի, ապա նա այդ ժամանակը, բնականաբար, օգտագործելու է վերազինվելու և նոր հակամարտություն բորբոքելու նպատակով, իսկ Իսրայելի ռազմավարական նպատակն ընդհանրապես Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ներկայության բացառումն է: Քանի դեռ միջազգային իրավիճակը թույլ է տալիս այդ նպատակին միտված քայլերն իրականացնելուն, կարծում եմ, որ Իսրայելը կգնա այդ ուղղությամբ: 

– Պարո՛ն Պետրոսյան, դառնալով մեր տարածաշրջանի խնդիրներին, Ադրբեջանը համաձայնել է հայկական կողմի առաջարկությանը, ու նախնական պայմանավորվածությամբ՝ նոյեմբերի 30-ին, կողմերը կհանդիպեն հայ-ադրբեջանական սահմանին: Կկայանա՞ այդ հանդիպումը ըստ ձեզ, ու ինչո՞ւ է վերջին շրջանում ադրբեջանական կողմը ձգտում ուղիղ բանակցությունների մեջ մտնել Հայաստանի հետ՝ առանց միջնորդների:

– Ադրբեջանի նպատակը շատ պարզ է՝ մարսել հատկապես արևմտյան հարթակներում ձեռք բերված պայմանավորվածություններից հրաժարվելու իրողությունը, այսինքն՝ Ալիևի արևմտյան հարթակներ չմեկնելն ու բանակցություններից հրաժարվելը հնարավորինս քիչ հետևանքներ ունենան Ադրբեջանի համար: 

Այս նպատակի համար Ալիևը փորձում է գործարկել տարբեր մեխանիզմներ, մինչև այս, օրինակ՝ փորձ է արվել Վրաստանի միջնորդությամբ բանակցություններ կազմակերպել, իսկ այս վերջին փորձը, բնականաբար, արդեն ուղիղ բանակցություններն են: 

Չի բացառվում, որ Հայաստանի կողմից՝ Ադրբեջանի առաջարկած օրակարգով բանակցությունները հետագայում, ադրբեջանական քարոզչության արդյունքում օգտագործվեն ընդդեմ Հայաստանի՝ ադրբեջանական շահերի համատեքստում: Այսինքն՝ այդ երկկողմ բանակցությունների հնարավորությունները, այդտեղ քննարկված կամ անգամ չքննարկված հարցերն օգտագործեն, որպեսզի Ադրբեջանը լեգիտիմ հիմքեր ստանա արևմտյան հարթակներում բանակցություններից հրաժարվելը մարսելու: 

Վառ օրինակը մենք երկու տարվա ընթացքում տեսել ենք, թե ինչպես ռուսական հարթակում մի բան պայմանավորվելով, բրյուսելյան հարթակում՝ այլ բան պայմանավորվելով, պրահյան հարթակում՝ այլ, ամեն բան խառնում էր իրար ու պայմանավորվածությունները ներկայացնում էր իրեն ձեռնտու լույսի ներքո: Նպատակը հենց սա է եղել՝ խառնել մինչ այս եղած հարթակներում ձեռք բերված պայմանավորվածությունները ու նոր օրակարգ սահմանել, որը հետագայում կրկին կօգտագործվեր Բաքվի շահերի համատեքստում: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am