Գնել Սանոսյանն ընդունել է Տիգրան Արզաքանցյանին և Նատալյա Ռոտենբերգին

Հուլիսի 20-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց գործարար, ՀՀ Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, «Տիգրան Արզաքանցյան» բարեգործական հիմնադրամի նախագահ Տիգրան Արզաքանցյանին և նրա տիկնոջը՝ Նատալյա Ռոտենբերգին:

Հանդիպման ընթացքում մարզպետի և հյուրերի միջև զրույց ծավալվեց մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի և դրա կարգավորման հնարավորությունների, մարզում աշխատատեղերի ստեղծման անհրաժեշտության, հետպատերազմյան իրավիճակի աստիճանական կագավորման, մազային բնույթի այլ թեմաների շուրջ:

Զրույցի ընթացքում Տիգրան Արզաքանցյանը ներկայացրեց այն աշխատանքները, որոնք ամուսինների հովանավորությամբ իրականացվել են Գավառ քաղաքում, վերջին ամիսների ընթացքում: Տիգրան Արզաքանցյանը և Նատալյա Ռոտենբերգը Գնել Սանոսյանի հետ ունեցած զրույցի ընթացքում նշեցին, որ իրենք ունեն մարզում ներդրումային ծրագրերի իրականացման գաղափար և ակնկալում են Գեղարքունիքի մարզպետի և մարզպետարանի աջակցությունը՝ այն իրականություն դարձնելու հարցում:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ողջունեց հյուրերին և նշեց, որ մարզպետարանը իր լիազորությունների և իրավասությունների շրջանակներում պատրաստակամ է աջակցել նման գաղափարների կյանքի կոչմանը, ինչը ենթադրում է նաև մարզում նոր և հիմնական աշխատատեղերի ստեղծում: Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին առաջիկայում կազմակերպել ևս մեկ հանդիպում, որի ընթացքում հնարավոր կլինի ներդրումային ծրագրերին անդրադառնալ ավելի ընդլայնված ձևաչափով: