Ադրբեջանը հատկապես վերջին 10 տարիների ընթացքում բազմատեսակ զենքեր է գնել Ռուսաստանից, Թուրքիայից և Իսրայելից։ Հենց այս երեք երկրներն են Ադրբեջանի զենքի հիմնական մատակարարները։ Սակայն Ադրբեջանի զինանոցում կան նաև այլ երկրների կողմից արտադրած զինատեսակներ։ «Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է բաց աղբյուրները՝ պարզելու, թե որ երկրներն են զինել Ադրբեջանին և ինչ զինատեսակներ են նրանք մատակարարել Բաքվին։
Եվրոպական միություն
Հոկտեմբերի 26-ին Եվրոպական միության արտաքին գործողության ծառայությունը հանրայնացրեց ԵՄ անդամ երկրների կողմից զենք-զինամթերքի արտահանման մասին տվյալներ, որոնք առաջին անգամ մանրամասն տեղեկություններ հաղորդեցին ԵՄ-ից Ադրբեջան զենքի մատակարարումների մասին։ Չնայած, որ դրանք ամբողջական չեն, սակայն այդ տվյալները նախկինում անհայտ տեղեկություններ են հաղորդում ԵՄ-Ադրբեջան ռազմական համագործակցության մասին։
Հրապարակված տեղեկությունները վերաբերում են 2013-2019 թվականներին և հիմնված են ԵՄ անդամ երկրների կողմից ներկայացրած տվյալների վրա։ Ընդհանուր առմամբ, յոթ տարում ԵՄ անդամ երկրները դեպի Ադրբեջան զենքի արտահանման 4.73 մլրդ եվրոյի թույլտվություն են տվել։ Դրա առնվազն 7 տոկոսը՝ 339 մլն եվրոյի չափով, հաստատապես արտահանվել է Ադրբեջան։
Հատկանշական է, որ այդ 339 մլն եվրոյի զենք-զինամթերքի գրեթե 90 տոկոսը արտահանվել է երկու երկրներից՝ Բուլղարիայից և Ֆրանսիայից, որոնցից յուրաքանչյուրը շուրջ 150 մլն եվրոյի զենք է մատակարարել Ադրբեջան։
Ֆրանսիա
Ըստ բազայում առկա տվյալների՝ 2013-19 թթ. Ֆրանսիան 148.3 մլն եվրոյի զենք է արտահանել Ադրբեջան։ Նույն ցուցանիշն առանձին նաև հրապարակել է Ֆրանսիան, ըստ որի՝ 2010-2019 թթ. Ադրբեջանին վաճառվել է 148.4 մլն եվրո արժողությամբ զենք։ Դրա մոտ 95 տոկոսը (140 մլն եվրո) արտահանվել է միայն 2015-ին։ Ֆրանսիան նույն տարիներին դեպի Ադրբեջան 3.35 մլրդ եվրոյի զենք արտահանելու թույլտվություն է տվել։
Սակայն ո՛չ ԵՄ տվյալների բազայում, ո՛չ էլ Ֆրանսիայի կառավարության զեկույցում չկան մանրամասն տվյալներ, թե ինչ զենք է ստացել Ադրբեջանը։
Միևնույն ժամանակ, բաց աղբյուրներում առկա են տեղեկություններ Ադրբեջանի զինուժում ֆրանսական տարբեր զինատեսակների մասին։ Ըստ Army Recognition կայքի, օրինակ, Ադրբեջանն ունի 19 հատ MO-120-RT-61 ֆրանսիական արտադրության ականանետ։ Իսկ ըստ defence.az կայքի՝ Ադրբեջանի զինուժի զինանոցում կան ֆրանսիական «Ռենո» (Renault) ընկերության Sherpa 2 զրահամեքենաներ։ 2018-ին ադրբեջանական աղբյուրները հայտնում էին, որ Ֆրանսիայից ձեռք են բերվելու հակաօդային պաշտպանության MICA և Aster 30 հրթիռներ։
Բուլղարիա
ԵՄ անդամ երկրներից Ադրբեջանին զենքի վաճառքի առաջատարը Բուլղարիան է։ Այդ երկիրը 2013-2019 թվականներին Ադրբեջանին է մատակարարել 150.9 մլն եվրոյի զենք։ Դրա գերակշիռ մասը՝ 94 տոկոսը (142 մլն եվրո), կազմում է զինամթերքը (փամփուշտ, ական, հրթիռ և այլն)։ Ավելի վաղ՝ 2002-ին, ըստ SIPRI-ի, Բուլղարիան Ադրբեջանին էր վաճառել 36 հատ Մ-46 հրանոթ։
ԵՄ անդամ այլ երկրներ
Եվրամիության անդամ այլ երկրներ ևս զենք են վաճառել Ադրբեջանին, սակայն զգալիորեն ավելի քիչ, քան Ֆրանսիան և Բուլղարիան։ Իսպանիան 2013-19 թթ. Ադրբեջան է արտահանել մոտ 19․5 մլն եվրոյի զենք, Չեխիան՝ 7․2 մլն, Ռումինիան՝ 5.3 մլն, Իտալիան և Խորվաթիան՝ 2․6-ական մլն։ Այլ երկրներից յուրաքանչյուրի՝ Ադրբեջանին վաճառած զենքի ծավալը 2013-19 թվականներին 1 մլն եվրոյից պակաս է եղել։
Սակայն ինչ-ինչ պատճառներով ԵՄ տվյալների բազան ամբողջական չէ։ Ստորև ներկայացնում ենք այն երկրները, որոնց կողմից Ադրբեջանին զգալի չափով զենքի վաճառքի մասին հավաստի տվյալներ կան։
Չեխիա
Հոկտեմբերի 21-ին Արցախի Պաշտպանության բանակը արբանյակային լուսանկարներ էր հրապարակել, որտեղ երևում էին չեխական արտադրության 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային կայանքներ։
Արցախում օգտագործվող DANA կայանքները արտադրվել են Չեխիայում և հետագա մշակման ենթարկվել հարևան Սլովակիայում։ Չեխական զենքեր Ադրբեջան արտահանելու մասին տեղեկություններն առաջին անգամ հրապարակվել են դեռ 2017-ին: 2018-ին Ադրբեջանը ցուցադրեց չեխական ինքնագնացները, որին հաջորդեց Չեխիայի իշխանությունների հերքումը, որում վերջիններիս հայտնում էին, որ տեղյակ չեն եղել Ադրբեջան մատակարարված զենքի մասին: Հետաքննող լրագրողներին, սակայն, հաջողվել էր հասանելիություն ստանալ որոշ փաստաթղթերի, որոնք ապացուցում էին հակառակը: Զենքերի փոխադրումն իրականացվել էր Չեխիա—Իսրայել—Ադրբեջան երթուղով: Ի դեպ, այս զենքերը Բաքու հասցրել էին Silk Way ընկերության «Իլյուշինները»։ Այս ինքնաթիռները ակտիվ բեռնափոխադրումներ են իրականացնում նաև սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմին նախորդող օրերից։ Այժմ էլ դրանք, ամենայն հավանականությամբ, զենք են փոխադրում Ադրբեջան։ Այս թեմաներով Fip.am-ի հոդվածները կարող եք կարդալ՝
- Մեկ ամսում շուրջ 100 թռիչք դեպի Ադրբեջան․ օդային ճանապարհով ռազմական օգնությունը շարունակվում է
- Բեռնափոխադրումներ Բելառուսի և Ադրբեջանի միջև
- Պատերազմի ընթացքում Վրաստանի երկնքով ռազմական ինքնաթիռներ անցել են
- Թռիչքներ Իսրայելից Ադրբեջան․ միրգ-բանջարեղե՞ն, թե՞ զենք-զինամթերք
- Թուրքական ռազմական օդուժի ակտիվությունը ՀՀ սահմանից դուրս և ներս
- Ռազմական օդուժի ակտիվ տեղաշարժեր Ադրբեջանի և Թուրքիայի միջև և հայ-թուրքական սահմանին
Ըստ IISS հետազոտությունների ինստիտուտի հրապարակած «The Military Balance» տարեգրքի (2019), Ադրբեջանի զինուժն ունի չեխական արտադրության առնվազն 9 միավոր DANA ինքնագնաց հրետանային կայանք, իսկ ըստ Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI)՝ Ադրբեջանն ունի 30 միավոր RM-70 «Վամպիր» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ: Չեխիան Ադրբեջանին էր վաճառել նաև 54 հատ Tatra 815 բեռնատար։
Մեծ Բրիտանիա
Այս տարվա ձմռանը Եվրամիությունը լքած Մեծ Բրիտանիան 2013-2019 թթ. հայտարարագրել էր ընդամենը 1.8 մլն եվրոյի զենքի արտահանման թույլտվություն։ Փաստացի, արտահանման իրական տվյալներ այս երկիրը չի ներկայացրել։ Նշենք, որ Մեծ Բրիտանիան միացել էր ԵԱՀԿ կողմից 1992 թվականին Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հայտարարված ոչ պարտադիր էմբարգոյին, սակայն 2014 թվականին, փաստացի, վերանայել էր որոշումը։ Այս տարվա հոկտեմբերին Միացյալ Թագավորության միջազգային առևտրի վարչության կողմից հաստատվեց, որ 2010 թվականից սկսած զենք է մատակարարվել և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին։ Ադրբեջան, մասնավորապես, այս ընթացքում արտահանվել է շուրջ 86 մլն ֆունտ ստերլինգ արժողության զենք, Հայաստան՝ 4.2 մլն։
Այլ երկրներ
Հարավաֆրիկյան Հանրապետությունում (ՀԱՀ) գործող Paramount Group ընկերությունը դեռ 2009-ից Ադրբեջանի հետ համատեղ արտադրում է զրահամեքենաներ։ Ըստ SIPRI-ի տվյալների բազայում հրապարակված տեղեկությունների՝ ՀԱՀ-ն Ադրբեջանին է վաճառել ընդհանուր առմամբ 145 զրահամեքենա, այդ թվում՝ 85 Marauder և 60 Matador։ Դրանք Ադրբեջանին են մատակարարվել 2009-2015 թվականներին։ Այդ զրահամեքենաների նշանակալի մասը հավաքվել է հենց Ադրբեջանում։ Ի դեպ, ըստ SIPRI-ի տվյալների բազայի՝ այս զրահամեքենաների դիզելային շարժիչները մատակարարվել են ԱՄՆ-ից՝ 2009-2014 թվականներին։ Հոկտեմբերի 23-ին համացանցում լուսանկարներ հրապարակվեցին, որոնցում երևում էին Արցախում ընթացող պատերազմի ժամանակ պայթած «Մատադոր» զրահամեքենաներ, որոնք տարվել էին Բաքու։
2012-ին ՀԱՀ-ը Ադրբեջանին նաև վաճառել էր դիպուկահարային NTW-20 հրացաններ։
Ուկրաինան դեռ առաջին պատերազմի ժամանակ՝ 1993-ին, Ադրբեջանին էր տրամադրել տասնյակ տանկեր և ՄիԳ-21 կործանիչներ։ Ըստ SIPRI-ի բազայի՝ Ուկրաինան Ադրբեջանին 1993-94 թթ. մատակարարել է 150 Տ-55 տանկ։
Ուկրաինայի և Ադրբեջանի ռազմական ակտիվ համագործակցությունը շարունակվել է նաև 21-րդ դարում։ Ըստ SIPRI-ի՝ Ուկրաինան Ադրբեջանին 2002-2010 թթ. վաճառել է՝
ռազմական մեքենաներ
- 45 Տ-72 տանկ (2004-06)
- 168 զրահափոխադրիչ՝ 18 ԲՏՌ-80 (2007) և 150 ԲՏՌ-70 (2007-10)
- 2 BMP-1 և 3 BTR-3U հետևակի մարտական մեքենա (2005-06)
ավիացիա
- 16 ՄիԳ-29 կործանիչ (2006-11)
- 12 Մի-24 հարվածային ուղղաթիռ (2009-10)
- 12 Լ-39 ուսումնամարտական ինքնաթիռ
- 43 Ռ-27 ավիացիոն հրթիռ (2007)
հրետանի
- 12 Սմերչ համազարկային կրակի ռեակտիվ համակարգ (2004-05)
- 72 Տ-12 100մմ թնդանոթ (2002)
- 54 2Ս1 Գվոզդիկա ինքնագնաց հաուբից (2008-10)
- 16 2Ս3 Ակացիա ինքնագնաց հաուբից (2009-10)
- 3 2Ս7 Պիոն ինքնագնաց հրանոթ (2008)
- 55 Դ-30 հաուբից (2007)
- 85 Մ-43 ականանետ (2005-06)
այլ
- 18 Ստրելա-3 զենիթահրթիռային համակարգ (2008)
- 400 Ռ-2 հրթիռ (2009-10)՝ Սկիֆ հակատանկային հրթիռային շարժական համակարգի և Մի-24 հարվածային ուղղաթիռների համար
2017-ին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունն Ուկրաինայից գնել է 50 միավոր РК-2С և РК-2ОФ հակատանկային կառավարվող հրթիռներ։
Բելառուսը, որը ՀԱՊԿ-ում Հայաստանի դաշնակիցն է, ըստ SIPRI-ի՝ 2009-2013 թթ. եղել է Ադրբեջանին նշանակալի չափով զենք մատակարարող երկրների ցանկում։ Ավելի վաղ՝ 2002-2015 թվականներին, Ադրբեջանը Բելառուսից ձեռք էր բերել 60 ԲՏՌ-70 զրահափոխադրիչ, 153 Տ-72 տանկ, 120 Դ-30 հաուբից, 12 2Ս7 Պիոն հրանոթ, 11 Սու-25 գրոհիչ և 20 Տ-38 Ստիլետ զենիթահրթիռային համալիր։ Իսկ 2013-2015 թթ. Բելառուսն Ադրբեջանին է մատակարարել 18 միավոր «Բուկ» զենիթահրթիռային համալիրներ։
2018-ին Բելառուսն Ադրբեջանին վաճառեց «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, որոնք առաջին անգամ ցուցադրվեցին 2018 թ. հունիսին։ Ըստ SIPRI-ի տվյալների բազայում հրապարակված տեղեկությունների՝ Բելառուսը Ադրբեջանին 2018-2019 թթ. մատակարարել է 10 «Պոլոնեզ» համալիր։
Պակիստանը 2017-ին Ադրբեջանի հետ կնքել էր 10 միավոր PAC MFI-17 Mushshak ուսումնական ինքնաթիռների ձեռքբերման պայմանագիր։ Այդ ինքնաթիռներն Ադրբեջանին մատակարարվել են 2018-ին։
Ավելի վաղ Ադրբեջանի իշխանությունները հայտարարել էին Պակիստանի հետ զենքի ներկրման պայմանավորվածություն ձեռք բերելու մասին։ 2019-2020 թթ. Պակիստանը սկսել է ակտիվորեն արտադրել JF-17 հարվածային ինքնաթիռներ, որոնք ձեռք բերելու ցանկության մասին Ադրբեջանն արդեն մի քանի անգամ հայտնել է։
Այլ երկրներ
Ադրբեջանին փոքր քանակությամբ զենք են վաճառել նաև որոշ այլ երկրներ։ Մասնավորապես, ըստ SIPRI-ի՝ Վրաստանը 2002 թ. Ադրբեջանին է վաճառել 6 Սու-25 գրոհիչ։ Ըստ razm.info կայքի՝ 2002-2015 թթ. Ադրբեջանը Վրաստանից գնել է 28 Սու-25։
Նույն տարիներին Ադրբեջանը Բոսնիայից գնել է 10 RAK-12 համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։ 2002-ին Սլովակիան Ադրբեջանին էր վաճառել Տ-72Մ1 տանկ։
Երբ այս տարվա հուլիսին տավուշյան մարտերի ժամանակ խոսք գնաց Սերբիայից Հայաստան ենթադրյալ զենքի մատակարարման մասին, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարեց, որ վերջին տարիներին Սերբիան տասն անգամ ավել զենք է վաճառել Ադրբեջանին, քան Հայաստանին։
Ամփոփելով՝ արձանագրենք, որ չնայած Ադրբեջանի զինանոցը հիմնականում համալրվում է ռուսական, թուրքական և իսրայելական զենքերով, այդ երկիրը ոչ աննշան քանակի զենք է գնել նաև այլ երկրներից։ Ուկրաինան և Բելառուսը Ադրբեջանին են վաճառել մեծ քանակի խորհրդային կամ տեղական արտադրության զինատեսակներ։ Չնայած ԵԱՀԿ-ի կողմից սահմանված ոչ պարտադիր զենքի էմբարգոյի, մի քանի եվրոպական երկրներ ևս չեն հապաղում զինել Ադրբեջանին, հատկապես՝ Չեխիան, Բուլղարիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Սերբիան։
Անի Ավետիսյան
Հովհաննես Նազարեթյան