Ռոբերտ Քոչարյանը կարող է դատապարտվել 10-25 տարի ազատազրկման․Փաստաբան

Ռոբերտ Քոչարյանը կարող է դատապարտվել 10-25 տարի ազատազրկման․Փաստաբան
Ռոբերտ Քոչարյանը կարող է դատապարտվել 10-25 տարի ազատազրկման․Փաստաբան

Փաստաբան Նորայր Նորիկյանի գրառումը ներկայացնում ենք ստորեւ։

«Մարտի 1-ի գործով քննվող քրեական գործով Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:

Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքները ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված կարգով դասվում են առանձնապես ծանր հանցագործությունների շարքին:

Նույն օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ եթե հանցանքների համակցությունն ընդգրկում է ծանր կամ առանձնապես ծանր հանցանքներ, ապա վերջնական պատիժը նշանակվում է պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով:

Ընդ որում, ազատազրկման ձևով վերջնական պատիժը չի կարող գերազանցել քսանհինգ տարին: Եթե համակցության մեջ մտնող հանցանքներից մեկի համար դատարանը նշանակում է ցմահ ազատազրկում, ապա վերջնական հիմնական պատիժը որոշվում է կլանելու միջոցով:

Նույն օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին կետի համաձայն՝ սահմանադրական կարգը տապալելը` Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ` պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:

Նույն օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքները /Կաշառք ստանալը/, որոնք կատարվել են առանձնապես խոշոր չափերով, պատժվում են ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Եթե դատարանում հիմնավորվի Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքները, և դատարանը յուրաքանչյուր մեղադրանքի դեպքում նշանակի անգամ ամենանվազ պատիժը, ապա վերջնական պատիժը լրիվ գումարելու դեպքում Ռոբերտ Քոչարյանը կարող է դատապարտվել 17 տարի ազատազրկման, իսկ պատիժները մասնակի գումարելու դեպքում այն չի կարող պակաս լինել 10 տարուց:

Իսկ նշված հոդվածներով առավելագույնս պատժի ենթարկվելու պայմաններում նրա պատիժը չի կարող գերազանցել քսանհինգ տարին…»։