«Թերթ.ամ» կայքի հրապարակման հետքերով. Ոստիկանություն

«Թերթ.ամ» կայքում նոյեմբերի 20-ին հրապարակվել էր «Ոստիկանության կիրառված բիրտ ուժի հետևանքով վնասվեց ակցիայի մասնակցի գլուխը» վերտառությամբ հոդված, որում առկա տեսանյութի համաձայն՝ ոստիկանության ծառայողները Հանրապետության հրապարակից բերման են ենթարկում բողոքի ակցիայի մասնակից քաղաքացիներին, որոնցից մեկի գլխի հատվածում արնանման հետք է երևում:

Ոստիկանության պետի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակված ծառայողական քննությամբ պարզվել է, որ ոստիկանության ծառայողների կողմից վերոհիշյալ քաղաքացուն բերման ենթարկելու ժամանակ մարմնական վնասվածք հասցնելու հանգամանքը չի հաստատվել:

Պարզվել է, որ նշված հանգամանքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվել նաև ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, որի ընթացքում չի հաստատվել քաղաքացուն բերման ենթարկելու ժամանակ ոստիկանության որևէ ծառայողի կողմից մարմնական վնասվածք պատճառելու հանգամանքը, ուստի որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժել՝ հանցակազմի բացակայության հիմքով: