Փաշինյանի կողմից արված զանգերը միտված են կանխելու հնարավոր ռազմական գործողությունները. Արմեն Վարդանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Վարդանյանը

– Պարո՛ն Վարդանյան, Արցախի Հանրապետության խորհրդարանը նախագահի պաշտոնում ընտրեց Սամվել Շահրամանյանին, դրան զուգահեռ Նիկոլ Փաշինյանը տարբեր երկրների ղեկավարների հետ հեռախոսազրույցներ ունեցավ: Ինչո՞վ են պայմանավորված այդ հեռախոսազանգերը, որքանո՞վ են այդ երկու գործընթացները փոխկապակցված միմյանց:

– Տեղի ունեցողին ավելի լայն կոնտեքստով կնայեի, ոչ թե Արցախում տեղի ունեցող ընտրություններով, այլ հայ-ադրբեջանական սահմանին առկա կուտակումների: Սահմանին կա ադրբեջանական զորքերի կուտակում, Ադրբեջանը զորավարժություններ է անցկացնում սահմանի երկայնքով, ու թվում է, թե լուրջ բախումների ու ռազմական գործողությունների վտանգ կա: Զանգերը, կարծում եմ՝ միտված են նրան, որ կանխեն հնարավոր ռազմական գործողությունները: 

– Հնարավոր կլինի՞ այդ կերպ կանխել: 

– Այո՛, շատ հնարավոր է, մանավանդ հիմա այլ իրավիճակ է, քան 2020 թվականին: Գոնե ԱՄՆ-ի մասով մենք տեսնում ենք, որ եթե 2020 թվականին Թրամփի վարչակազմն ընդհանրապես մեկուսացման քաղաքականություն էր վարում ու դուրս էր եկել այս տարածաշրջանից, նրան չէր էլ հետաքրքրում՝ այստեղ պատերազմ կլինի, թե չէ, ապա մենք տեսնում ենք, որ Բայդենի վարչակազմը շատ մեծ ջանքեր է գործադրում, որ ռազմական գործողություններ, բախումներ չլինեն, ստորագրվի խաղաղության պայմանագիր: Գոնե ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ այս փոփոխությունը նկատելի է: 

– Իսկ ադրբեջանական կողմն ականջալուր կլինի՞ այն երկրներին, որոնք կփորձեն կանխել հնարավոր ռազմական գործողությունները:

– Դժվար է ասել, նայած, թե ինչ տոնով զանգեր կլինեն Ալիևին, եթե, օրինակ՝ ԱՄՆ-ն շատ կտրուկ հարցը դնի, ապա ես կարծում եմ, որ վստահ հնարավոր է կանխել:

– Արցախում տեղի ունեցողն ինչպե՞ս եք գնահատում, պարո՛ն Վարդանյան:

– Շատ վատ, նոր ընտրություններ անցկացնելու պատեհ առիթ չէր, բացի այդ էլ, նորընտիր նախագահը լեգիտիմության շատ լուրջ խնդիր ունի, որովհետև ժողովրդի կողմից չի ընտրվել: Երկրորդ՝ ակնհայտ է, որ Արցախի նախկին իշխանություններն ամեն ինչ անում էին, որ փոխեն Արայիկ Հարությունյանին ու իրենց յուրայինին նշանակեն նախագահ, որպեսզի նաև իրենց ապահովագրեն, որ Սամվել Բաբայանը չգա իշխանության, քանի որ լարված հարաբերություններ ունեն: Եվ, վերջապես, սա շատ նեղ իշխանական կոնֆլիկտ էր, չեմ կարծում, թե Արայիկ Հարությունյանի փոխարինումը մեկ այլ անձով լայն առումով Արցախին ինչ-որ մեծ օգուտ է տալու այս ծանր ժամանակահատվածում:

– Այսինքն՝ իրավիճակի շատ լուրջ փոփոխություն ակնկալել պետք չէ՞:

– Հնարավոր է ինչ-որ հարցերում կառավարման առումով մի փոքր ավելի արդյունավետ լինի, չնայած նորընտիր նախագահի հետ էլ կապված կան դժգոհություններ, որ այնքան էլ ադեկվատ պաշտոնյա չէ և այլն, բայց լայն առումով, Արցախի հետ կապված հարցերը Երևանում են լուծվում, պարզ խոսենք: Այդպես եղել է նաև 90-ականներին, Արցախի իշխանություններն այդպիսի մեծ ռեսուրսներ չունեն, որպեսզի ավելի գլոբալ հարցեր կարողանան լուծել: Արցախը չճանաչված պետություն է, ու Արցախի հարցը մշտապես լայն առումով Երևանում է լուծվել, այնպես որ, նախագահի փոփոխությամբ, չեմ կարծում, որ ինչ-որ գլոբալ, մեծ փոփոխություն կլինի:

– Իսկ Արցախի նոր իշխանության ու Հայաստանի գործող իշխանության հարաբերությունները, ըստ ձեզ, ինչպիսի՞ն կլինեն:

– Ես հույս ունեմ, որ կողմերը ողջամտություն կցուցաբերեն այս ծանր պահին, անձնական հավակնությունները, համակրանքներն ու հակակրանքները մի կողմ կդնեն և ավելի շատ կմտածեն ընդհանուր շահի մասին: 

Սամվել Շահրամանյանի մասին շատ քիչ բան է հայտնի, և չգիտեմ՝ ինչ կարգի պաշտոնյա է ու կկարողանա՞ արդյոք Երևանի հետ լեզու գտնել, թե՞ ոչ, բայց հույս ունեմ, որ ամեն դեպքում, կողմերի մոտ ողջամտությունը կգերիշխի:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am