Կութում այս պահին էլ հանգիստ է, ողջ օրը կրակոցներ չեն հնչել. Սիմա Չիտչյան

Կութ համայնքի ղեկավար Սիմա Չիտչյան (Լուսանկարը՝ armeniasputnik.am)

«Այս պահին և ողջ օրը, ինչպես նաև գիշերը համեմատաբար հանգիստ իրավիճակ է, կրակոցներ չեն հնչել: Սոթքում հնչող կրակոցների մասին էլ լուրերից ենք իմացել, բայց ձայները մեր գյուղում չեն լսվում»,- «Մեդիալաբին» ասում է Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի Կութ գյուղի ղեկավար Սիմա Չիտչյանը:

Նշենք, որ ՊՆ հաղորդմամբ՝ այսօր ժամը 14:45-ից սկսած, ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի, մասնավորապես՝ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի մեկ վիրավոր, որի կյանքին վտանգ չի սպառնում: 

Սոթքի ուղղությամբ կրակոցները շարունակվել են նաև ժամը 16:30-ի դրությամբ:

Սոթքում տիրող իրավիճակի մանրամասների մասին «Մեդիալաբին» չհաջողվեց տեղեկություն ստանալ, քանի որ Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանն առավոտից անհասանելի է:

Կութ գյուղի ղեկավարը նախընտրեց չպատասխանել հարցին, թե գյուղացիների տրամադրվածությունն ինչպե՞ս է:

«Ինչպե՞ս պետք է լինի, եկեք այդ մասին չխոսենք»,- եզրափակեց Սիմա Չիտչյանը:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ թշնամին ուղիղ կրակում է Գեղարքունիքի մարզի Կութ, Նորաբակ և Սոթք գյուղերի վրա:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am