Պրահայի գլխավոր երկաթուղային կայարանում երկու գնացքների բախման հետևանքով 46 մարդ է տուժել

Պրահայի գլխավոր երկաթուղային կայարանում երկու մարդատար գնացքների բախման հետևանքով 46 մարդ է տուժել։ Այս մասին հայտնում են Novinky-ն և Չեխիայի ռադիոն՝ վկայակոչելով արտակարգ ծառայությունները։

Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում՝ Սեյֆերտովա փողոցի վրայով անցնող կամրջի վրա։ Երկու գնացքներն էլ շարժվել են փոքր արագությամբ, ինչի շնորհիվ, ըստ հրշեջ ծառայության, բախումը ծանր հետևանքներ չի ունեցել։ Այդուհանդերձ, վնասվել են երկու գնացքների առջևի հատվածները։

Վիսոչանի և Լիբեն շրջանների ուղղությամբ գնացքների երթևեկությունը դադարեցվել է երկու ժամով։ Ժամը 09:00-ից հետո կայարանի չորս հարթակների աշխատանքը վերականգնվել է։

Տուժածներից բոլորին տեղափոխել են Պրահայի հիվանդանոցներ։ Նրանցից չորսի վիճակը ծանր է, մյուսները ստացել են թեթև վնասվածքներ։

Չեխիայի տրանսպորտի նախարար Իվան Բեդնարիկը միջադեպը որակել է որպես «շատ լուրջ պատահար»՝ նշելով, որ այս պահին առաջնահերթությունը տուժածների խնամքն է։

Վթարի պատճառներն ու հանգամանքները պարզում է Երկաթուղային տեսչությունը։