Այս գործողությամբ պաղեստինցիները նպատակ ունեն՝ պաղեստինյան հիմնախնդիրը վերադարձնել ակտիվ քաղաքական օրակարգ. Արմեն Պետրոսյան

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը կարծում է, որ վերջին գործողություններով պաղեստինցիները նպատակ ունեն պաղեստինյան հիմնախնդիրը վերադարձնել ակտիվ քաղաքական օրակարգ: 

«Չի բացառվում, որ ՀԱՄԱՍ-ի կողմից նման գործողության նախաձեռնումը նպատակ ունի ազդելու այս բանակցությունների վրա, որևէ կերպ թույլ չտալու, որպեսզի այդ գործարքը՝ Իսրայել-Սաուդյան Արաբիա, անտեսի պաղեստինցիների շահերը»,- «Մեդիալաբին» ասում է Պետրոսյանը: 

Տեղեկացնենք, որ այսօր լուսադեմին Իսրայելի դեմ աննախադեպ հարձակում է սկսվել՝  Գազայի հատվածի հետ սահմանի ողջ երկայնքով։

Միջազգային լրատվամիջոցները հայտնում են, որ ՀԱՄԱՍ խմբավորման զինյալները, որոնց վերահսկողության տակ է գտնվում Գազան,  20 րոպեի ընթացքում շուրջ 5 հազար հրթիռ են արձակել Իսրայելի տասնյակ քաղաքների, այդ թվում՝ Թել-Ավիվի և Երուսաղեմի ուղղությամբ: Հրթիռակոծությունից հետո զինյալներն անցել են ցամաքային հարձակման: 

Հաղորդվում է տասնյակ զոհերի եւ բազմաթիվ վիրավորների մասին: 

«Այստեղ մի կարևոր հանգամանք կա. ՀԱՄԱՍ-ի ու Իսրայելի միջև հակամարտությունը նոր չէ, պարբերական բնույթ է կրում, գրեթե ամեն երկու տարին մեկ այսպիսի լուրջ բախում տեղի է ունենում: Վերջին լարվածությունը ես կապում եմ առավելապես Սաուդյան Արաբիա-Իսրայել հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ՝ ԱՄՆ-ի ակտիվ միջնորդությամբ, որում կարևոր տեղ ունի Պաղեստինի կարգավիճակի հարցը»,-նշում է Պետրոսյանը՝ նշելով, որ դժվար է կանխատեսումներ անել լարվածության ընթացքի մասին:

«Ամեն ինչ կապված է Սաուդյան Արաբիա-Իսրայել գործընթացի հետ, որովհետև Պաղեստինի հարցն անտեսված էր, ու այս գործողությամբ պաղեստինցիները նպատակ ունեն, որ պաղեստինյան հիմնախնդիրը վերադառնա ակտիվ քաղաքական օրակարգ»,- եզրափակում է Պետրոսյանը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am