Կենտրոնական բանկն զգուշացնում է՝ շրջանառվում են կեղծ հուշանվերային թղթադրամներ

Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ հայտնաբերվում են հուշանվերային «թղթադրամներ», որոնք իրենց չափերով, դիմերեսի և դարձերեսի արտաքին պատկերներով նմանակում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված նոր սերնդի թղթադրամները:

Այդ մասին հայտնում են ՀՀ Կենտրոնական բանկից։

«Նշված հուշանվերային «թղթադրամների» դիմերեսին մանր տառաշարով առկա է «THIS NOTE IS NOT A LEGAL TENDER», իսկ դարձերեսին՝ «SOUVENIR MONEY OF ARMENIA» գրառումը:Նշված հուշանվերային «թղթադրամները» օրինական վճարամիջոց չեն հանդիսանում և դրանցով վճարում կատարելու յուրաքանչյուր փորձ օրենքով սահմանված կարգով պատժելի է։Նշված հուշանվերային «թղթադրամները» պատրաստված են ՀՀ օրենսդրության խախտումներով։

Համաձայն «ՀՀ կենտրոնական բանկի մասին» օրենքի 45-րդ հոդվածի՝ «Գովազդի կամ այլ նպատակներով Հայաստանի Հանրապետու­թյան թղթադրամի պատկերը թղթի վրա արտապատկերված ձևով օգտագործելու դեպքում օգտագործվող պատկերի գծային չափերը (լայ­նու­­թյունը և երկարությունը) պետք է փոքր կամ մեծ լինեն դրա՝ Կենտրոնական բանկի սահմանած իրա­կան չափերից առնվազն 25 տոկոսով»:

Հուշանվերային «թղթադրամը» և ՀՀ կենտրոնական բանկի թողարկման թղթադրամից զանազանելու մանրամասներին, ինչպես նաև 20000 դրամանոց դրամանիշի պաշտպանական հատկանիշներին հնարավոր է ծանոթանալ այս հղումով. 20000 դրամանոց դրամանիշի պաշտպանական հատկանիշները ներկայացված են նաև Կենտրոնական բանկի յութուբյան էջում».-նշված է ՀՀ  ԿԲ հաղորդագրությունում։