Վաղարշապատի ընտրությունները ցույց տվեցին, որ քաղաքացին չի ուզում, որ տեղի ունենա այն, ինչ Գյումրիում եղավ. Հասմիկ Հակոբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը 

– Տիկի՛ն Հակոբյան, նոյեմբերի 16-ին Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացավ քվեների մեծ մասը ու հաղթեց ընտրություններում: Սպասելի՞ արդյունք էր:

– Քարոզարշավի ընթացքում էլ լրագրողները բազմիցս հարցրել են, ու ես համոզմունք եմ հայտնել, որ պարոն Մեխակյանը շատ ընդունելի ու օրինակելի գործչի կերպար ունի ու համայնքի կողմից սիրված է, այնպես որ, մենք մեր հաջողությանը չէինք կասկածում, դրա համար էլ մտել էինք պայքարի մեջ, ու, ինչպես տեսաք, մեր սպասելիքներն արդարացան: 

– Փաստորեն սպասելի՞ էր, որ հաղթելու եք: 

– Իհարկե սպասելի էր:

– Իսկ մտավախություններ չունեի՞ք, որ կարող էր տեղի ունենալ այն, ինչ տեղի ունեցավ Գյումրիում, ինչպես ընդդիմությունն էր ասում՝ Գյումրի 2-ի ենք ականատես լինելու:

– Այն, որ ընդդիմադիր համայնքը բաժանվել էր մասերի, ինչպես Գյումրիում, որպեսզի փոքր-փոքր ձայներ հավաքելով էլի մեծամասնությունից հաղթանակը կորզեր, միանշանակ է: Միշտ էլ կա այդ մտավախությունը, բայց ես նաև բազմաթիվ առիթներով նկատել եմ, որ Գյումրու սցենարն աշխատելու էր միայն մեկ անգամ, ու այդ մեկ անգամն արդեն ընդդիմությունը սպառել է: 

Նրանք նույնը փորձելու են նաև 2026 թվականին ու դրա մասին նաև շատ ակնհայտ ասում են, որ առանձին թևերով մասնակցելու են, հետո «կոնսենսուս մինուս մեկ» ձևաչափով կմիավորվեն: Այս մեխանիզմը մեր քաղաքացիների համար Գյումրու օրինակով պարզ դարձավ, ու ակնհայտ էր, որ այդ սցենարը այլևս չի կարող աշխատել: Եթե աշխատեր, ուրեմն քաղաքացին այդպես էր ուզում, բայց չաշխատեց, որովհետև քաղաքացին դա չէր ուզում:

– Տիկի՛ն Հակոբյան, այսինքն՝ 2026 թվականին ևս ձեր քաղաքական թիմը հաղթանա՞կ է տանելու:

– Կլինի այնպես, ինչպես ժողովուրդը կորոշի, բայց այս ընտրությունը ցույց տվեց, որ, ինչպես ասացի, քաղաքացին չի ուզում, որ տեղի ունենա այն, ինչ Գյումրիում եղավ:

– Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձից հետո որոշ կարծիքներ հնչեցին, որ Վեհափառին հեռացնելու գործընթացը ընտրությունների այս արդյունքից հետո թևակոխելու է գործնական փուլ:

– Այդ գործընթացը գործնական փուլ է մտած վաղուց, մենք այդ մասին խոսել ենք, ու, բնականաբար, այդ խոսույթը պետք է սպասարկեն թե՛ հավատացյալ քաղաքացիները, թե՛ հատկապես հավատացյալ սպասավորները: Այն, ինչ ասել ենք, ուժի մեջ է, այլ բան է, որ շատերը՝ հենց ընդդիմադիրները, հենց լրագրողական համայնքը, ասում էին, որ այս ընտրությունը լինելու է եկեղեցականների ու իշխանության վերջին շրջանի խոսակցության ամփոփումը, և քաղաքացիներն իրենց ընտրությամբ ցույց են տալու, որ իշխանության բարձրաձայնած հարցերը աջակցություն չունեն: Չնայած մենք նման աստառ չենք տվել այս ընտրություններին, բայց եթե այս ասպեկտով ես անգամ նայում, ապա տեսանելի է, որ քաղաքացիների մեծ մասը սպասարկում է այս օրակարգը:

– Նկատի ունեք, որ Վեհափառին հեռացնելու միտքը ընդունելի՞ է հանրության կողմից:

– Եթե այդ դիտանկյունից ենք նայում ընտրությանը, ապա, այո՛, բայց, կրկնում եմ, որ մենք նման աստառ չենք տվել, բայց պետք է ասեմ, որ իրականության մեջ եղել են այն խնդիրները, որոնց մասին մենք խոսում ենք, հո օդից չե՞նք վերցրել ու խոսել: 

– Տիկի՛ն Հակոբյան, հանրությունն առաջիկայում սպասի՞ Նիկոլ Փաշինյանի ասած հոգևոր հավաքին Էջմիածնում:

– Մենք այդ մասին քննարկում չենք ունեցել ու չունենք, որ ես ձեզ պատասխանեմ, բայց այդ հոգևոր հավաքի մասին վարչապետը խոսել է ու ինչ-որ մի փուլում կշարունակի այդ խոսակցությունը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am