Կհիմնանորոգվի Գավառ քաղաքի թիվ 8 մանկապարտեզը

ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում կհիմնանորոգվի Գավառ քաղաքի թիվ 8 մանկապարտեզի շենքը: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տրամադրած տվյալների համաձայն՝ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 101 միլիոն 385 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 65 միլիոն 900 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 35 միլիոն 485 հազար դրամը՝ Գավառի քաղաքապետարանը:

Գավառի քաղաքապետարանի աշխատակազմից ստացված տեղեկատվության համաձայն՝ շինարարական աշխատանքների մրցույթն արդեն հայտարարված է: «Գավառ քաղաքի թիվ 8 մանկապարտեզը, որը գտնվում է Արծվաքար թաղամասում, մեր միջոցներով տարբեր տարիների ընթացքում ենթարկվել է մասնակի նորոգումների:

Այս ծրագրով մեզ կհաջողվի ամբողջությամբ ավարտել հիմնանորոգումը եւ ունենալ մանկապարտեզի ժամանակակից շենքային պայմաններ: Այս պահին մանկապարտեզում գործում է երեք խումբ, իսկ հիմնանորոգումից հետո դրանց քանակը կավելանա: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում»,-ներկայացրեցին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից: 

Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից։