Ի՞նչ է այդպես խնամքով թաքցնում ռուսական կողմը

Ի՞նչ է այդպես խնամքով թաքցնում ռուսական կողմը
Ի՞նչ է այդպես խնամքով թաքցնում ռուսական կողմը

Հայկական լրատվամիջոցները Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած ողբերգության նորանոր վարկածներ են առաջ քաշում: Մասնավորապես, պնդվում է, որ հայ ընտանիքի 6 անդամներին գնդակահարած ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը մենակ չի եղել:

«Հայկական ժամանակ» թերթն այսօր գրել է, որ իր տեղեկություններով Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը նամակով դիմել է իր ռուս գործընկերոջը, սակայն ոչ թե Պերմյակովին հայկական արդարադատությանը փոխանցելու պահանջով, այլ գոնե հայ քննիչներին գործին մոտ թողնելու խնդրանքով:

Ստացվում է, որ հայ քննիչներին նույնիսկ մոտ չեն թողնում Պերմյակովին, եւ բոլոր «արտահոսքերը», որ նա ջուր է խնդրել, խոստովանել է սպանությունը եւ այլն, ռուսական կողմն է անում:

Ռուսական կողմը դեռ պաշտոնական հայտարարություն չի արել, որ համաձայն է համատեղ հետաքննությանը: Դա նշանակում է, որ խոսք չի կարող գնալ ոչ միայն Պերմյակովին հանձնելու, այլ նույնիսկ հայ քննիչներին նրան մոտ թողնելու մասին:

Ի՞նչ է թաքցնում ռուսական կողմը: Եթե խոսքն այն մասին է, որ Պերմյակովը մենակ է գործել եւ իրոք հոգեկան խնդիրներ ունի, ապա ռուսական կողմը պետք է շահագրգռված լինի, որ այդ վարկածը հայ քննիչներն էլ հաստատեն:

Եթե նրանք մոտ չեն թողնում հայ քննիչներին, նշանակում է, որ Պերմյակովն այլ վարկած գիտի: Ամենահավանական վարկածն էլ այն է, որ նա մենակ չի եղել, կամ էլ Պերմյակովը չի եղել, այլ մի խումբ այլ մարդիկ: «Հայկական ժամանակը» այդ վարկածը եւս հիմնավոր առաջ է քաշում՝ հղում անելով, որ գրեթե միաժամանակ 6 հոգի սպանվել է տարբեր սենյակներում, եւ մեկ հոգին չէր կարող դա անել:

Ո՞վ է գնդակահարել խեղճ ընտանիքին: Պերմյակովին հանձնելու ռուսական կողմի ցանկության բացակայությունը հանգեցնում է այն մտքին, որ մի քանի պերմյակով է եղել, եւ ռուսները քաղաքականապես ավելի անվտանգ են համարում մեղքը մեկ հոգու վրա բարդելը, քան խոստովանելը, որ Գյումրիում 1 ամբողջ խումբ է գործել:

Այդ ի՞նչ խումբ է: Վարկածները կարող են շատ լինել: Այդ թվում, կապված շովինիզմի ալիքի հետ, որը համակել է ռուս հանրությանը եւ դրա ամենացածր շերտերին, որոնց Ռուսաստանում «օտմորոզոկ» են անվանում: Կարդալ ավելին