Մոսկվան Երևանի հետ շփումներում ակնկալում է տեղեկատվություն ստանալ այն մասին, թե ինչ նկատի ունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ խոսում է «անվտանգության ոլորտում հարաբերությունները դիվերսիֆիկացնելու» անհրաժեշտության մասին։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ խոսելով ՀՀ վարչապետի՝ ամերիկյան The Wall Street Journal պարբերականին տված հարցազրույցին, գրում է ՏԱՍՍ-ը։
«Այս դեպքում մենք հակված չենք The Wall Street Journal-ին ընկալել որպես առաջնային աղբյուր, ուստի դեռ պետք է հստակ հասկանանք, թե ինչի մասին էր խոսում պարոն Փաշինյանը։ Եվ իհարկե, մեր հայ ընկերների հետ զրույցում ակնկալում ենք ստանալ ամբողջ տեղեկատվությունն ամենի վերաբերյալ: Եվ, իհարկե, Ռուսաստանի և Հայաստանի համար լավ չէ շփվել թերթերի, հատկապես՝ Wall Street Journal-ի միջոցով:
Ուստի մենք շարունակում ենք զրույցը, երկխոսությունը մեր հայ ընկերների հետ, և մենք շարունակելու ենք դա անել, մենք ունենք շատ ծավալուն օրակարգ»,- ասել է Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ ռուսական կողմը շարունակում է ջանքերը, «փորձում է օգնել Բաքվին և Երևանին վերջապես հասնել խաղաղության պայմանագրի կնքման»։
«Դա անհրաժեշտ է տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու և ամբողջ տարածաշրջանում ավելի դրական, ստեղծագործ կենսամակարդակի հասնելու համար»,- ասել է Դմիտրի Պեսկովը։