«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, տնտեսական, ֊քաղաքական գործիչ Երվանդ Թարվերդյանը
– Պարո՛ն Թարվերդյան, ինչպես հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից, հորդառատ անձրևների և առատ տեղումների հետևանքով հունիսի 26-ին Թերգի/Թերեք գետի վարարումից վնասվել է միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրի (չեզոք գոտի) ճանապարհի մի մասը, որի պատճառով ժամանակավորապես արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Տեղյա՞կ եք՝ ինչ իրավիճակ է այժմ Լարսում:
– Հորդառատ անձրևների պատճառով ճանապարհի մի որոշակի հատված ամբողջությամբ փլուզվել է: Հիմա շատ արագ տեմպերով շինարարական աշխատանքներ են սկսում, գնահատական՝ քանի օրում կվերջացնեն, դեռ տրված չէ: Լավագույն դեպքում՝ եթե ճանապարհի անցանելիությունը 1-2, առնվազն 3 օրում վերականգնվի, շատ լավ արդյունք կլինի, որովհետև մի երեք տարի առաջ էլ երբ նման դեպք եղավ, վերանորոգումը 15 օրից ավելի տևեց:
Ընդհանուր շատ տրագեդիկ վիճակ է, որովհետև այսօրվա դրությամբ՝ նախ Հայաստանում այդքան մեքենա չկա, որ կարողանա այդքան գյուղմթերքը բարձի, երկրորդն էլ՝ անիմաստ է, որովհետև բերքն այդքան չի դիմանա, մինչև հասնի շուկա:
Ամենացավալին այն է, որ այդ ծավալի սառնարանային տնտեսություն էլ չունենք, որ կարողանանք այդքան բեռ որոշ ժամանակ պահպանել, ընդ որում՝ սառնարանային պայմաններում էլ մասնավորապես ծիրանը ամբողջովին որակազրկվելու է:
Ցավալի է նաև այն, որ եթե կառավարությունն անգամ սուբսիդավորի գյուղացուն ամբողջ ծիրանը, մեր ձեռնարկություններն ի վիճակի չեն 20-30 հազար տոննան այդքան կարճ ժամանակահատվածում վերամշակել: Շատ վատ վիճակ է, գնահատականները շատ վատ են, ու ցավալին այն է, որ, բացի Լարսից, այլ տարբերակ չունենք:
Լաստանավը, որ պետք է գործարկված լիներ դեռ մայիս ամսվա կեսերից, մինչև հիմա չի աշխատում, օդային փոխադրումները նույնպես անհնար են: Այսօրվա ինքնաթիռները, որ Հայաստանը կապում են Ռուսաստանին, բոլորս լավ գիտենք, որ պատժամիջոցների հետ կապված, փոքր ինքնաթիռներ են գալիս, որոնք բեռնափոխադրման շատ փոքր հնարավորություն ունեն:
Հիմա պետք է փորձեն շատ արագ ավիաբեռնափոխադրումների հարց կարգավորել, հակառակ դեպքում ունենալու ենք անդառնալի խնդիրներ. բերքը ծառի վրա՝ գյուղացին չի իմանալու՝ ինչ անի: Շալախ ծիրանը, իմիջիայլոց, շատերը կարող է առաջարկեն, որ չիր անեն, բայց չրի համար այլ տեսակներ են օգտագործում, շալախը սեղանի ընտիր ծիրան է:
– Խնդիրը միայն ծիրանի՞ արտահանմանն է վերաբերում, թե՞ գյուղատնտեսական այլ ապրանքներ ևս կան:
– Ոչ միայն: Ճանապարհն ամբողջությամբ փակ է, պատկերացրեք՝ ոնց որ փետրվար ամսին երկու շաբաթից ավելի Լարսը փակվեց, ու Հայաստանից ոչ մի բեռնափոխադրում չէր իրականացվում, հիմա էլ նույն իրավիճակն է, այսինքն՝ անհնար է Հայաստանից ՌԴ բեռ գնա, գնում է միայն շատ փոքր քանակությամբ բեռ ինքնաթիռներով:
– Պարո՛ն Թարվերդյան, իսկ տվյալների տիրապետո՞ւմ եք, թե մինչ օրս որքա՞ն ծիրան է արտահանվել:
– Չեմ տիրապետում: Իմ կարծիքով՝ անգամ էկոնոմիկայի նախարարությունն այսօր հստակ թիվ չի կարող ասել, միայն Պետեկամուտների կոմիտեն կարող է հստակ ասել՝ ելնելով իր մաքսային վիճակագրության տվյալներից:
– Ինչի՞ մասին է խոսում փաստը, որ, Լարսից բացի, Հայաստանը բեռնափոխադրումներ իրականացնելու այլընտրանքային ճանապարհ չունի, որ այսպիսի ֆորսմաժորային իրավիճակում մարդիկ փաստի առաջ չկանգնեն:
– 30 տարի այսպես ենք ապրում: Դեռ քովիդի ժամանակ, երբ ավիափոխադրումների վիճակը վատ էր, երբ վարորդների հետ կապված խնդիր ունեինք, եթե չեմ սխալվում՝ 2020 թ. մարտ ամսին վարչապետի մոտ փոքր կազմով խոսակցություն է եղել, որին անձամբ մասնակցել եմ, առաջարկել, որ լաստանավի գործարկում արվի, բեռնատար ավիափոխադրումների պարկ ձեռք բերվի, կամ Ռուսաստանի հետ քննարկվի պարբերական ավիափոխադրումների հարցը:
Մի երկու ամիս առաջ Կառավարությունը հավանություն տվեց և լիազորեց ինչ-որ կազմակերպության, որ լաստանավի գործարկումն իրականացնի, ընդ որում՝ լաստանավն ամբողջությամբ չէր հոգալու ողջ բեռը, իմ հաշվարկով՝ այն հնարավորություն էր ունենալու այս կարճ ժամանակահատվածում 6-7 հազար տոննա միրգ ու բանջարեղեն կամ այլ մթերք արտահանել:
Նախատեսվում էր, որ լաստանավով շուտ փչացող ապրանքները պետք է տեղափոխվեն ՌԴ, սակայն ինչ-որ մեկի անգործության կամ ոչ պրոֆեսիոնալիզմի պատճառով մենք այսօր չունենք լաստանավ: Այսինքն՝ բյուջեն տրամադրվել է, բայց ոչ պրոֆեսիոնալ միջին կամ բարձր օղակի պատճառով այսօր խնդրի առաջ ենք կանգնած:
– Կհաջողվի՞ այլընտրանքային ճանապարհ գտնել, պարո՛ն Թարվերդյան:
– Առաջարկում եմ այդ հարցն ուղղել էկոնոմիկայի նախարարին: Չեմ տիրապետում անհրաժեշտ ինֆորմացիայի ու ինձ իրավունք չեմ վերապահում կարծիք հայտնել: Անձամբ ես ռուսական տարբեր կազմակերպությունների հետ շատ օպերատիվ բանակցություններ եմ վարում այլընտրանք գտնելու համար՝ ընդհանուր տնտեսական գործունեության, ոչ միայն ինձ համար, բայց դեռ արդյունքի չեմ հասել:
– Եթե հաջողվի երթևեկությունը 1-2 օրից վերականգնել, ի՞նչ չափի վնասներ կկրի տնտեսությունը:
– Անհնար է 2 օրվա ընթացքում այդ ճանապարհը բացվի: Ցանկացած սթրես, իսկ սա սթրես է, տնտեսությանը վնաս տալիս է, թե ինչքան՝ շատ բարդ է ասել: Այն, որ այս ընթացքում, մինչև ճանապարհը վերականգնվի, հասունացող բերքը չի հասնելու օտարերկրյա շուկա, որ այդ ընթացքում Հայաստանի ամբողջ տրանսպորտային պարկը չի անելու բեռնափոխադրումներ, եկամուտ չի ակնկալելու, այն, որ այդ ընթացքում մեր բանկային համակարգ գումարներ մուտք չեն գործելու, և գյուղացիները չեն կարողանալու այդ գումարները ստանալ, դա, բնականաբար, վնասելու է, բայց՝որքա՞ն, անհրաժեշտ է մուլտիպլիկատիվ էֆեկտը հաշվել ու գնահատականներ տալ: Ես կարող եմ համակարգը պատկերացնել, բայց վնասը գնահատելու համար չունեմ բավարար ինֆորմացիա:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am