Այսօր երեկոյան Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը արձագանքել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը.
«Հարգելի պարոն Լևոն Տեր-Պետրոսյան, դու այդ խոսքերն ասում էիր 1997 և 1998 թվականին, ասում էիր, որ հնարավոր չէ, պետք է զիջել, ամբողջ աշխարհը մեր դեմ է, Սերգո ջան, լավ չես ապրի, քանի դեռ Ղարաբաղը չենք հանձնել: Դու էս նույն խոսքերը ասում էիր նաև 1998 թվականին: Բայց կյանքը ցույց տվեց, որ երբ քո փոխարեն եղավ այլ իշխանություն, մենք 20 տարի չզիջեցինք և Հայաստանն ու Արցախը զարգացան չզիջելով: Բայց երբ 2018-ին իշխանության եկան քո գաղափարախոսության կրողները և հոգեզավակները, Արցախի 72 տոկոսը տվեցին: Հիմա ժամանակն է, որ սրանք հեռանան, որպեսզի կարողանանք փրկենք: Հետևաբար որևէ մեկը, այդ թվում՝ դու և Նիկոլը, մեր վզին որևէ բան չեք կարող փաթաթել»:
Արձագանքելով Փաշինյանի հետ հանդիպելու մասին Տեր-Պետրոսյանի առաջարկին, Սաղաթելյանը ասել է. «Պարոն Տեր-Պետրոսյան, ազգակործան պատուհասի հետ մենք սեղան նստելու հարց չունենք: Մենք իր հետ ունենք մեկ օրակարգ՝ խաղաղ, անցնցում հեռացում»:
Նշենք, որ առաջին նախագահը իր հայտարարության մեջ նկատել էր. «Ով էլ լինի Փաշինյանի փոխարեն՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ թեկուզ՝ Իշխան Սաղաթելյանը, միևնույն է՝ նրանք հլու-հնազանդ ընդունելու են այն լուծումը, ինչը փաթաթվելու է Հայաստանի վզին: Խնդիրն, ըստ այդմ, Հայաստանի ղեկավարի անձից կախված չէ: Եթե այս պարզ ճշմարտությունը չհասկացվի, և մեր երկրի ներքաղաքական ցնցումները շարունակվեն, ապա մեզ պարտադրվող լուծումները շատ ավելի ցավոտ են լինելու, անկախ այն հանգամանքից, թե Փաշինյանը կամ մեկ ուրիշը կստորագրի վերջնական փաստաթուղթը»